Բոստոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Ասպետ Քոչիկյանի և պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Գայանե Այվազյանի զրույցը․
Հատվածներ զրույցից․
— 2020-ի պատերազմից հետո ապաշրջափակումը և տարանցիկ ճանապարհների բացումը անխուսափելի են այլևս, ինչը նոր իրավիճակ է։
Պատերազմի շրջանում և հետո կենտրոնացած ենք, կարծես, ներքին խնդիրների վրա, առջևում ընտրություններ են, և հասարակական ուշադրությունը փորձում են բևեռել այս ուղղության վրա։ Մյուս կողմից մեր շուրջ տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, գեոպոլիտիկ փոփոխություններ, որոնց առնչությամբ Հայաստանում քննարկում, կարծես թե, չի ծավալվում։
Ես սա չեմ պայմանավորում միայն ընտրություններով, ավելի շատ՝ 1998 թվականից մինչև օրս Հայաստանում եղած արտաքին քաղաքական տենդենցներով, նոր մարտահրավերներին, նոր իրականությանը՝ լրագրողական, քաղաքական, հասարակական մտքի անպատրսատությամբ։ Մինչ այս մենք ունեինք մի իրականություն, երբ Հայաստանի արտաքին քաղաքական երկու հիմնական ուղղությունները շատ հստակ էին․ մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հարցն էր, օրվա իշխանությունների կողմից ստատուս-քվոյի պահմանումը, մյուսը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Այս պայմաններում, երբ գտնվում էինք իզոլացված վիճակում և հարևաններից առնվազն երկուսի հետ չունեինք ոչ մի դիվանագիտական կապ, որոնցից մեկի հետ գտնվում էինք դե-ֆակտո պատերազմական վիճակում, շատ հարմար իրադրություն էր ձևակերպվել քաղաքական մտքի համար, որը չէր ծանրաբեռնում իրեն շատ հարցեր տալով։ Կարելի է ասել, որ տարածաշրջանային զարգացումները հաճախ կարող էին շրջանցվել․․․ Այս նոր իրողությունում նման հնարավորություն այլևս չկա։
— Աշխարհաքաղաքականությունը փոխվեց: ․․․Մենք տակավին կաշխատինք այնպես, ինչպես որ աշխարհաքաղաքականությունը գոյություն ուներ 94, 95 կամ 96 տարիներուն: Երկրորդ՝ մեր հանպատրաստությունը, անպատրաստությունը, որ այլընտրանքային ինչ ուղղություններ կրնանք ունենալ մենք:
Որոշ չափով մեր արտաքին քաղաքականության մեջ և մենք մեր պատմության մեջ միշտ ունեցած ենք գոռոզություն, որ իրավունքը մեր հետն է․ այս իրողությունը վերջացած է, պետք չկա մտածելու այլևս:
Պատերազմական հաղթանակը թարգմանել քաղաքական հաղթանակի հո՛ն է, որ մենք ձախողեցանք:
Ի՞նչն էր, որ այս ստատուս-քվոն կոտրեց:
Ռուսաստանը անընդհատ իր դիրքերը առաջ կը մղեր միջազգային մասշտաբով: Այո՛, Ռուսաստանը գերպետություն չէ, ռեգիոնալ պետություն է՝ ուժեղ, բայց տարբեր ռեգիոնների մեջ: Ուրեմն ինքը տարբեր դիրքերով առաջ կը քշեր, նաև՝ օգտագործելով գազն ու նավթը:
2016 թվականին ունեցանք ամերիկյան ընտրություններ: …Ամերիկայի արտաքին քաղաքականությունը միշտ մակընթացության մեջ եղած է՝ ավելի քաշված միջազգային պրոցեսներեն կամ մեջը մխրճված: Ինչո՞ւ համար աս կարևոր է։
Մենք մեր մտքին մեջ Ղարաբաղի լուծման գործընթացում հույսերնիս դրած էինք բազմակողմանի, բազմաբևեռ ԵԱՀԿ-ի վրա, որու մեջ Ամերիկան գլխավորը դերը պետք է խաղար և բալանսավորեր, հավասարակշռեր Ռուսաստանը: Բայց Ամերիկայի քաշվելով՝ Ռուսաստանը սկսավ իր մկանները ուժեղացնել և ներկա ըլլալ:
Երկրորդ՝ տարածաշրջանային իմաստով Թուրքիան վերջին 15 տարիներու ընթացքին սկսած էր շատ ավելի համարձակ ըլլալ: Ձևով մը Եվրոպական Միության կռնակ դարձուց՝ ասելով, որ այլևս մեզ պետք չեք… և էրդողանիզմը, որ, հավանաբար, իր մտքին մեջ որոշ չափով նեոաթաթուրքիզմ է:
…Հստակորեն ձևավորված էր հակաարևմտյան, այսպես ասած, դաշինք: Դաշինք չըսենք, ըսենք հակաամերիկյան կամ հակաարևմուտքի կլուբ, որու մեջ կա Չինաստանը, Իրանը, Ռուաստանը, Թուրքիան, Վենեսուելան և այլն, և այլն:
Այս բոլորին մեջ մի քանի երևույթներ պետք է մեզ ցույց տային, որ աշխարհաքաղաքականությունը կփոխվեր՝ Սուրիո պատերազմը, Թուրքիո և Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը ադ պատերազմին և շատ հաճախ ուղղակի և անուղղակի բախումները երկուքին միջև:
Պատմությունը օգտակար է, կեդրոնանալը վտանգավոր է պատմության վրա, պատմության մեջ մնալը վտանգավոր է, բայց պատմությունեն դասեր քաղերն ալ կարևոր է:
Մեր գլխավոր պրոբլեմներեն մեկը եղած է, որ մենք պրոակտիվ արտաքին քաղաքականություն չենք վարած:
Փաստորեն, նոյեմբեր 9-ին կամ 10-ին… տարածաշրջանային այս կոնֆլիկտը կամ Հարավային Կովկասը, թեկուզ Վրաստանը որոշ չափով բացառություն կազմէ, լրիվ պոկվեց եվրոատլանտյան պրոցեսներեն:
Մենք այսօր ունինք տարածաշրջան, որտեղ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ազդեցություն կը բանեցնեն:…Փաստորեն, ԵԱՀԿ-ն դուրս մնաց: ԵԱՀԿ-ն շատ սիրուն կազմակերպություն է, որ… լավ է, որ կան…, բայց, փաստորեն, ոչ մեկ ասելիք չունի:
Եւ այս երեք երկիրները, որ շատերը կըսեն մրցակցություն կա՝ Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան և այլն, ես չեմ հավատար, որ կա, ես չեմ հավատար, որ այն աստիճանի է, ինչպես որ մարդիկ կը կարծեն: Վալս է, պարել է ասիկա:
Այս գործընթացի մեջ է, որ մենք պետք է հասկընանք, որ մեր տեղը ուր է, Հայաստանի դիրքը, Հայաստանի մոտեցումը ի՞նչ է:
Մենք ունեցած ենք այդ անկումը քաղաքական մտքի, աշխարհայացքի, դինամիկ մտածելու․․․ և գոռոզությունը, որ մեր իրականությունում մենք հաղթած ենք, հողը մերն է, այլ ինչ խոսինք: Մինչև հասանք հիմա:
Դժբախտաբար, ներկայիս Ղարաբաղի հարցն այլևս Հայաստանի, Երևանի ձեռքը չէ:
Ղարաբաղի ապավենը, Ղարաբաղի անվտանգության գարանտի տվողը Ռուսաստանն է՝ Հայաստանը չէ:
Շատ հետաքրքիր է, որ պատերազմեն անմիջապես ետք Իրանը և Ռուսաստանը հայտարարեցին, որ իրենք Ադրբեջանի հողային, տարածքային ամբողջականության կողքին են և այլն։ Սա տարբերություն չէ, իմիջիայլոց, երբեք հակառակը չեն ըսած իրենք:
— Այս հարցը Հայաստանի իրականության մեջ կամ Հայաստանի քաղաքական ուժերի համար լուծված էր: Մենք 98էն մինչև 2021 եկանք նույն տեղը հանգանք, ուր որ էինք քսան տարի, երեսուն տարի առաջ:
Ես չեմ կասկածեր, որ Ադրբեջանը, Ալիևը հեղափոխությունեն վերջ պատրաստ էր ժամանակ տալու, որ նայենք աս նոր մարդը ո՞վ է:
… Բայց ադոր փոխարեն, երբ դուն հետաքրքված ես, հա՞, մեծ-մեծ արդարությունը մեր հետն է, ժողովրդավարությունը մեր հետն է, «Էկոնոմիստը» մեզ ամենալավ երկիրը հայտարարեց և այլն, և չես մտածեր, որ աս հարցը օրհասական հարց է, աս հարցը մահու, կենաց հարց է, աս հարցը մեկ նախագահ գոնե փոխած է, և կկարծես, որ քու ժողովրդավարությունդ քեզի անվտանգություն պիտի ներշնչե կամ մարդիկ պիտի գան օգնեն: Նորեն՝ ադ մտածողությունը, որ իրավունքը մեր հետն է, որ մենք ժողովրդավար ենք՝ ուրեմն բոլոր ժողովրդավար երկրները մեր հետ պիտի ըլլան, մենք քրիստոնյա ենք՝ ուրեմն բոլոր քրիստոնեությունը մեր հետը պիտի ըլլա, ադ ալ քաղաքական մտքի անհասությունն է:
Հոս իրականություն մը կա, աս է իրականությունը․ մենք պարտվեցինք այս պատերազմին, իսկապես արհավիրքի մեջ ենք: …Ղարաբաղը մեր իշխանության կամ մեր կոնտրոլի տակ չէ: …Լավ, ասիկա կա. մենք ինչպե՞ս կարող ենք մեր պետությունը կամ պետության տարբեր գործոնները վերականգնել՝ սկսելով սահմանապահությունեն, սկսելով մեր արտաքին քաղաքականության վերամշակման:
Հիմա եթե նավդ կընկղմի, դուն չես ըսե՞ր՝ ով էր պատասխանատուն, որ գացինք Թայթանիկի նման սառույցի խփեցինք: Ինչպե՞ս կրնանք մարդոց փրկել, ինչպե՞ս կրնանք մարդոց ազատել կամ ինչպե՞ս կրնանք այս նավը պահել ծփացող:
Վրաստանի մեջ քաղաքականությունը հիմնված է ոխերու, վենդետաներու և անձնավորություններու վրա: Ես մտածեցի՝ նույնը Հայաստանի պարագան է:
— Թուրքիո համար երբևիցե եղած է արդյոք, որ Հայաստանի հետ պետք է սահմանը բացեն: Էրդողանը իր գործը ըրավ, ինչ որ պետք ուներ, առավ այս պատերազմեն: …Նախևառաջ, Էրդողանը եղավ նոր Աթաթուրք, որովհետև պատերազմ շահեցավ, կրցավ ցույց տալ իր դրոնների և իր զինվորական տաքթիքներու առավելությունը և ցույց տվավ, որ, նայեցե՛ք, ես ճնշված ազգերու միշտ պաշտպանն եմ:
Երբ որ իր առնելիքը առավ Էրդողանը, ադքան ալ հետաքրքված չէ, որ ինչ պիտի ըլլա ետքը՝ դուք գացեք, երեխեք, որոշեցեք՝ ինչ պիտի որոշեք․․․
Իրենք չեն մեռնիլ սահմանը բանալու համար: …Արդյո՞ք մենք պատրաստ ենք այսօր սահմանը բանալու բանակցությունների երթալու: Ո՞վ պիտի ուղարկենք: Ո՞վ է, որ կհասկընա Թուրքիո մարդիկը, անհատական կապեր ունե՞նք, թե՞ ոչ:
Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահերին մենք ունեինք մարդիկ, դիվանագետներ, որոնք կերթային և կշփվեին թուրք և ազերի դիվանագետներու հետ: Զրուցելով, ոչ թե փաստելու համար՝ ով ավելի բարձր կրնա գոռալ կամ ով ավելի լավ հայոց կամ Ազրպեյճանի պատմությունը գիտե: Նորեն նույն հարցին կուգանք, որ արդյո՞ք սահմանը բանալուն պատրաստ ենք մենք:
Արդյոք մենք պատրաստ ենք ռուսական կամ իրանական առաջարկներուն ընդառաջելու: Ես չեմ կարծեր, որ ենք:
— Երբևիցե ոչ մեկ նախագահ չէր ըրած այդ Սևրի դաշնագրի հայտարարությունը…: Հիմա առավելությունը կամ դժբախտությունը այն է, որ մենք ունինք երկու գործադիր ղեկավար, երկու գործադիր ղեկավարներն ալ հայտարարեցին Սևրի դաշնագրի մասին օգոստոսին:
Հանրային կարծիքը որո՞ւ պիտի լսե այս պարագային՝ մարտական, մարտաշունչ կամ պարտվողական վերլուծություններ կընեն: Ես գամ քեզի քվեարկեմ, որովհետև կըսես, որ վաղը մենք պիտի երթանք Շուշին ազատագրե՞նք, որովհետև ինծի համար Շուշին կարևոր է: Բայց հետո ընտրությունեն վերջը՝ հա՜, գիտե՞ս, ախպերս, դժվար է, պայմաններ կան, որ պետք է մենք էլ հարգենք: …Խեղդվող մարդուն չօգնելեն ավելի վատը իրեն հույս տալ, որ պիտի օգնեսն է:
