Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
Հայաստանի մաքսիմալիստական, անհեռատես քաղաքականության բերումով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գրվեց սառույցին: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ ենթադրել են Ընդհանուր պետության առաջարկը և Փարիզյան սկզբունքները: Առաջինով Լեռնային Ղարաբաղը կոչվելու էր հանրապետություն, բայց Ադրբեջանի կազմում և օժտված էր ինքնավարության, քան լիիրավ հանրապետության կարգավիճակով: Երկրորդ՝ Փարիզյան սկզբունքերով այն փոխանակվում էր Մեղրիով և միանում էր Հայաստանին: Բանակցային մնացած բոլոր՝ այդ թվում՝ վերջին Մադրիդյան առաջարկներով Լեռնային Ղարաբաղին տրվում էր միջանկյալ կարգավիճակ՝ հետագայում ռեֆերենդում անելու պայմանով: Անկախ պետության վերջնական կարգավիճակի հարցը երբեք չի քննարկվել բանակցային սեղանին:
Եվ 1998 թ. Հայաստանի արտաքին քաղաքականության ձգտումը հասնելու տարածքներ վերջնական կարգավիճակի դիմաց սկզբունքին ձախողվել է՝ արժանանալով ոչ միայն Ադրբեջանի, այլև Մինսկի խմբի և միջազգային հանրության մերժմանը: Այսպիսով, 1991 թ. սեպտեմբերի 2-ի ԼՂՀ անկախության հռչակագիրը չի ստացել միջազգային իրավունքի ուժ, և հանրապետությունը չի ճանաչվել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սակայն, ճանաչվել էր և դարձել բանակցային հիմնական սկզբունքներից մեկը:
Հայկական կողմը ուզում էր Ղարաբաղի վերջնական անկախ կարգավիճակի ճանաչման երաշխիքներ, որպիսիք չստացավ ո՛չ Ադրբեջանից, ո՛չ մնացած աշխարհից: Արդյունքում ձեռքից բաց թողեց նաև դժվարությամբ նվաճած միջանկյալ կարգավիճակի իրավունքը: Իսկ հիմա հայկական քաղաքական ղեկավարությունը փորձում է վազել և կախվել արդեն հեռացած գնացքից՝ հայտարարելով, թե պատրաստ է կարգավիճակի հարցը քննարկել Մինսկի խմբի հետ:
Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը՝ տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող Ռուսաստանը, այս պահին հետաձգում է ԼՂ կարգավիճակի հարցը: Թե՛ նախագահը, թե՛ արտգործնախարարը քանիցս հայտարարել են, որ այս պահին կարևոր են խաղաղ համակեցության շուրջ գործընթացները՝ ապաշրջափակման, հաղորդակցության ուղիների բացման, հուշարձանների վերականգնման աշխատանքները, որից հետո կարգավիճակի հարցը կարող է հեշտությամբ լուծվել: Ըստ էության, միջանկյալ կարգավիճակի տրամադրումը և մնացած 5 էլեմենտների կատարումը նույնպես միտված էին կոնֆլիկտի աստիճանական լուծմանը սուր հակասությունների մեղմացման, երկու ժողովուրդների հաշտեցման ճանապարհով: Ինչից հետո հանրաքվե կազմակերպելը կլիներ ավելի հեշտ, իսկ իրար սպանելը՝ դժվար:
Այս սցենարը մերժվեց հայկական կողմից: Բանակցությունների և խաղաղության գաղափարը հայկական վերնախավերի կողմից վարկաբեկվեց որպես թուլություն, փոխարնեը ընտրվեց պատերազմը, որը անգամ «հաղթանակի» դեպքում չէր բերելու ԼՂ-ին վերջնական կարգավիճակ, ինչպես չէր բերել 94-ին: Հայաստանի հասարակությունը և նրա քաղաքական միտքը պարտվեցին այդ պատերազմում՝ հազարավոր մարդկային կորուստների գնով կորցնելով նաև կարգավորման նախկին պայմանները:
Այժմ փոխվել են թե՛ ԼՂ հարցի կարգավորման պայմանները, թե՛ միջազգային և տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունները: Արդյոք սա հասկանում են Հայաստանի քաղաքական ուժերը, կա արդյոք Հայաստանի և ԼՂ ժողովրդի անվտանգության և շահի գիտակցման պատրաստակամություն, թե՞ շարունակվելու է հայաստանյան քաղաքական ուժերի կոմպրադորական գործունեությունը, տեղական բնակչությանը ուրիշ օրակարգերին ծառայեցնելու և շահագործելու քաղաքական առաքելությունը: Դատելով Հայաստանի քաղաքական ներկա պատկերից՝ այդ գիտակցությունը ներկայում գրեթե չկա:
Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ունի առանցքային դեր: Նրան այդ դերը վերապահել են Մինսկի խմբի համանախագահող երկրները: Համանախագահող մյուս կողմերին խաղի մեջ ակտիվացնելու և դիվիդենտներ շահելու հայկական նկատվող միտումները կարող են վատ հետևանքներ ունենալ: Ժողովրդական տեղին խոսք կա՝ սատանի մայլում քյանդրբազություն չեն անում: Վերջապես հայ քաղաքական միտքը պետք է հասկանա, որ շուստրիությամբ ու զոռբայությամբ հարցեր չեն լուծվում: Նման որակներով քաղաքական գործիչները կարող են լուծել միայն իրենց հովանավորների նեղ տեղական շահերը, չի կարելի հավակնել ամբողջ պետության ու հասարակության կենսական հարցերը լուծել:
Այս պահին թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂ-ում ապրող մարդիկ ունեն կենսական կարիքների բավարարման հարց: Դա պետք է լինի իշխանության խնդիրը: Քաղաքական ուժերի ցուցադրական ելույթները և հայրենասիրական մրցումները մարդկանց հետաքրքիր չեն:
Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա այն ինքնանպատակ չէ: Առաջինը պետք է կարողանալ չկտրել իր իրական կոնտեքստից ինքնորոշման իրավունքը: Երկրորդը՝ դուրս դնել Ղարաբաղի հարցը Հայ դատի պլանից, երրորդը՝ տարբերել ադրբեջանցուն թուրքից: Չորրորդը՝ առաջնորդվել ԼՂ ժողովրդի անվտանգության կարևորության հարցով և թույլ տալ կամարտահայտվել: Վերջապես՝ արժևորել խաղաղությունը և բարիդրացիությունը, չապավինել զենքի ուժին և դիսկոմունիկացիային, ապավինել խոսքի և հաղորդակցության պրակտիկաներին:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