Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում Հայաստանը «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր չի քննարկում և չի քննարկելու, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները:
Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:
Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու», – նշել է Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:
Ալիևը, հիշեցնենք, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նշել էր․
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա…Պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին։ Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները։ Այժմ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, արդեն կան լավ արդյունքներ»։ Ալիևը հայտարարել էր նաև, որ արդեն սկսվել են Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթգծի կառուցման աշխատանքները։ Ադրբեջանի առաջնորդը վստահ է, առաջիկա 2 կամ 2.5 տարվա ընթացքում գիծը շահագործման կհանձնվի։