Home / Հայաստան / Կկառուցվի Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին

Կկառուցվի Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը՝ կառավարության նիստին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Երկաթուղով, ըստ Փաշինյանի, Հայաստանը հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, Ադրբեջանը՝ Նախիջևան։

«Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել և արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Այսինքն, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի», – նշել է վարչապետը և հավելել՝ «Մեր մտադրությունն է և ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին»։

Ըստ Փաշինյանի՝ երկաթուղին էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը:

Պաշտոնյան հիշեցրել է, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում և արձանագրվել նոյեմբերի 26-ին՝ Սոչիում իսկ, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, «այս ամեն ինչն արձանագրվեց»:

Հիշեցնենք՝  Բրյուսելում՝ Միշելի և Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Ալիևը հանդիպել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ում հետ համատեղ ասուլիսի ընթացքում «Զանգեզուրի միջանցքը» համեմատել էր «Լաչինի միջանցքի» հետ և հայտարարել՝ Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր, հետևաբար՝ դրանք չպետք է լինեն նաև Զանգեզուրի միջանցքում․ եթե Հայաստանը պնդի մաքսակետերի տեղադրումը, նույնը կանի նաև Ադրբեջանը։ (Դեռ եռակողմ բանակցությունները չսկսած) Փաշինյանը հակադարձել էր՝ Ադրբեջանի նախագահի տարած զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար և աղերս չունեն մինչ օրս եղած քննարկումների հետ։

Հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, որ երկաթուղու մասով կա պայմանավորվածություն, սակայն կողմերը փոխհամաձայնության չեն հասել ավտոմոբիլային հաղորդակցության բացման հարցում։