Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման հարցում «որոշակի գործընթաց պետք է սկսել», – ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Արմենպրեսի» հետ զրույցում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան սահմանազատման հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին և Երևանին և սպասում է շուտափույթ պատասխանի։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրադրությանը։ Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝Որոտան գյուղի մոտ, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը, հետագա սահմանագծմամբ՝ դրա ողջ երկայնքով»,- ասել է Զախարովան։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան զուգահեռաբար շարունակելու է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքերը՝ «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու ուղղությամբ՝ բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների իրագործման շրջանակներում»։