Home / Շուկա / Հայաստանով դեպի Նախիջևան միջանցքի հարց չի քննարկվում․ Օվերչուկ

Հայաստանով դեպի Նախիջևան միջանցքի հարց չի քննարկվում․ Օվերչուկ

Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան միջանցք բացելու հարցը եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում, այլ «քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»՝ հայտարարել է եռակողմ հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է՝ երկաթգծերի վերականգնման մասով լուծումներն այժմ տեսանելի են (խոսքն այն երկաթգծերի մասին է, որոնք ժամանակին եղել և գործել են). «Այդ մասով ավելի շատ կենտրոնացված ենք իրավական լուծումների վրա՝ սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ…»։

Օվերչուկը Երևանում է. նա հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և մասնակցել Armenia Business Forum-ին՝ հատուկ ելույթով։

«․․․Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ՝ եռակողմ խմբի աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ Դուք այդպիսի մեծ հետաքրքրվածություն եք դրսևորում այդ հարցում: Մեզ համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որն ընդհանրապես նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։ Սա նաև մեր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի», – նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ռուսաստանցի իր հյուրին։

Օվերչուկն իր, հերթին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել՝

«․․․Առավոտվանից արդեն մենք կլոր սեղանների շարք ենք անցկացրել, որտեղ հավաքվել են հայաստանյան և ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչները: Մհեր Հերբերտիի հետ այսօր շրջել ենք բոլոր կլոր սեղաններով, իսկ դրանք կլոր սեղաններ են ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության, նորարարությունների զարգացման հարցերով: Ամենակարևորը շփումներն են, որ տեղի են ունենում՝ կան պատկերացումներ ինչ-որ նախագծերի շուրջ, դրանց հաջորդում են քննարկումները և կապերի հաստատման մտադրությունները: Այսինքն՝ սա ապագային միտված աշխատանք է, և դա ողջունելի է. հենց այդ նպատակով էլ մենք եկել ենք՝ կապերը վերականգնելու և առավել սերտացնելու, բարելավելու համար․․․»:

Պաշտոնյաների միջև, ըստ հաղորդագրության, «մտքերի փոխանակություն է ծավալվել երկուստեք նշված հարցերի շրջանակի շուրջ»:

Արդեն Armenia Business Forum-ի շրջանակներում ունեցած իր ելույթում Օվերչուկը նշել է, որ Երևանն ու Մոսկվան միասին կարող են հաղթահարել գլոբալ մարտահրավերները, ինչպիսին, օրինակ, համավարակն է։

«Այս տարվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք դրական արդյունքներ համատեղ առևտրի շրջանակներում՝ 17 տոկոսից մի փոքր ավելին», – ընգծել է Օվերչուկը և հավելել, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ և սոցիալական ենթակառուցվածքների համար։