Հայերը Հայաստանում թե Սփյուռքում պահանջում են, որպեսզի Թուրքիան ճանաչի հայերի Ցեղասպանությունը: Նրանք անընդհատ հիշում են նաև Բաքվի ու Սումգայիթի ջարդերի մասին: Հայոց ցեղասպանության դատապարտումը արդար պահանջ է, իսկ Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումները դատապարտելի են:
Բայց պարզվում է, որ դատապարտելի չեն նույն ժամանակ Հայաստանում, ԼՂԻՄ օկրուգում և հարակից տարածքներում տեղի ունեցած էթնիկ հիմքով զտումները, որի հետևանքով հարյուր հազարավոր ադրբեջանցիներ դարձան փախստական: Դատապարտելի չէ 30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիան՝ առանց այնտեղ ապրող մարդկանց հետդարձի մասին իսկ ծպտունի: Դա դատապարտելը պետական և ազգային հանցագործություն է:
Իսկ պետությունը և ազգը կոնկրետ մարդիկ են: Պետության առանցքում նրանց էգոցենտրիզմն է, նրանց շահերը և գաղափարական պատկերացումները: Նրանց են պատկանում պետության ռեսուրսները, փողը, նրանց են ծառայում պետության քաղաքացիները: Պետություն չեն և դրանում տեղ չունեն և կարող են ամեն պահի թիրախավորվել նրանք, որ թուրք են, ադրբեջանցի, հնդիկ, ԼԳԲՏ, «ժեխ» և «բիդլո»: Այս շարքը երկար է: Հայաստան պետությունը պատերազմի հետևանքով ձևավորված քրեա-օլիգարխիայի պետությունն է եղել տարիներ շարունակ և այս հանգամանքը հաշվի առնող, դրա հետ հաշվի նստող քաղքենության: Եւ հենց այս հասարակախավերի քաղաքական-գաղափարական պատկերացումներն ու գործունեությունը քննադատելը կամ հարցադրելն է դառնում պետական և ազգային հանցագործություն, պետական և ազգային դավաճանություն:
Իմ դեմ սկսված արշավը և պետությանը, ազգին դավաճանելու մեղադրանքով քրեական գործ հարուցելու դիմումը իրավական հարց չէ, այլ քաղաքական: Եթե ԱԱԾ-ն գործը բացի, այն կունենա քաղաքական հաշվեհարդարի և հետապնդման տարրեր: Իմ հերթին ես չեմ դիմելու իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկելու իմ հասցեին բռնության կոչեր և մահվան սպառնալիքներ հնչեցնող ֆեյսբուքյան օգտատերերին՝ իրական թե կեղծ: Այդ մարդիկ չունեն ուրիշ ընտրություն այս սիստեմում, քան լինել զոհ կամ դահիճ: Նրանք կամ պետք է մեռնեն, կամ սպանեն. սա է համակարգում նրանց վիճակված դերը: Իմ դեմ արշավը հրահրել են և կրիտիկական զանգված գեներացրել օլիգարխիկ էլիտաներին սպասարկող գրական-ակադեմիական շրջանակները:
Հայաստանում ոչ ոք չնկատեց կամ չուզեց նկատել, թե ինչպես գրավյալ տարածքներ բառերը մի կարճ ժամանակով հայտնվեցին չակերտների մեջ, իսկ հետո դարձան ազատագրված տարածքներ: Այլևս փակվեց ու փակ մնաց այն փոքրիկ ճեղքն անգամ, որ կարող էր ինքնա/քննադատության, այլասիրության, այլախոհության և կյանքի հույսեր ներշնչել: Ի հայտ եկած գաղափարական մեյնսթրիմ ուղղության սլաքը սկսվեց տատանվել մեկ միջակայքում՝ նացիզմից մինչև ֆաշիզմ, ֆաշիզմից մինչև նացիզմ: Եւ սա էր այն նշաձողը մինչև ուր հասնում էին ակադեմիական ազատությունները, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, քաղաքացիական շատ շարժումներ: Մինչև այս կետն է ձգվել հայկական դեմոկրատիայի, հումանիզմի և բազմակարծության սահմանը: Սա քանիցս պարզ է դարձել և երևակվել, բայց լռության է տրվել, անտեսվել և կոծկվել, որովհետև մեզ զրկել են կյանքի և գույքի իրավունքից, մեզ զրկել են խոսքի և մտքի իրավունքից, մեզ զրկել են փողոցից, մեզ զրկել են համալսարանից, մեզ զրկել են մեր երազանքներից, սիրածներից, ընկերներից: Փոխարենը մեզ բաժանել են մահ, մեզ բաժանել են աղքատություն, մեզ բաժանել են ատելություն մեր նմանի հանդեպ: Եւ մի բուռ պահպանակ են մեզ տվել գլխներիս քաշելու համար և այս ամենի հետ հաշտվելու և գոյատևելու համար: Եւ ոչ ոք չի կարող ազատ շնչել, բարձր խոսել, քիթը աղմուկով սրբել, որովհետև պահպանակների պատերը իրականում բարակ են փուչիկի նման և կպատռվեն: Կյանքը անտանելի է պահպանակների մեջ։ Կյանքը անտանելի է պահպանակների մեջ։ Կյանքը անտանելի է պահպանակների մեջ: Հայաստանում հազարավոր երիտասարդներ զոհվեցին, խեղանդամ դարձան, գերի ընկան մի քանի ամիս առաջ: Նշանակում է, որ պահպանակները ամենևին էլ ապահով չեն, ուրեմն թող կորչեն դրանք:
Եւ կեցցե՛ ազատությունը:
Գայանե Այվազյան
սկզբնաղբյուր