Տևական դադարից հետո Հայաստանի քաղաքական կյանքում բեկման հնարավորություն է ստեղծվել. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված դրությունը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի ներքաղաքական դասավորությանը: Սովետական Միության փլուզմամբ Հայաստանում հիմնապես վարկաբեկվեց սոցիալիզմի գաղափարը՝ իր տեղը անորոշ ժամանակով զիջելով կապիտալիստական կացութաձևին: Ի տարբերություն խորհրդային կառավարության, որտեղ քաղաքական սիստեմի զարգացման հիմնական ուղղություն էր հռչակված սոցիալիզմը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը երաշխավորում էր գաղափարախոսական բազմակարծություն: Հռչակված գաղափարախոսական բազմակարծությունը, սակայն, սահմանվեց կապիտալի խիստ վերահսկող համակարգի ներսում: Կապիտալիստի դրամը դարձավ այն հիմնական նշաձողը, որի շուրջ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը ձևավորեց իր օրակարգը: Հայաստանի անկախության համար պայքարող սերնդի էյֆորիկ պատկերացումները կամաց-կամաց սկսեցին փշրվել՝ բախվելով կապիտալիզմի անողոք կանոններին: Պլանային տնտեսությունից անցումը ինքնակարգավորվող շուկայական տնտեսությանը հիմնովին փոխեց սեփականատիրական հարաբերությունները՝ հանգեցնելով հասարակական սեփականության կազմաքանդմանը և ունեցվածքի նկատմամբ մասնավոր սեփականության հաստատմանը: Սրան զուգահեռ 1990-ականների հենց սկզբից հանրապետությունը ներքաշվեց Ղարաբաղյան առաջին պատերազմի մեջ:
Կապիտալի բաշխման ընթացիկ պրոցեսները վերաձևվեցին նաև Ղարաբաղյան պատերազմում՝ տանկերի թրթուռների տակ: Թեպետ պատերազմի նյութական և մարդկային ռեսուրսների ապահովման բեռը ընկավ հասարակության լայն շրջանակների ուսերին՝ պատերազմի արդյունքում գոյացած հողային, դրամային և ապրանքային կապիտալը բաժին հասավ առանձին անհատների և նեղ խմբերի: Իր հերթին պատերազմի ընթացքում ձևավորվեց տնտեսական մի համակարգ, որ, մի կողմից, պայմանավորված էր պատերազմով և դրա արդյունքում ունեցած նոր տարածքներով, մյուս կողմից՝ փակ սահմաններով: 1994 թվականին կնքված բիշքեքյան զինադադարի ժամանակ այս տնտեսական կոնֆիգուրացիան արդեն բավականաչափ ամրակայված իրողություն էր, որն անշեղորեն խորացավ զինադադարին հաջորդած տարիներին՝ դառնալով լուրջ խոչընդոտ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման և քաղաքական համաձայնության գալու ճանապարհին:
Որքան էլ 1995-1996 թթ. կանխատեսումներ և ակնկալիքներ կային, թե առաջացել է բեկումնային հնարավորություն կոնֆլիկտի լուծման համար, դրանք չիրագործվեցին. ավելին՝ Ղարաբաղի հարցը քաղաքական ճգնաժամ առաջացրեց Հայաստանում: Ճգնաժամի տարբեր կողմերում հայտնվեցին երկու՝ այսպես կոչված, «պարտվողական» և «հաղթողական» կուսակցությունները: 1998 թ. «պարտվողական» կուսակցությունը հեռացավ քաղաքական թատերաբեմից՝ տեղը զիջելով «հաղթողականներին»: Արդեն այդ ժամանակ հեռացող կուսակցապետ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»: Իսկապես դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ իշխանության եկած «հաղթողականները», որքան էլ մեղադրում էին իրենց քաղաքական օպոնենտներին Ղարաբաղի հարցում ունեցած քաղաքականության