Հնդկաստանի արտգործնախարարը երեկ ժամանել է Երևան․ Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպել է Հայաստանի վարչապետի և ԱԺ նախագահի, այսօր՝ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Դիվանագետների փակ հանդիպմանը հաջորդել է համատեղ ասուլիսը․
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից և հավելել, որ Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար։
«Մենք համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում։ Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները՝ զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների բնագավառում։ Քննարկել ենք նաև փոխադարձ չվերթների հավանականության հարցը», – նշել է Ջայշանկարը:
Երկու երկրների գլխավոր դիվանագետները խոսել են նաև տարաաշրջանի նոր ենթակառուցվածքների և տրանսպորտային ճանապարհների՝ մասնավորապես Հյուսիս-Հարավ և Պարսից Ծով-Սև ծով միջանցքի մասին։
«Մեզ համար տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են և գերակայություն է տրվում դրանց։ Նաև գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը դրանում, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է։ Կապակցվածությունն այսօր շատ կարևոր հարց է միջազգային հարաբերություններում։ Մենք բոլորս ավելի մեծ կապակցվածության կարիք ունենք, որովհետև նոր արտադրողական կենտրոններ են ի հայտ գալիս աշխարհում», – ասել է Հնդկաստանի արտգործնախարարը։
Միրզոյանը պատասխանել է․
«Մենք բնականաբար անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, դա վերաբերում է նաև Հյուսիս-հարավ միջանցքին։ Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ տեղի ունեցող վերջին դրական զարգացումները, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»։
Ադրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ջայշանկարը վերահաստատել է Դելիի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում հարցի խաղաղ հանգուցալուծմանը՝ առանց ուժի կիրառման։
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Նյու Յորքում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել նորից հանդիպելու և նշել, որ նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի ակտիվացումը Հարավային Կովկասում հիմնականում կապվում է հետպատերազմական պրոցեսների հետ, որոնք առնչվում են տրասնապորտային միջանցքների մի քանի նախագծերին և մեծ երկրների՝ որոշակիորեն հակադիր շահերին։