Home / Հայաստան / Սյունիքի տագնապի պատճառների մասին

Սյունիքի տագնապի պատճառների մասին

Պատերազմի ավարտից հետո թվում էր, թե կլինի անցյալի սխալների վերանայում և ռեֆլեքսիա։ Սակայն կար երկու ընդհանուր միտում` մեկը ռադիկալ նացիոնալիստական թևի խորը դեպրեսիան, որ չի հաշտվում կատարվածի հետ, բացառում է Հայաստանի ինտեգրացիան տարածաշրջանին թուրքական և ադրբեջանական գոյության բերումով ու նպատակ ունի ուժեղացնել, զորացնել հայկական զինուժը, հետ գրավել հողերը, վերացնել հայերին սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգը։ Մյուս խումբը ավելի վտանգավոր է և լպրծուն. սրանք քուլ, մոդայիկ, անձնապաստան մարդիկ են` մարդու իրավունքների բուրժուական ջատագովներ, որ պատերազմի օրերին սատարում էին պետության մեքենայի գործունեությունը, բայց պատերազմից հետո սահուն իրենց վրայից գցեցին պատերազմական շորերն ու արագ մտան քաղաքական գերազանցիկի հին դերի մեջ` դատապարտելով և ամբողջ պատասխանատվությունը գցելով օրվա իշխանության վրա։ Երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ քաղաքականապես այս ամորֆ հատվածը չի փոխում իր երկակի դեմքը` նա խաղաղ ժամանակ խաղաղասեր է, պատերազմի ժամանակ` պատերազմասեր։

Այս վտանգավոր օպորտունիստական ուժերը այսօր ունեն իշխանություն Հայաստանում` ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա խմբի։ Սա այն բալաստն է, որ ստեղծվել է Ղարաբաղյան շարժմամբ իշխանության եկած խմբի 30 տարվա գործունեության արդյունքում` 1991-ից մինչև հիմա։ Այս այլընտրանքը ստեղծվել և հրապարակ է նետվել սիստեմի կողմից` այլընտրանք սիստեմի ներսում, դրա արժեհամակարգը վերարտադրող այլընտրանք։
Ղարաբաղ կոմիտեի այս երիտսերունդը, ի տարբերություն իր նախահայրերի, որ հրապարակ մտան «Ղարաբաղը մերն է» լոզունգով, ոչ միայն ամեն ինչ արեց հիմար հայրերի այս պնդումը առաջ տանելու, այլև նրանց գերազանցելու համար և երկրորդ անգամ պատերազմի մեջ մտնելով` սպանեց, վիրավորեց, գերի տվեց հազարավոր մարդկանց` մեծ հաշվով տանուլ տալով Ղարաբաղը, որը երբեք էլ չէր ունեցել։ Փաշինյանը ներողություն խնդրեց սրա համար, բայց նրա արցունքները Հանրապետության հրապարակում կոկորդիլոսի լաց էին, քան անկեղծ զղջում և սխալների գիտակցում։ Սյունիքի դեպքը դրա ապացույցն է։

