Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով։
«Եթե Հայաստանի վարչապետն ուզում է հանդիպել ինձ հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է նախագահը։
Էրդողանը նշել է, որ Անկարան փակ չէ հանդիպման համար և հույս հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա դժվարությունները «կարող են հաղթահարվել Զանգեզուրի միջանցքի բացումով»։
Թուրքիայի և Հայաստանի առաջնորդները, հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում փոխանակվում են հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հնարավորության մասին հայտարարություններով։
Դեռևս օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական է թշնամության մթնոլորտի կառավարումն ու հաղթահարումը, հավելելով, որ դրական ազդակներ են ստացվել Թուրքիայից՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Օգոստոսի 29-ին արդեն էրդողանը հայտարարեց՝ ««Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»։
Իսկ սեպտեմբերի 7-ին Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության։