Խոսքի ազատության, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ կարծիքների բազմազանության արգելանքի հետևանքով Հայաստանում ոտնահարված է կյանքի իրավունքը, ռազմահայրենասիրական զեղումների պարտադրանքով՝ օտարված է Հայաստանի լռեցված և պատանդառված քաղաքացիների կյանքի իրավունքը: Ավելին՝ կյանքի իրավունքի օտարումը վերածվել է արդարցված և խրախուսելի քաղաքական կատեգորիայի՝ նահատակվողի հերոսականության կոմպենսացիայով և ինքնակոչ տրիբունալների գնդակահարության կոչերի վերդիկտով, երբ հանկարծ մեկը կազարմայի կանոնից տարբերվող կարծիք կհայտնի:
Հայաստանի անկախությունը փոշիացրած, Հայաստանն արտաքին աշխարհից և աշխարհաքաղաքական զարգացումներից մեկուսացրած, Հայաստանի ապագան մթագնած, պատերազմ կոչված՝ ծրագրավորված մսաղացում Հայաստանի հազարավոր քաղաքացիների կյանքը խլած, հազարավոր քաղաքացիների հաշմած, հարյուրավոր անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ճակատագրերի համար ռազմահայրենասերների բանդան դատարանի առջև կանգնելու փոխարեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների և իր տրենդը վերականգնելու համար կազմակերպել է Գայանե Այվազյանի հալածանքը:
Գայանե Այվազյանին թիրախավորած հանցավոր խմբերի և պատվիրատուի (պատվիրատուների) բացահայտումը, նրանց քրեական պատասխանատվության ենթարկումը դե յուրե իշխանության, մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեստն է:
Գեորգի Վանյան, իրավապաշտպան