Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսի հետ հանդիպմանն, ի թիվս այլի, քննարկվել է նաև «Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովման» և «տարածաշրջանային կապուղիների զարգացման» հեռանկարը, որտեղ առանցքային նշանակություն կունենա «Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը»։
Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն առավոտյան ուղևորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Հանդիպմանն, ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Ռայիսին հայտարարել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի համար ունի առաջնային նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։
«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը», – նշել է Փաշինյանը․․․
Հյուսիս-Հարավ մայրուղի, Մեղրի, Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապ
Հայաստանի և Իրանի ղեկավարները, ինչպես հայտնում է վարչապետի գրասենյակը, քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։
Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։
Տարածաշրջանում խաղաղության պահպանումը
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, և հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին Էբրահիմ Ռայիսին վարչապետ Փաշինյանին մաղթել է ուժ, եռանդ և կորով՝ Հայաստանի զարգացման ու նպատակադրումների իրականացման գործում։
Փաշինյանը Ռայիսիին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։