ԱԳՆ․ Բաքուն շարունակում է սպառնալ և սադրել
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթին և կոչ անում Բաքվին «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը»:
«Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ասված է արտաքին գերատեսչության հայտարարությունում։
Երևանը հիշեցնում է՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններից որևէ մեկում «միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա»։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ», – ընդգում է ԱԳՆ՝ շեշտելով՝ Հայաստանը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը։
Ալիևը պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել
Իլհամ Ալիևը երեկ Ղաբայի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանից պահանջել է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել:։
«Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը հաջորդում է ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մոսկովյան բանակցություններին, որոնց ավարտին կողմերը միասնական հայտարարությամբ հանդես չեկան, ՌԴ նախագահն էլ հայտարարեց, թե կոնկրետ որոշումներ են կայացվել, որոնք կհրապարակվեն փոխվարչապետերի մոսկովյան հանդիպումից հետո: Փոխվարչապետների հանդիպումից հետո, սակայն, ոչինչ չհրապարակվեց։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն ավելի ուշ հայտարարեց՝ եռակողմ հանձնաժողովի ընդհատված նիստն առաջիկա օրերին կշարունակվի։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ պարզաբանեց՝ նախորդ նիստին կողմերին չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել։
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ համաժողովի շրջանակում հրաժարվեց հանդիպել հայաստանցի գործընկերոջ հետ՝ որպես պատճառ բերելով Հայաստանի ԱԺ պատգամավորների այցը Ստեփանակերտ։