Այսօր Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում համերաշխության ակցիա է կազմակերպվել, ի պաշտպանություն Բելառուսի քաղբանտարկյալների։ Ցույցի մասնակիցները հավաքվել էին Իսրայելում Բելառուսի դեսպանատան մոտ, հաղորդում է «Տիպիչնայա Բելառուս» տելեգրամ ալիքը։
Պիկետի մասնակից Բերիս Դավիդ Բալտեն «Խարտիա 97»–ին հայտնել է, որ ակցիային մասնակցել է ավելի քան 150 քաղաքացի։ Մասնակիցները բելառուսական հայրենասիրական երգեր են երգել դեսպանատան դիմաց։
https://www.facebook.com/100009429186141/videos/2895594027431542/?t=1
Եվս մեկ սոլիդարության ակցիա է կազմակերպվել իսպանական Մալագա քաղաքում։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մալագայում բնակվող բելառուսցի Դիանա Սոլովեցը․ «Այստեղ բելառուսները շատ չեն, բայց մենք աջակցում ենք նրանց, ովքեր կարևոր են մեզ համար։ Շարունակե՛ք, մենք ձեզ հետ ենք»։
https://www.facebook.com/diana.solovets/videos/3396701437020492/?t=0
Ավելի վաղ Բելառուսում շարունակվող ցույցերի հետ կապված համերաշխության ակցիաներ են կազմակերպվել Նյու Յորքում, Վարշավայում, Բեռլինում, Հաագայում, Մոսկվայում, Կիևում։
Բելառուսում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև The Washington Post ամսագիրը։
«Լուկաշենկոն լեգենդար երեսպաշտ է, ով գործում է «և՛ ձերոնց, և՛ մերոնց» սկզբունքով, ով փորձում է բալանսավորվել Արևմուտքի և Արևելքի միջև։ Նա ընտրակեղծարար է, ով բազմիցս «նախագահական ընտրություններ» է բեմադրել, տխրահռչակ բռնապետ, ով չի հանդուրժում այլակարծությունը։ Այս ամենի շնորհիվ նա իշխող պաշտոններ է զբաղեցնում արդեն քառորդ դար»,- գրում է ամսագիրը։
Այս ընթացքում համացանցում շարունակվում են ավելի վաղ մեկնարկած ֆլեշմոբերը։ Տարբեր մասնագիտությունների տեր անձինք շարունակում են լուսանկարներ հրապարակել՝ մասնագիտական սիմվոլիկայով և Լուկաշենկոյին դեմ գրառումներով։ Այս ֆլեշմոբին միացել են նաև ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հունիսի 23-ից սկսած ամեն օր ժամը 19։00-ին ի նշան համերաշխության Բելառուսի տարբեր քաղաքների բնակիչները բացում են պատուհանները, ծափահարում, կաթսաներով աղմկում կամ երաժշտություն միացնում․ «Ընդհամենը երկու րոպե, բայց ամեն օր ու մինչև հաղթանակ»։