— Սփյուռքի ռեակցիան ինչպե՞ս կրնաս դուն ձևակերպիլ, այն իմաստով, որ ո՞վ է Սփյուռքը՝ կազմակերվա՞ծ Սփյուռք, ո՞չ կազմակերպված Սփյուռք: Պետության առաջնահերթությունները, պետության քաղաքականությունը միշտ չէ, որ կհամընկնի ազգի շահերու կամ սկզբունքներու հետ:
Ամենապարզը օրինակը՝ …Թուրքիո հետ սահմանը պե՞տք է բացվի կամ ոչ: Գյումրեցիի համար՝ այո: Երթաս դուն, օրինակի համար, Գլենդեյլ և հարցնես՝ չէ, պետք չէ ըլլալ: Լավ, եղբայր, դուն հոս նստած՝ Գլենդեյլի մեջ նստած ինչպե՞ս կրնաս որոշել, որ ինչ է՝ զգացակա՞ն իմաստով:
Գլենդեյլի Արմենը և Գյումրիի Արմենը չեն համընկնի՝ երկուքն ալ հայ են:
Սփյուռքի համար Հայաստանը հայրենիք չէ, Հայաստանը Հայաստան է:
Ադ զգացականության չերթարն է, որ ամենամեծ մարտահրավերն է Սփյուռքի համար: Այսօր Հայաստանը կառավարություն ունի, Սփյուռքը՝ չունի։
Բայց ո՞վ կխոսե Սփյուռքի անունից՝ ոչ ոք և ամեն ոք:
— Մենք հիմա հավաքականորեն մնացած ենք ադ ջղայնության, ադ բարկության էտապի մեջ և չենք անցնիլ: Չեմ ըսեր, որ պետք է ընդունինք Ղարաբաղի կորուստը: Բայց ընդունինք իրավիճակը, որ կորուստ ունեցած ենք, որ կարենանք առաջ երթալ:
— Այս ավանդական մտածելակերպը, որ․ հա՜, Իրանը ազերներ ունի, 20 միլիոն ազերի ունի բնակիչներու մեջ և կրնան ատոնք մեր դեմ ելլալ, բայց, փաստորեն, այսօր ազերիները Իրանի ավելի իրանացած են, քան թուրք են: Այսօր Խոմեյնին ազերի է, և ի՞նչ:
Կամ, օրինակի համար, տարածաշրջանային այդ մոտեցումների մեջ՝ պանթուրանի՜զմ, պանթուրանի՜զմ: Հա, Թուրքիո մեջ կան մարդիկ, որոնք պանթուրանիզմի մասին կը խոսին, բայց ինչքանո՞վ ռեալ քաղաքականություն է, պարզապես որովհետև Ղազախստանում կամ Ղրղզստանում թուրքերե՞ն են խոսում կամ թուրքանման լեզու են խոսում, ըսել չէ, որ բոլորը իրար հետ մեծ ընտանիք են կամ ուրախ ընտանիք են:
Ինչ կվերաբերի հոստեղի ռեակցիաները մարդոց, աս ամենամանկական մոտեցումն է: …Պրոբլեմը նաև մեդիայի մեջ է: Ասոր մեջ դուն ինչպե՞ս կրնաս դիսկուրս ստեղծել, ինչպե՞ս կրնաս բանիմաց քաղաքացի ստեղծել:
….Ժողովրդավարությունը միայն ընտրելով չէ, հարցը այն է, որ դուն պիտի ունենաս բանիմաց քաղաքացի, տեղեկացված քաղաքացի: Եւ հոս է, որ ժողովրդավարության ամենամեծ ձախողությունը ունինք աշխարհի մեջ:
Վիճակը վատ է: Պետք է ընդունինք․ հավանաբար, ավելի վատ ալ պիտի ըլլա: …Ինչքանո՞վ մենք պետությունը պիտի զոհենք ազգայնականության, ինչքանո՞վ մենք պետությունը պիտի զոհենք քաղաքական ֆրակցիոնալիզմին։
Ես ազգայնականություն մանավանդ ըսի, որովհետև ադ ալ արդեն ուրիշ մտահոգիչ դիսկուրս է, որ կզարգանա Հայաստանի մեջ և այլուրեք: Երբ որ պրոբլեմ ըլլա ոևէ մեկ պետության մեջ՝ ազգայնականությունն է: …Ադ մեզ ավելի կը մխրճե, մեր աշխարհայացքը ավելի կը փոքրացնե, միշտ հասկընալ, որ չընդունիլ, այսինքն՝ հասկընալ, որ Ազրպեյճանը ինչ կը մտածե, ըսել չէ, որ մենք կընդունինք՝ Ազրպեյճանը ինչ կը մտածե, բայց հասկընալ:
Բան մը, որ ազրպեյճանցիները երբեք չըրին անցնող երեսուն տարիներու ընթացքին՝ որ հասկընալ ինչ ըսել է, հայերուն պահանջքը ի՞նչ է, հայու աչքով մտածելը, ազրպեյճանցու աչքով, թուրքի աչքով մտածելը, իրենց դիտանկյունեն: Երբ այսպես ըսես, պիտի ըսեն, որ չէ՛, չեմ ուզեր ընդունել:
Պետք չունիս ընդունելու, հասկըցի՛ր: