Home / Մարզեր / Նոր ձերբակալություններ Բելառուսում

Նոր ձերբակալություններ Բելառուսում

Բելառուսում օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ բողոքի ակցիաների և ձերբակալությունների շարքը շարունակվում է։ Թեկնածուների գրանցումը պաշտոնապես ավարտվում է հուլիսի 14-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել ընդդիմադիր թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունների մեծ մասը։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է առաջադրվել վեցերորդ անգամ։

– Վիկտոր Բաբարիկոյի նախկին օգնականը ձերբակալվել է հարկերից խուսափելու մեղադրանքով:

«Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ, նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն ու նրա որդին՝ Էդուարդ Բաբարիկոն, ձերբակալվել են հունիսի 18-ին՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։ Հունիսի 29-ին Amnesty International իրավապաշտպանական կազմակերպվությունը նրանց նկատմամբ հետապնդումը որպես քաղաքական է որակել։

Բաբարիկոյի նախկին օգնական Եկատերինա Կարագաչևան մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, այս մասին TUT.by֊ին հայտնում է փաստաբան Վլադիմիր Սոզոնչուկը։

Ելենայի ամուսնու խոսքով, կինը Բելգազպրոմբանկում աշխատել է ավելի քան 20 տարի, իսկ վերջին երկու տարում Բաբարիկոյի օգնականն էր․ կազմակերպում էր գործուղումները, աշխատանքային ծրագրեր էր կազմում և այլն։

– Ոստիկանությունը բերման է ենթարկել Մինսկում և Բոբրույսկում կազակերպված սոլիդարության հեծանվաերթերի մասնակիցներին։

Հուլիսի 9-ին Մինսկում ոստիկանությունը բերման է ենթարկել սոլիդարության հեծանվաերթի մասնակից Անդրեյ Բորովսկուն, գրում է «Мая краiна Беларусь» տելեգրամ ալիքը։

Եվս մեկ հեծանվորդ ձերբակալվել է Մինսկի ավտոկայանում։

Սոլիդարության հեծանվաերթ կազմակերպվել էր նաև Բոբրույսկում, որտեղ ոստիկանությունը ձերբակալությունները բացատրում էր գողացված հեծանիվի որոնողական աշխատանքներով։

– Ուժայինները կալանավորել են Ֆինանսական հետաքննությունների բաժնի նախկին պետին։

Պետական վերահսկողության կոմիտեի Ֆինասնական հետաքննությունների բաժանմունքի (ՖՀԲ) նախկին տնօրեն Անատոլի Գրոմովիչին ձերբակալել են «Բելգազպրոմբանկի գործով»։

Գրոմովիչը ՖՀԲ նախագահ եղել է 2002-2006 թվականներին։ 2009-ին իրավապահ մարմինների ևս 35 ներկայացուցիչների հետ անցնում էր մաքսանենգության հետ կապված գործով։ 2011 թվականի նոյեմբերին դատարանը գործի 25 ֆիգուրանտների՝ այդ թվում Անատոլի Գրոմովիչին, անմեղ ճանաչեց։ 2012 թվականից անդամակցում է «Ստարբանկի» տնօրենների խորհրդին։

Բելգազպրոմբանկում ձերբակալությունները սկսվել են հունիսի 11-ին։ TUT.by֊ի տվյալներով կալանավորվածներից 20-ը գտնվում են Պետական անվտանգության ծառայության մեկուսարաններում։

– Քրեական գործ է հարուցվել ակտիվիստ Սերգեյ Սպարիշի նկատմամբ։

Նիկոլայ Ստատկևիչի չգրանցված «Ժողովրդական գրամադա» կուսակցության ակտիվիստ Սերգեյ Սպարիշը մեղադրվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ միջոցառումների կազմակերպման կամ դրանցում ակտիվ մասնակցության մեջ, հայտնում է «Վյասնա» իրավապաշտպանական կազմակերպությունը։

«Վյասնան» կարծում է, որ Սպարիշի ձերբակալությունը կարող է կապված լինել Սվելտլանա Տիխանովսկայայի համար մայիսի 29-ին Գրոդնոյում կազմակերպված ստորագրահավաքի հետ։

Նախընտրական քարոզարշավի սկզբից սկսած նույն հոդվածով մեկուսարաններ են տեղափոխվել նվազագույնը 18 քաղաքացիներ։

Քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկևիչին և բլոգեր Դմիտրի
Կոզլովին մեղադրանք է առաջադրվել։

Նիկոլայ Ստատկևիչին և բլոգեր Դմիտրի Կոզլովին, ով վարում է «Գորշ կատու» («Серый Кот») յութուբի ալիքը, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին մասով՝ հասարակական կարգի կոպիտ խախտմամբ միջոցառումների կազմակերպում կամ դրանցում ակտիվ մասնակցություն, այս մասին հայտնել է փաստաբան Վլադիմիր Սոզոնչուկը, նշելով, որ երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունել։

Ստատկևիչը բերման է ենթարկվել մայիսի 1-ին՝ Կոմարովի կամրջի մոտ կազմակերպված պիկետի ժամանակ։ Երկու անգամ դատապարտվել է 15 օրվա ազատազրկման։

Դմիտրի Կոզլովը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ «Եվրոպական Բելառուս» կուսակցության ակտիվիստների հետ համատեղ։ Հունիսի 12-ին դատարանը նրան 20 օրով կալանավորելու որոշում է կայացրել։

Պավել Սևերինեցին արդեն հինգերորդ անգամ դատապարտում են 15 օրվա ազատազրկման։

Միսնկի Խորհրդային շրջանի դատարանը վճռեց Պավել Սևերինեցին 15 օրվա ազատազրկման դատապարտել հունիսի 7-ին Կոմարովի շուկայի ցույցերին մասնակցելու կոչերի համար։ Ավելի վաղ Սևերինեցը 15 օր անազատության մեջ էր անց կացրել այդ ակցիայի մասնակցելու համար։

– Անարխիստ Դմիտրի Պոլիենկոյին 15 օրով ձերբակալել են՝ կաթսայով նկարի համար

Մինսկի Պերվոմայսկի շրջանի դատարանը վճռել է 15 օրվա կալանքի դատապարտել անարխիստ Դմիտրի Պոլիենկոյին՝ ոչ արտոնված միջոցառման անցկացման կոչ անելու մեղադրանքով։

Այդպիսի արձանագրության պատճառ էր դարձել լուսանկարը, որը Պոլիենկոն հրապարակել էր ֆեյսբուքի իր էջում։ Նկարում կաթսա էր երևում, ինչը կապվում էր երեկոյան պատուհաններից աղմկելու ֆլեշմոբի հետ։

Դատական պրոցեսն անհեթեթ համարելով, Պոլիենկոն դուրս է եկել դատարանի դահլիճից ու սպասել միջանցքում, որից հետո ոստիկանները նրան ոստիկանական մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ, հետո հետ բերել՝ ավելացնելով իրավապահ համակրգի ներկայացուցչին վիրավորելու մեղադրանքը։ Ակտիվիստը նշել է, որ ոստիկանական մեքենայում իրեն ծեծի են ենթարկել։