հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / #Հաղթելու_ենք՝ ամեն տեղից գվվում էին բառերն ու պատկերները․ մտորումներ բիենալեի շուրջ

#Հաղթելու_ենք՝ ամեն տեղից գվվում էին բառերն ու պատկերները․ մտորումներ բիենալեի շուրջ

Երևան բիենալե. մտորումներ մի բիենալեի շուրջ

2020 թվականին Երևան բիենալեն բացվեց հարցադրելու պետությունների և կապիտալի կողմից վերևից ներքև տարվող արվեստային քաղաքականությունները: Բիենալեին մասնակցում էին մարդիկ ամենատարբեր տեղերից: Բիենալեն համարելով կապիտալի քննադատության հարթակ՝ ես նույնպես մասնակցել եմ՝ քննարկելով հայ ազատագրական գաղափարը որպես իմպերիալ-կապիտալիստական, պետական նվաճող/յուրացնող քաղաքականությունների պրոեկտ, որի ուժգնության և թափի առաջ ընկրկում են Հայաստանում մնացած բոլոր քաղաքական շարժումները և նախագծերը:

Բիենալեն իր ընթացքում էր, երբ սկսվեց հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմը: Պետությունների և կապիտալի քաղաքականությունը վերևից պատերազմ էր պարտադրել և սփռում էր մահվան աղետ: Ազգային ազատագրական գաղափարի հուժկու մեքենան պատերազմի օրերին գործարկվում էր և վերարտադրվում ողջ ծավալով ու դաժանությամբ՝ ցույց տալով իր տոտալիտար իշխանությունն ու անվիճարկելի դոմինանտ տեղը քաղաքական մտքի բոլոր ուղղությունների մեջ: Պատերազմի և մահվան ագիտպրոպագանդը ամենուրեք էր աշխատում. պետական հարթակներից մինչև անհատական օգտահաշիվներ պահպանվում և վերահսկվում էր պատերազմի՝ վերևից իջեցված կարգը: Պատերազմի պետական քաղաքականությունը քրեա-ռազմական կապիտալի սպասարկմանն էր ծառայում և գործում քրեական և ռազմական ենթամշակույթի կանոններով: Վախի և ահաբեկության մթնոլորտը եռում էր ամենուրեք, քլթքլթում՝ պատրաստ կուլ տալու, ոչնչացնելու մահվանը ամեն մի դիմադրություն, ամեն կասկած, ամեն ծպտուն: Տասնամյակներով գործադրվող բուրժուա-ազգայնական օրակարգերը մոլեգնում էին ամբողջ սաստկությամբ և պատերազմի լեգիտիմությունը պահում անքննելիության, անվիճելիության բարձր մակարդակում: Մի քանի օրում պատերազմն ի ցույց դրեց պետության և կապիտալի քաղաքականությունների գերակայությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում և այս քաղաքականությունները նվիրագործող ազգային ազատագրական գաղափարի տիրացող, ենթարկեցնող ուժը քաղաքական ուրիշ տեսակի շարժումների և հոսանքների նկատմամբ: Պատերազմը ապրոպրիացրել, կլլել էր և յուրացրել ամեն մի շարժ, որ հավակնում էր հակադրվել մեծ կապիտալը պաշտպանող պետության քաղաքականությունը: Ինքնապաշտպանության և ազատագրության ուղղաձիգ լոզունգներով դրոշները ծածանում էին շատ-շատերը: #Հաղթելու_ենք՝ ամեն տեղից գվվում էին բառերն ու պատկերները: Հաղթանակի բազմոցային արշավը, սակայն, մի առավոտ ավարտվեց. մարդիկ արթնացան պատերազմի վերջի, հազարավոր զոհերի ու անհետ կորածների, վիրավորների և խեղվածների իրականության մեջ:

Իսկ Երևան բիենալեն հանդարտորեն շարունակվում է: Պատերազմից առաջ այն բացվել էր հարցադրելու պետությունների և կապիտալի կողմից վերևից ներքև տարվող նենգ արվեստային քաղաքականությունները: Բիենալեն չուներ կանխորոշված բովանդակություն. այն պետք է ստեղծվեր պրոցեսների ընթացքում արվեստագետների կողմից։ Ակտիվիստ և փիլիսոփա Ֆրանկո Բերարդի Բիֆոն նրանց անվանել է «փսիխո-արվեստագետներ» կամ գուցե «նեյրո-պոետներ», ովքեր վերաձևում են նյարդաբանական էվոլյուցիայի վիբրացիոն չափումը»: Երևան բիենալեին մասնակցող «փսիխո-արվեստագետնեից» և «նեյրո-պոետներից» շատերին կարելի էր տեսնել պատերազմի էշելոնում՝ լուռ կանգնած կամ ծնծղաներ տարփողելիս: Նրանք չէին քննադատում, չէին հարցադրում պետությունների և կապիտալի քաղաքականությունները պահպանող և խնամածող պատերազմը, նրանք վերարտադրում էին այդ քաղաքականությունները, և դրա մասին հիշողությունը կա, որքան էլ այն ջնջելու և անտեսելու միտում լինի: Ժամանակակից տեղական քաղաքականությունների ներկա փոխդասավորությունը և հետպատերազմյան ամնեզիան ու ժխտողականությունը ցույց են տալիս, որ Երևան բիենալեն ամենատարբեր ակտիվիստների, փիլիսոփաների և արվեստագետների, տարբեր ժամանակների դիմադրական շարժումների և պայքարների սոսկ ներկայացման հարթակ է: Այն կարող է աշխարհում կապիտալի և պետության քննադատության նմուշների լավ հանրագիտարան կամ թանգարան լինել: Բայց առայժմ չի դարձել այն տեղը, որ ինտելեկտուալ իր փորձառությամբ կարողանա հարաբերվել պետությունների և կապիտալի քաղաքականությունների տեղական խոպան համատեքստին և այն ենթարկի քննադատության և դիմադրության: Պետական, կապիտալիստական քաղաքականությունները, անշուշտ, Հայաստանում շատ ավելի աղքատացնող են և ահարկու. դրանք անընդհատ զավթում են և շահագործում քննադատական ամեն հարթակները, կազմաքանդում և վերաձևակերպում դիմադրության փորձերը՝ ենթարկեցնելով դրանք իրե՛նց քաղաքական շահախնդրություններին: Այդ քաղաքականությունը հաջողում է կապիտալիզմը սրբագործել Հայաստանում, անվանարկել և հիմնախիլ անել դրա քննադատության իրական փորձերը և մարգինալացնել, լոկալիզացնել, վերահսկել հակակապիտալիստ ձեռնարկները՝ դրանք վերածելով հանդեսի կամ հաշվետու ճառի: Սրան դիմակայելու և մեր անմիջական մոտիկությամբ կուտակվող և վերարտադրվող կապիտալիստական օրակարգերը հարցարկելու ռեսուրս նախ կարող են դառնալ ինքնահայեցման և պետության ու կապիտալիզմի տեղական քննադատության փսիխո-նեյրո համակարգը վերաձևելու փորձերը:

Գայանե Այվազյան
20.04.2021