Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է Երևանում գործող «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեության կասեցման մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կենտրոնում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել։ ՍԱՏՄ կառույցում վերահսկողական միջոցառումներ էր սկսել 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Այսպես, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:
Նշենք, որ կենտրոնը պատկանում է անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին։
Բացի դա, կենտրոնը գրանցված չի եղել նաև ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, որի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100 հազար դրամի չափով: Մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Երկու օր առաջ զարգացման կենտրոնի 10 սաներ՝ 8-ից 11 տարեկան, տեղափոխվել էին հիվանդանոց՝ սննդային թունավորման կասկածանքով։ Կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից նմուշներ են վերցվել՝ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքների մասին Տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի։