Հունիսի 14-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է «Ամաչել և նախանձել ստիպող արվեստ» ցուցահանդեսը։ Համադրող՝ արվեստագետ Արման Գրիգորյան։ Համավարակի պատճառով ՆՓԱԿ-ն անցնում է միջոցառումների վիրտուալ ներկայացման տիրույթ։ Ցուցահանդեսի բացումն արվել է համացանցում՝ հեռակա եղանակող։
Ամաչել և նախանձել ստիպող արվեստ
Պատմելով իր առաջին նկարչական փորձառության մասին՝ Ռոբերտ Ռաուշենբերգը հիշում է, որ նկարել է բոլորից թաքուն և ունեցել այնպիսի զգացողություն, կարծես, անթույլատրելի մի բան է անում: Նրա համոզմամբ՝ նկարիչն իր յուրաքանչյուր գործը սկսելիս այդ զգացողությունը պիտի ունենա։ Եւ, եթե նման ամոթախառը հուզական շփոթվածությունը հատուկ է իրապես տաղանդավոր ցանկացած արվեստագետի, այն առավել ևս հանդիսատեսի համար պետք է լինի թվացյալ կայուն ներաշխարհն ամոթից ցնցող պատահար։ Արվեստը, որը չի ցնցում հանդիսատեսին՝ արվեստ չէ։ Արվեստի գործը, որը դեպք չի դառնում ամբողջ կյանքի համար՝ արվեստ չէ։
Արվեստը սպորտ կամ քաղաքականություն չէ, որ պասիվ հարմարվողական ու ծույլ հոգիները գան և գնահատական տան կամ առավել ևս դաս ու խրատ կարդան ինքնամոռաց գործողության մեջ ստեղծագործող բացառիկ անհատին։
Արվեստի չափանիշը Հրաշալին է, ու ձանձրացող հանդիսատեսը պիտի փշաքաղվի՝ առնչվելով առօրեական առարկաների շահադիտական տրամաբանության անվերջանալի թվացող հոսքերի մեջ փայլատակող Բացարձակ Ոգու ինքնաճանաչողության հայտնությանը։ Տեսնելով իրական արվեստի գործ՝ հանդիսատեսը պիտի ամաչի, որ ինքն արվեստագետ չէ, որ չունի այդքան ազատություն՝ ազատ ժամանակ, ազատ միջոցներ, ազատ երևակայություն, ազատություն` ուրիշներին ազատագրելու համար, և այդ Մեծ Ազատությունից ծնված անբացատրելի ներքին համոզմունք, որ իր գործը բարիք է կյանքի իմաստը փնտրող ցանկացած մեկի համար:
Պարզ է, որ Հրաշալի արվեստին հանդիպած հանդիսատեսին այցելող առաջին միտքն իր առջև գտնվող օբյեկտի տրանսցենդենտալությունը զանցառելու կամ, այսպես ասած, խնդրականացնելու անհաղթահարելի մղումն է, իսկ ավելի պարզ՝ այն ագրեսիվ մերժելու փորձը՝ նախանձից դրդված։
Արվեստագետներին, նույնիսկ ամենաքիչ տաղանդով օժտված արվեստագետներին, մեծագույն հրճվանք է պատճառում ցնցակաթվածի մեջ հայտնված հանդիսատեսի կենսաբանական պարզունակ ճիչը, թե ինքն էլ կարող է այդպիսի գործ անել։ Նրանք չգիտեն, որ Բացարձակ Ոգին ինքն է ընտրում, թե ում միջոցով հայտնվի մարդկությանը։ Նույնիսկ ամենաջանասեր և աշխատասեր արվեստագետը չի կարող ստիպել ինքնածավալվող ու ինքնաճանաչող Ոգուն երևութականանալ իր ստեղծագործություններում։
Արվեստի իրական արժեքը բացառիկ և աննախադեպ լինելն է։ Արվեստը հեղափոխություն է։ Սակայն չմոռանանք, որ երբևիցե ապրած և այսօր ապրող ու գալիք ամբողջ մարդկությունը՝ իր բոլոր մտավոր ու ֆիզիկական դրսևորումներով, հենց այդ մեկ և միևնույն Համաշխարհային Ոգու արտահայտումն է։ Ամեն կոնկրետ ժամանակահատվածում Բացարձակ Ոգին հայտնվում է մի որևէ լոկալ վայրում։ Այսօր բոլորի համար էլ պարզ ու ակնհայտ է, որ Բացարձակ Ոգին ներկա է Հայաստանի հանրապետությունում։
Թավշյա, Սիրո և Համերաշխության հեղափոխությունը Հայաստանի ինքնաբեր զարգացման հաղթանակն է Երկիր մոլորակի կոնկրետ այն հատվածում, ուր հայ ժողովուրդը կառուցում է իր ազգային պետությունը:
Այն հանդիսանում է որպես ընդօրինակման նմուշ՝ պատերազմներից, ողբերգություններից, տգիտությունից, ագահությունից կքած, բնական պաշարների անխնա շահագործումից աղքատացած ու հարստությունից թշվառացած, ապրելու տենչով համակված մարդկանց իրենից վանող, նրանց փախստական ու ապաստան հայցող ուխտավոր դարձնող, անհեթեթության մարմնացում հանդիսացող տարածաշրջանում։
Եւ, եթե Բացարձակ Ոգին այսօր գործում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների միջոցով, ապա արվեստի մեջ այն արտահայտված է «Ամաչել և նախանձել ստիպող արվեստ» ցուցահանդեսով։
Արման Գրիգորյան