Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո նախօրեին Բաքվում բացվեց «Հաղթանակի պուրակը», որտեղ ռազմական ավարից բացի ցուցադրվում էին նաև զինվորական սաղավարտներ՝ հավաքված մարտի դաշտից, որտեղ մինչ օրս զոհերի մասունքներ են հայտնաբերվում, և զինվորական հագուստով մանեկեն-«հայեր»։
Արդեն այսօր՝ ռազմահագուստը փոխելով կոստյումի և Պուրակի ռազմավարային ինտերիերից անցում կատարելով դեպի ADA համալսարանի «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն կոնֆլիկտից հետո» կոնֆերանս, Ալիևը խոսում էր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության, ղարաբաղցի հայերի նկատմամբ ուժի չկիրառման և կամուրջներ կապելու անհրաժեշտության մասին։
Թե ինչպես է այս «խաղաղաշինությունը» համատեղվում այլատյաց մանիֆեստացիաների հետ և ինչպես է այդ համակեցությունը քննարկվում Ադրբեջանում՝ Epress.am-ը զրուցել է հակապատերազմական ակտիվիստ, հետազոտող Բահրուզ Սամեդովի հետ։
— Բահրուզ, Բաքվի պուրակի բացման ու «ավարի» ցուցադրության մասին։ Հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի ՄԻՊ-ն ու ԱԳՆ-ն։ Զինվորական սաղավարտներով շրջապատված Ալիևի և պուրակում ցուցադրվող մանեկենների լուսանկարները շրջում են սոցցանցերով։ Ինչպե՞ս է այդ միջոցառումն ընդունվել Ադրբեջանում, ի՞նչ քննարկումներ է առաջացրել։
Բ․ Ս․ — Սա, իհարկե, բուռն քննադատության ալիք է բարձրացրել անգամ ընդդիմության շրջանում, որն Ադրբեջանում ավանդաբար ազգայնական է: Պաշտպանողներն այնքան շատ չէին, որքան այլ դեպքերում: Շատերը դատապարտում էին։
Եթե չի քննադատվում պուրակի բացման փաստն ինքնին (չնայած որոշ դեպքերում քննադատվում է նաև դա), ապա՝ գոնե դրա բովանդակությունը, նախագահի հռետորաբանությունը, որը շատ կտրուկ և ծայրահեղական է դարձել, այդ թվում՝ նաև ընդդիմության հանդեպ։
Մեծ հաշվով՝ նույնիսկ ընդդիմությունն ու քաղհասարակությունն են հասկանում, որ սա նույն բացառման տրամաբանությունն է։ Ատելությունը նրանց և հայերի նկատմամբ միաձուլված է․․․ Նրանք ազգի թշնամիներն են՝ բացառված ազգից։
Ժողովրդի շրջանում այդ պուրակի հետ կապված առանձնահատուկ խանդավառություն ես չեմ նկատել։ Անգամ, օրինակ, ազգայնականների շրջանում։ Կային, իհարկե, նաև պաշտպանողներ։ «Այդպիսի թանգարաններ այլ երկրներում էլ կան, սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել» և այլն։ Բայց դա այնքան շատ չէր, որքան, օրինակ, պատերազմի ժամանակ։
Արժի հավելել, որ սա, իհարկե, շոկային է։ Սա շոկային է հասարակության առաջադեմ հատվածի համար։ Որոշ մարդիկ սպասում էին, որ պատերազմից հետո խաղաղության ինչ-որ գործընթաց կլինի․․․ Սակայն ոչ ընդդիմությունից (ինչպիսին էլ այն լինի), ոչ իշխանությունից այժմ ոչ մի գործընթաց էլ հնարավոր չէ ակնկալել։
— Վերջին շրջանում ավելի հաճախ են խաղաղաշինական ինչ-որ լղոզված կոչեր հնչում։ Ալիևը, օրինակ, այսօր ADA համալսարանում էր ելույթ ունենում՝ խաղաղության էր ջատագովում, կամուրջներ կառուցում․․․ Որքանո՞վ է սա համատեղելի ատելության այս մանիֆեստացիաների, պուրակների ու պարադների հետ։ Ինչպե՞ս հասկանանք այս երկակի ուղերձները։
Բ․ Ս․ — Դա, ըստ ամենայնի, արտաքին հանդիսատեսի համար է արվում։ Ներքինի համար [համալսարանական կոնֆերանսի ելույթը] դժվար թե նշանակություն ունենա։ Ժողովուրդը պատրաստ չէ դրան, նրան ոչ ոք չի պատրաստել։ Ժողովրդն ատելությամբ է մեծացել։ Մոտակա ժամանակներում որևէ խաղաղության սպասելու իմաստ ես չեմ տեսնում, հեռանկարներ, կարծես, չկան։ Ադրբեջանի իշխանությանը դա պետք չէ։
Իշխանությունը չի ուզում փոխել իր հռետորաբանությունը։ Նույն պատմական ռեվիզիոնիզմը՝ ավելի ցուցադրական։ Կտրուկ փոփոխություններ նրանց պետք չեն, նրանց պետք է ստաբիլություն և ազգային ինքնության անփոփոխություն։ Եվ պետք է ցույց տալ, որ Ալիևը հաղթող է, որ նա «հայերից բարձր և ուժեղ է»։