համար, հավատարմություն հայտնեցին բանակցային գործընթացին և շարունակեցին այն ընդհատված կետից: Կոնֆլիկտի հանգուցալուծման համար նախատեսված տարբեր առաջարկներն ու նախագծերը ցույց են տալիս, որ դրանք որոշ փոփոխություններով հանդերձ, բայց միշտ համադրել են տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ի՞նչն էր, ուրեմն, որ տարբերակում էր «հաղթողական» կուսակցությանը «պարտվողականից»: Այս հարցին քաղաքական միտքը տվել է որոշ պատասխաններ, օրինակ՝ «երազող քաղաքականությունը» կամ «պետության հիմնադրույթների փոփոխությունը», որոնք, սակայն, անբավարար են և ճիշտ չեն արտահայտում «հաղթողների» կուսակցության խորքային էությունը:
«Հաղթողները» երազողներ չէին, ունեին պրագմատիկ հաշվարկներ: Նրանք պատրանքներ չունեին Ղարաբաղի հարցում, այլ հստակ շահեր: Պետք չէ ուռճացնել նաև «պետության հիմնադրույթներում» նրանց վերագրված փոփոխիչ դերը. 1998 թվականի հեղաշրջումից հետո դեռևս պատերազմի ժամանակ ձևավորված քաղաքական-տնտեսական իրավիճակը չփոխվեց, հակառակը՝ մնաց նույնը և էլ ավելի կատարելագործվեց: «Հաղթողների» կուսակցությունը ի սկզբանե էլ շատ լավ էր հասկանում, որ չկա, չի կարող լինել Ղարաբաղի կոնֆլիկտի այլ լուծում, քան առաջարկվում էր: Սակայն կուսակցությունը, հստակ արտահայտելով Հայաստանում և Ղարաբաղում ռազմական և տնտեսական մեծ կարողություններ ունեցող էլիտաների քաղաքական շահադիտությունները, կոնֆլիկտը դարձրեց սոսկ առիթ երկարաձգելու այս հասարակախմբի կապիտալի կուտակման պրոցեսը, որը սնվում էր պատերազմի և փակ սահմանների տնտեսությունից: Սրանով էր պայմանավորված կոնֆլիկտի ստատուս-քվո քաղաքականությունը, որի նպատակն էր ընդհանուր առումով պահպանել հրադադարի ռեժիմը և հրադադարի կնքման պահին ամրագրված իրողությունները, մասնավորապես՝ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահել նախկին ԼՂԻՄ-ը և հարակից շրջանները՝ առանց նախկինում այնտեղ ապրող բնակչության մի գերակշռող մասի: Որքան էլ դրա մի մասը միջազգայնորեն ճանաչված չէր, հարաբերական խաղաղության պայմաններում խոշոր կապիտալը կարողանում էր յուրացնել և շահագործել տարածքային այս միավորի մարդկային և նյութական ռեսուրսները, որ ցանկապատված էր փակ սահմաններով: Ղարաբաղյան հարցի լուծումը, մասնավորապես գրաված տարածքների հետ վերադարձը և սահմանների բացումը տարածքն արդեն սեփականած, յուրացրած կապիտալի համար կոլապսի կամ առնվազն վերադասավորման լրջագույն մարտահրավեր է: Եվ սա է քաղաքական կյանքում այսօրվա մեծ խուճապի խորքային հատակը: Աղեկեզ հայրենասիրական ճառերի և ելույթների հետևում թաքնվելով՝ հայ քաղաքական միտքը այսօր սոսկ մորմոքվում է իրեն սնուցանող կապիտալի ցավուդարդով, վերջինիս սպասվող փորձությունների համար անհանգստությունն է, որ կրծում է քաղաքական կոհորտաների սրտերը:
Անշուշտ, կապիտալի շահագործող դեմքը երբեք չի ցուցադրում իր մերկությունն ու դաժանությունը: Այն միշտ թաքնված է իդեական-հասարակական շղարշի տակ: Հայաստանի երրորդ հանրապետությունում կապիտալի դիկտատուրան իր իշխանությունն իրացնում է տարբեր եղանակներով: էթնիկ մոնոլիտության պայմաններում չափազանց ազդու և կենսունակ է ազգայնական հռետորաբանության կիրառումը: Դրա մշակման և գործադրման համար ձեռնարկվել են ազգային-պետական լայնամասշտաբ քաղաքականություններ, օգտագործվել հումանիտար և հասարակական մտքի հսկայական ռեսուրսներ, մշակվել համապետական ռազմավարություններ և հայեցակարգեր, իրականացվել է կրթության և գիտության ոլորտների գաղափարական յուրացում: Ձևավորվել էր քարոզչական հսկա մի ապարատ, որ օրնիբուն աշխատում էր իբրև ինքնության թողարկման արտադրամաս: Ինքնություն, որը մարդուն տալիս է նախևառաջ ազգային պատկանելություն և ինքնագիտակցություն՝ նրա ճտին մեկընդմիշտ կախելով հայրենիքի առաջ պարտքի և ծառայության շղթան: Ծնարանից մինչև գերեզմանոց հանրահռչակվել են հայեցի կրթության և դաստիարակության ռազմա-հայրենասիրական օրակարգեր, որոնք նեգատիվ թշնամական են պատկերում մոտիկ արտաքին աշխարհը և հակադրում մարդուն դրան: Սրա նպատակն էր, մի կողմից, միասնականության, հավաքականության և համախմբության մամլիչի տակ ձևավորել ազգային շուկա, ազգային էժան աշխատուժ և շահագործման ենթակա տարածքներ, որտեղ կապիտալը կսողոսկի իբրև յուրային՝ ազգակցի դեմքով, մայրենի լեզվով, տարազով, և եթե պետք լինի, դհոլ-զուռնայով: Մյուս կողմից՝ ունեզրկված և շահագործված սոցիալ-հասարակական բազմամարդ խմբերին դարձնել վահան, թնդանոթի միս, որն անհրաժեշտության դեպքում կարելի էր նետել մարտի դաշտ՝ պահպանելու արտաքին շրջափակման և պատերազմի ստատուս-քվոն՝ այն աղբյուրը, որ սնուցում էր քաղաքական և տնտեսական բրգաձև օլիգարխիկ համակարգի կապիտալ ռեսուրսները:
2020 թ. վերջին սանձազերծված Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եկավ վերջ դնելու պատերազմի և շրջափակման 30-ամյա քաղաքականությանը: «Հաղթողական կուսակցությունը» երեք տասնամյակ շարունակ հաղթեց կապիտալի կուտակման մրցավազքում՝ պարտության մատնելով Հայաստանում և Ղարաբաղում ապրող բազմահազարավոր մարդկանց, խեղելով նրանց կյանքի և գույքի ապահովության իրավունքը: Ղարաբաղյան կոնֆլիկտը, որ տարիներ շարունակ մուրճի դեր է կատարել պատերազմի և շրջափակման կապիտալի երկաթյա շղթաները ամրացնելու համար, առնվազն ձևափոխվել է, կորցրել նախկին բովանդակությունն ու տարածքը: «Հաղթողական կուսակցությունը» տանուլ է տվել շահագործման նախկին տարածքներն ու կանգնած է իր սեփականության նախկինում ունեցած ցանկապատերի փլուզման հանգամանքի առաջ: Առջևում կապիտալի վերաբաշխման նոր պրոցեսներն են. նոր տեսակի կապիտալի էմիսարները կլինեն գեղեցիկ հագուկապով, բարեհամբույր դեմքով և ճկուն մտքով: Նրանք կբացեն մեզ ծանոթ հին ցանկապատերը և կկապեն նորերը՝ ավելի ընդարձակ, ավելի տարածուն: Կապիտալի վերաբաշխման սպասվող պրոցեսները կցնցեն Հայաստանում խոշոր կապիտալի շենքը, որի սեփականատերը ռազմա-քրեական օլիգարխիան է: Մենք թեթևացած դուրս կվազենք փոքր վանդակից և կընկնենք ավելի մեծ, ավելի շքեղ մի վանդակ՝ զարգացած կապիտալի վանդակը, որտեղ սպասվում են բուրժուադեմոկրատացման գործընթացներ և կապիտալի շուրջ դասակարգային նոր վերաձևումներ:
Եւ այս նոր ու հարմարավետ վանդակում է, որ մեզ է սպասում ազատագրության նոր պայքարը՝ համերաշխության, ընկերության և ժողովուրդների բարեկամության վառ դրոշակները երկնքին պարզած:
Գայանե Այվազյան