Վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ, բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ։ Այս մասին այսօր հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ճեպազրույցի ընթացքում։
«․․․Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից», – նշել է նա:
Ավինյանը հավելել է նաև, որ սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը:
«Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին»,- նշել է պաշտոնյան։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվության համաձայն` Հայաստանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ են խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ։ Այլ կերպ ասած՝ մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը։ Սակայն Հայաստանից որևէ պաշտոնական արձագանք չկա։ Ոչ պաշտոնական խողովակներից ստացված տեղեկություններով՝ Հայաստանը դրան պատրաստ չէ։ Կարծում եմ՝ սա մեծ սխալ կլինի…Մենք կարծում ենք, որ [Ղարաբաղյան] խնդիրը լուծվել է, և խաղաղության համաձայնագիր պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պետք է լինի [Հայաստանի և Ադրբեջանի] տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների ճանաչում, և սահմանազատման աշխատանքները պիտի սկսվեն։ Պիտի նշեմ, որ միջազգային կազմակերպությունները հիմա դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին։ Եթե Հայաստանը չի ուզում դա անել, իր գործն է, բայց թող լավ մտածեն, քանի դեռ ուշ չէ․․․», – ի թիվս այլի, նշել է Ալիևը։
Հիշեցնենք նաև, որ երեկ Հայաստանի արտգործնախարարություն էին հրավիրվել հունիսի 9-ին և 10-ին Ադրբեջանի հրավերով Շուշի այցելած 46 դիվանագետների՝ Հայաստանում աշխատող գործընկերները։ Վերջիններիս հանձնվել էին հայտագրեր, որոնցում, ի թիվս այլի, ասված էր․ «Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ Հայաստանի այս քայլը նորից ի ցույց է դնում «միջազգային իրավունքին հակասող և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վրա հիմնված» դիրքորոշումը։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածք ցանկացած այցելություն չի կարող ոչ միայն բողոքարկվել, այլև մեկնաբանվել Հայաստանի կողմից։ Այցելությունն այդ տարածքներ անօրինական էր հայկական ռազմական օկուպացիայի ժամանակ։ Շուշան արդեն ազատագրված է, և ինչպես մեր մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի անքակտելի մաս է հանդիսանում», – հայտարարել է պաշտոնյան։