հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Մալյանի և լիբերալիզմի մասին

Մալյանի և լիբերալիզմի մասին

Կորոնավիրուսը չափից ավելի հաճելի զգացող միջազգային նեոլիբերալ վերնախավի համար տհաճ հիշեցում էր: Բայց դրանից ավելի տհաճ հիշեցում էր աջ և ձախ պոպուլիզմը:

Այս լույսի տակ Մալյանի պռովոկացիաները, հակասոռոսական ելույթները ինձ մտահոգիչ են թվում: Կորանավիրուսը ցույց տվեց լիբերալիզմի, ազատության գաղափարի փխրունությունը, քանզի համաճարակի դեմ պայքարի հիմնական միջոցը համարվեց տեղափոխվելու, շարժվելու ազատության սահմանափակումը: Համաճարակը ամենուր հարցի տակ դրեց մարդու ազատության սկզբունքները, բայց նաև նեոլիբերալիզմի շուկայական տոտալիտարիզմը: Մի կարճ ժամանակում իշխանությունը շուկայից անցավ բացարձակ պետական իշխանությանը:

Կորանիվիրուսը խթան հանդիսացավ դավադրությունների տեսության աննախադեպ տարածման համար։ Ոնց չհիշես Բեթհովենի այն պիեսը, որտեղ ասվում է՝ առնետը իմ հետ է: Իսկ կորոնավիրուսը գլոբալացման հետ է: Մարդկանց շարժի հետ տարածվում են տեխնոլոգիաներ, մշակույթներ, նոր գաղափարներ, բայց նաև քսենոֆոբիան, կրոնական և մշակութային անհանդուրժողականությունը, ահաբեկչությունը: Լավը տարածվում է, բայց մենք տարածում ենք նաև մշակութային և կրոնական առնետներ և վիրուսներ: Այժմ նաև՝ մեր հիվանդությունները:

Կորոնավիրուսը կարող է տարածվել ամենուր, այն գլոբալ աշխարհի դեմ վրեժն է: Դա գեղեցիկ արտահայտություն չէ: Երբ կորոնավիրուսը տարածվում է մի ինչ-որ երկրում, նա միայն հիվանդություն չի բերում, այլ նաև կասկածամտության, դավադրության տեսության սաղմեր է սերմանում: Ո՞վ է ստեղծել այդ վիրուսը՝ ամերիկացիները, չինացիները, ռուսները, թե՞ … Հավանաբար դժվար է համոզել մարդկանց, որ Սորոս քննադատելով այս լրջագույն մարտահրավերը չես հասկանա:

Ես կուզենայի խոսել նրանց մասին, ովքեր այս ճգնաժամային պահերին իրենց լքված և մերժված են զգում: Ու իրենց համեմատում են ապահովված, պաշտպանված խավի հետ:

Ամեն մի ազգ իր, պատմականորեն ձևավորված քաղաքական կոնֆիգուացիան ունի: Իր մշակութային և սոցիալական պատկերը: Հայկական կյանքը իր քաղաքական կոնֆիգուացիան ունի: Դա ընտանիքի գոյատևումն է: Դա ինչ-որ հավերժական սկզբունք չէ, այդ գաղափարը մեր մեջ սերմանել է Էջմիածնի Հայ առաքելական եկեղեցին:

Գոյատևումը՝ դա զուտ բիոլոգիական կյանքն է: Ընտանիք, երեխաներ, ապրուստ: Կրոնը, մեր հայերիս դեպքում, Էջմիածնի Հայ առաքելական եկեղեցին, վաղուց այս երրորդությունն է պաշտում:

Կան բաներ, որ մարդուն դուրս են բերում այս երորդության շրջանակից՝ գրականություն, արվեստ, գիտություն: Դրանք այն ուժերն են, որ մեզ դուրս են բերում կենցաղային շրջանակից և կյանքին իմաստ են տալիս:

Մարդը հնազանդ բանող եզ չէ:

Հայաստանի կապիտալիստական վերակառուցումը մեզ վերադարձրեց Էջմիածնի Հայ առաքելական եկեղեցու պրիմիտիվ սուրբ երրորդությանը՝ ընտանիք, երեխաներ, ապրուստ: Այնպես չէ, որ դրանք ամենակարևորը չեն: Ամենակարևորն են, բայց ունենալ հնարավորություն արվեստի, գրականության, գիտության համար՝ հենց դա է լիարժեք մարդկային կյանքը:

Գոյատևումը սկզբունք դարձրած երկու համայնք գիտեմ՝ հայերը և հրեաները: Հրեական կրոնը սովորեցնում էր․ գոյատևեք, հետո Եհովան/Յահվեն կօգնի, կհայտնվի փրկիչ և այլն: Հայկական կրոնական պատկերացումները նույն աղբյուրը ունեն:

Հայաստանը և հայությունը փրկելու լիբերալ նախագիծը թվում է այլընտրական է: Փրկելու համար հարկավոր է արդիականացվել/ մոդեռնացվել: Հայկական կյանքը պիտի վերակառուցվի մոդեռնի սկզբունքներով: Կային ռոմանտիկներ, որոնք փորձում էին պաշտպանել հայ գյուղացիությանը արդիականացումից: Ու այդ միտումի ոխերիմ թշնամիներն, ըստ մոդեռնի տեսաբանների, գեղցիներն են, ռաբիզները և քյառթուները:

Յուրգեն Հաբերմասը, իր մտահոգությունը հայտնելով դեմոկրատացման ընթացքի համար, առաջ քաշեց հետ- աշխարհիկացման դրույթը: Հայկական կոնտեքստում դա նշանակում է՝ ես չեմ կարող առաքելականների, եհովականների, խարիզմատիկների հետ խոսել դեմոկրատիայի մասին, քան կրոնի դիսկուրսի միջոցով: Բայց հարկավոր է խոսել նաև գեղցիների, ռաբիզների և քյառթուների հետ: Բա այստեղ ի՞նչ դիսկուրս է հնարավոր:

Ես, այնպես չէ, որ մերժում եմ լիբերալ դիսկուրսը, բայց այդ դիսկուրսը Մալյանին  կամ նրա նմաններին բան չունի ասելու: Նրանք լուզերներ են, որ պիտի բացառվեն: Որպես լիբերալ, իհարկե, նրանք իրավունք ունեն մերժելու մալյականներին որպես անհանդուրժող խոսք: Այդպիսի խոսքը քայքայում է հասարակությունը, հրահրում քաղաքացիական պատերազմ:

Բայց ի՞նչ անենք ներառականության հետ: Հարցը, որ ամենից ցավոտ է արդիականացման/ մոդեռնացման խնդիրներում. Ի՞նչ անել մոդեռնացմանը ընդդիմացող այդ մարդկանց հետ: Ստալինը խնդիրը պարզ լուծեց. նրանք իմ թշնամի Տրոցկու համախոհներն են:

Մալյանի նմանները լուզերներ են, նրանք գլոբալ շուկայում նույն շանսերը չունեն, ինչ լիբերալ ձեռնարկատերերը: Նրանք իրենց խաղադրույքը դրել էին ազգայինի, ավտորիտարի կամ եսիմ ինչի վրա: Ի՞նչ է լինելու գաղափարական, տնտեսական, քաղաքական լուզերների հետ…

Բայց ինձ խնդիրը ավելի մտահոգիչ է թվում. մալյանականները որքան էլ ծառայում են հետադիմական, բռնատիրական ուժերին, բայց իրավունք ունեն հարցնելու. իսկ մե՞նք, որ ավելորդ ենք լիբերալ ուտոպիայում, մեր հետ ի՞նչ կլինի: Մենք ապագա ունե՞նք: Եվ ո՞ւր գնանք…

Վարդան Ջալոյան