Քաղտեխնոլոգ, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, ազգությամբ հայ Նարեկ Մալյանը, ով հեղափոխությունից հետո աչքի է ընկնում հակակառավարական ակցիաներով, քաղաքական սադրանքներով և «սորոսականների» ու «այլասերվածների» դեմ «ազգապահպան» իր գործունեությամբ, հայտարարել է, որ իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով դիմելու է ԱԱԾ։ Սուլթանյանն իր հարցազրուցներից մեկում խոսել է եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, խտրականության, եզդիների ունեզրկման, ազգայնականության և ազգային փոքրամասնությունների ստորադասման մասին։ Ազգային փոքրամասնության ներկայացուցչի կողմից սեփական համայնքի խնդիրների բարձրաձայնումը տիտղոսային ազգի ներկայացուցիչ Նարեկ Մալյանը որակել է որպես հայերի և եզդիների միջև «թշնամանքի հրահրում» և մտադիր է դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ եզդի իրավապաշտպանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նախագահ Սաշիկ Սուլթանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մալյանի «մեղադրանքներին»։
— Երկու օր է Նարեկ Մալյան անունով օգտատերը գրառումներ է կատարում, հայտարարելով, որ ես՝ լինելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավարը, ֆինանսավորվում եմ «Սորոսի գրասենյակի» կողմից և «հրահրում եմ ազգային թշնամանք եզդիների ու հայերի միջև»: Այս տեսակետները հեռարձակվում են նաև մի քանի հեռուստաալիքներով:
Այս օգտատերը համագործակցում է մի քանի հետադիմական հայացքներ ունեցող եզդիների հետ, ովքեր բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կենտրոնում են և ներկայումս մեր կողմից պատրաստվող հետաքննական նյութերի հերոսներ են հանդիսանում։
Որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը,որ
1.Ես հարցազրույցներ եմ տալիս և նշում, որ Հայաստանում եզդիները խնդիրներ ունեն
Այո՛, եզդիները Հայաստանում խնդիրներ ունեն: Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, և խնդիրների մասին չխոսելու դեպքում մենք չենք կարող լուծել դրանք: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նպատակն այդ խնդիրների բարցրաձայնման և լուծման միջոցով ավելի ժողովրդավար, ավելի ներառական Հայաստանի կառուցումն է:
2.Մենք ֆինանսավորում ենք ստացել «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանից»
Ինչպես բոլոր հասարակական կառույցները մեր կանոնադրական նպատակների իրականացման համար մենք ֆինանսավորում ստանում ենք անդամավճարների, նվիրատվությունների և դրամաշնորհների տեսքով: Մենք ծրագրերի համար ֆինանսական օժանդակություններ ենք ստանում նաև Equal Rights Trust, European endowment for democracy, Prague Civil Society Center կազմակերպություններից ու այլ անձանցից ու կազմակերպություններից, որոնք կիսում են մեր գաղափարները և աջակցում են մեզ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում:
«ԲՀՀ-Հայաստան»-ի օժանդակությամբ մենք հիմնել ենք երիտասարդական ակումբ մարզերից մեկում ՝ եզդիական ինքնությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունների երիտասարդներին իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով, ինչի համար մեր գործընկերներից շնորհակալ ենք:
Հ․Գ․1 Մալյանը հայտարարել է, որ դիմելու է ԱԱԾ՝ իմ նկատմամբ «ազգային կրոանական թշնամանք» հարուցելու հիմքով քրեական հետապնդում սկսելու նպատակով: Անհամբեր սպասում եմ:
Հ․Գ․2 Մալյանի հետ աշխատող ռեգրեսիվ կոռուպցիոներները «քաշում են» վերջինիս՝ տրամադրելով անորակ թարգմանություններ Գտեք նորմալ թարգմանիչներ, պրոֆեսիոնալիզմը միշտ կարևոր է, հատկապես երբ խոսքը քրեական գործի մասին է:
Վերջին օրերին ակտիվացել են նաև որոշ եզդիական կառույցների ղեկավարներ, ովքեր առաջնային համարելով օրվա իշխանությունների նկատմամբ լոյալությունը՝ տարիներ շարունակ խոսել են փոքրամասնության անունից՝ պարտակելով եզդիական համայնքների խնդիրները։ Այս առումով ուշագրավ է, օրինակ, Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի ակտիվությունը, ով հարցազրույցներ է տալիս՝ գրեթե բառացիորեն կրկնելով Մալյանի հնչեցրած «մեղադրանքները»: Սա առաջին դեպքը չէ, երբ Թամոյանը թիրախավորում է խնդիրները բարձրաձայնող եզդիներին։