Հայաստանի օմբուսմեն Արման Թաթոյանը հայտարարեկ է՝ կիսում է իրավապաշտպանների և Freedom House-ի մտահոգությունները՝ կապված Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ։
Իրավապաշտան կազմակերպությունների արձագանքները, Թաթոյանի դիրքորոշմամբ, «պետք է պատշաճ հաշվի առնվեն և դառնան քրեական հետապնդման մարմինների լրացուցիչ քննարկման առարկան»:
«Այս առումով իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ», – ասված է ՄԻՊ հայտրարության մեջ։
Պաշտպանը խոստանում է, որ «լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն»:
Հիշեցնե՛նք, քաղտեխնոլոգ, ազգությամբ հայ Նարեկ Մալյանի մատնության հիման վրա ԱԱԾ-ն քրգործ է հարուցել և մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը Իրաքուն գործող եզդիական լրատվականի հետ զրուցում խոսել է Հայաստանում եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, եզդիների ունեզրկման, խտրականության մասին։ Ազգային փոքրամասնության ներկայացուցչի կողմից սեփական համայնքի խնդիրների բարձրաձայնումը հայաստանյան ԱԱԾ-ն փաստացի որակել է որպես «ազգային թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»։
Իրավապաշտան կազմակերպությունների կոշտ քննադատություններից հայաստանյան իրավապահները որոշել է պաշտպանվել հարձակմամբ։
«Ս. Սուլթանյանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով», – կարծիք է հայտնել դատախազությունը։ Քրեական հետապնդումը հիմնվում է այս կարծիքի և «ձեռք բերված բավարար ապացույցների վրա», որոնք բովանդակությունը, ի վերջո, հանգում է հարցազրույցի կամայական մեկնաբանմանը։
Հայաստանի ՄԻՊ կարծում է, որ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով, և հիշեցնում՝ «եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում», դա դեռ չի նշանակում, որ նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ։
«Նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել Կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները»: