Հայկական էլիտաները փայլուն իրագործել են քաղաքական միտքը ամայացնելու, դեգրադացնելու գիծը։ Դա արել են հանրապետության արտաքին շրջափակմանը և մեկուսացմանը շատ համահունչ` ներսում ֆետիշացնելով հնոտի և մաշված գաղափարներ և արժեբանություն։
Սրա արդյունքում Հայաստանում չկա մի շարք իրողությունների և երևույթների քննադատություն, պարզապես` անապատ։ Օրվա գլխավոր ուղերձի ֆոնին կարևոր եմ համարում անդրադառնալ պետության քննադատության բացակայությանը, դրա իսպառ չգոյությանը Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգում, հակառակը` պետության ֆետիշացմանն ու բացարձակացմանը։ Սրա համար լավագույն պատվանդան է ծառայում հարյուրամյակներով պետականություն չունենալու պատմական անցյալը, ավելի ճիշտ` այդ անցյալը որպես ողբերգություն ներկայի վրա կարելու պատմաբանական դոմինանտ և նորից չքննված մեկնաբանությունը։
Պետությունը սահմանված է որպես գերնպատակ, որի իրագործմանը կարելի է և պետք է զոհել ամեն ինչ և բոլորին։ Չկա անգամ կասկածի տեղիք, որ պետությունը միջոց է, ոչ թե մարդկանց երազանքները, կարողությունները, վերջում էլ կյանքը կլանող սև խոռոչ։ Նույնիսկ ճաշիդ ամանի միջից մեկը կարող է դուրս գալ և խոսել պետական շահի կարևորության և առաջնայնության մասին։ Մինչդեռ շատ պարզ է, որ պետությունը սուրբ մասունք չէ, ավելին` պետք չի այն դարձնել սրբություն և թանկ վաճառել մեզ վրա։ Սա ստեղծում է քաղաքական վակում. երբ պետական շահը սակրալացնում ես, բյուրեղացնում, այն հեշտությամբ դառնում է ժանգոտ մանրադրամ, որ հայտնվում է կոնկրետ ձեռքերում։ Պետությունը դառնում է շատ կոնկրետ դասակարգի սպասարկման ոլորտ և փողի աղբյուր։ Եւ այս գործընթացը տեղի է ունենում առանց դիմադրության, առանց դասակարգային բախման։ Հետևապես, պիտի վերջապես հասունանալ և վերջ տալ պետության ֆետիշացման այս բազմամյա միագիծ պրակտիկային, ինչքան էլ գեղեցիկ է պաթոսը, որ բոլորս հայ ենք, մի բուռ ժողովուրդ։
Պետության ֆետիշը Հայաստանում բերել էր հարուստների դասակարգային դիկտատուրայի` զուգահեռաբար զրոյացնելով դասակարգերի գոյության հավանականությունը։ Սրա հետևանքով ձևավորվել է մի իրականություն, որ Հայաստանի կուսակցական համակարգը ծառայում է հարուստներին։ Աղքատները, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունն են, չունեն քաղաքական համակարգում ներկայացվածություն։ Սա է Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը և դրա գոյության իմաստը հարցադրող կռվաններից մեկը։ Չկան ապաքաղաքական մարդիկ, հետևապես, լայն իմաստով` անկուսակցականություն։ Քաղաքական միտքը պետք է ազատագրել մոնոպոլիստներից, իմաստուններից, էլիտաներից։ Այն անհրաժեշտ է մաքրել նաև հնամաշ արժեքներից ու ֆետիշներից։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