Պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ Իրան-Հայաստան նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում։
Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին հարցազրույց է տվել «Իրան-Հայաստան Բարեկամություն» էջին։
«Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակությունն, իմ գլխավորությամբ, Հայաստան է ժամանել։ Պատվիրակության նպատակն է Հայաստանի պատկան մարմինների հետ ուսումնասիրել այն դժվարությունները, որոնք ստեղծվել են Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենաների համար։
Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները որքան հնարավոր է շուտ այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն», – ասել է իրանցի պաշտոնյան։
Ըստ նրա՝ Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի, իրանական պատվիրակությունը այցելել է այդ ճանապարհը և պատրաստ է աջակցել Հայաստանին՝ այն կառուցելու հարցում, պատրաստ է տրամադրել ինժեներատեխնիկական իր հնարավորությունները։
Իրանը պատրաստ է օգնել նաև «Հյուսիս-Հարավի» հարցում
«Հայաստանը նաև կառուցում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը, որն սկսում է Իրանի սահմանից և հասնում մինչև Վրաստանի սահման։ Ինչքան գիտեմ, հյուսիսային մասում մեծ գործ է արվել և հուսով եմ՝ հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի։ Մենք պատրաստ ենք նաև այս կապակցությամբ համագործակցել Հայաստանի հետ։ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում և մեր կապալառուները պատրաստ են իրենց փորձը տրամադրել Հայաստանին», – ասել է իրանցի փոխնախարարը։
Նախօրեին աշխատանքային այցով Իրան էր մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․ Իրանի ԱԳ նախարարի հետ նա, ըստ հաղորդագրության, քննարկել է «երկու երկրների միջև տրանսպորտային տարանցման մարտահրավերները»։
Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում, հիշեցնենք, արդեն երեք շաբաթ է` ադրբեջանական անցակետ է տեղադրված․ ճանապարհի այդ հատվածով անցնելու համար իրանցի բեռնատարների վարորդներից գումար է գանձվում, ստուգվում է նաև նրանց փաստաթղթերը։ Ադրբեջանը վերջիններիս մեղադրում է նաև Ղարաբաղ վառելիք մատակարարելու մեջ։ Շուրջ մեկ ամիս առաջ՝ Գորիս-Կապանի ճանապարհահատվածում Ադրբեջանի կողմից կալանավորված երկու վարորդների վերաբերյալ արդեն շաբաթներ է, ինչ որևէ նորություն չի հաղորդվում։