44 օրյա պատերազմի ժամանակ նա պահեց այս հասարակությունը հոգեկան տեռորի մեջ` վերաթարմացրեց բոլոր ասքերը, միֆերը, պատմական և գրական նախագծերը` մարդկանց ներշնչելով երկրորդ ցեղասպանության վախը։ Նա գոռում էր, որ երեխաներին մորթելու են օրորոցներում, տղամարդիկ զենք կապեն, կանայք ոսկիները ծախեն, օջախը պաշտպանեն։ Օրումեջ փրկության կոչեր էր արձակում, Եվրոպային դիմում Արևելքում մնացած սպիտակ եղբայրներին օգնելու խնդրանքով, հակառակ դեպքում սպառնալով` Վիեննայի պատերի տակ տեսնել թուրքական յաթաղանը։ Այս ամենը եղել է։ Ինչո՞ւ էր սա անում Փաշինյանը, արդյո՞ք միայն նոր ժամանակների Խենթը լինելու մանկական երազանքն էր ընկած նրա գործողությունների տակ։ Ամենևին` ոչ։ Նա դրանով պահում էր իր իշխանությունը` խուսափելով հնարավոր գահընկեցությունից կամ նոր ընտրություններից։ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ պատերազմում հաղթանակը, եթե նույնիսկ այն լիներ, ապա չէր լուծելու Ղարաբաղի հարցը, ինչպես որ չէր լուծել առաջին պատերազմը։ Այս պատերազմը Ղարաբաղի համար չէր, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների համար չէր։ Նա պատերազմով կատարեց ղարաբաղահեն կապիտալի տերերի պատվերը` հույս ունենալով դրանով պահել իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը չի փոխվել։ Նա չի գիտակցում խաղաղության ու հաշտության գնալու կարևորությունը, չի գիտակցում հարևանների հետ երկխոսելու և նորմալ հարաբերություններ ունենալու կենսական անհրաժեշտությունը։ Դա բնական է. մի քանի ամիս առաջ նա իրեն ռազմի աստվածն էր երևակայում, այս գործիչը չունի խաղաղության օրակարգ։ Նա մարմնավորում է էգոցենտրիկ ազգայնականությունը, օրիենտալիստ ընկալումներ ունի և տառապում է սելեկտիվ-դիսկրիմինատիվ հայացքներով։ Նա սադրելու է հարաբերությունների կարգավորման գործընթացը ամենափոքր շանսի դեպքում` «լավագույն հայրենասերի» ցուցադրական դիրքը բռնելով։

Հասկանալի է, որ սահմանների ճշտումը մի պետության դեպքում, որ 30 տարի չգիտեր իր իրական սահմանները, հարմար պատրվակ է մարդկանց մանիպուլացնելու և քաղաքական շահարկումների առարկա դարձնելու։ Ընտրություններից առաջ սա պարզապես նվեր է քաղաքական ուժերին։ Մի կողմից` ընդդիմադիր հիմնական ուժը սկսեց փոթորիկ բարձրացնել և պանիկա տարածել, մյուս կողմից` իշխանությունը նորից հիշեց ինքնիշխանության մասին և շտապեց գրավել թիվ մեկ պանիկյորի դիրքը և իր վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։ Նախընտրական մրցակցությունը կարող է մի պատճառ լինել Սյունիքի տագնապի։

Երկրորդ պատճառը կարող է կապված լինել հայկական քաղաքական մտքի հնամենի ավանդույթի հետ` Հայաստանը սարքել ֆորպոստ տարածաշրջանում արտաքին գերտերությունների շահերի բավարարման համար ի վնաս տեղական բնակչության շահերի։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը այսօր չունի քաղաքական ներկայացվածություն կուսակցական համակարգում։ Նման պայմաններում կոմպրադորական քաղաքական ուժերը լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքականապես անտեր լայն շրջանակների համար, որովհետև նրանք հեշտությամբ կարող են մարդկանց զոհել իրենց շահերի համար` առևտրի գնալով մեծ տերությունների հետ։ Ղարաբաղյան հարցի մանդատը տրվել էր Մինսկի խմբին, որը չկարողացավ լուծել խնդիրը։ Ճգնաժամը հնարավոր եղավ հանգուցալուծել Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։ Ակտիվացավ նաև տարածաշրջանային մյուս գերտերությունը` Իրանը։ Դեռևս 2018 թվականից հրապարակ նետվեցին տեսակետներ, որ հարցը կարող են լուծել տարածաշրջանային 3 տերությունները, ոչ թե Մինսկի խումբը։ Արդեն պատերազմի ժամանակ այս առաջարկները մտան ամենավերին դիվանագիտական շրջանակներ, խոսվեց տարածաշրջանի 3 մեծ, 3 փոքր պետությունների համատեղ պլատֆորմի և համագործակցության մասին։ Սրան գումարած` այս տարածաշրջանում մեծ հավակնություններ ու շահեր են հետապնդում Միացյալ Նահանգները և Չինաստանը, որ վերաճշգրտում են իրենց դիրքերը հիմա։ Այս պայմաններում Ղարաբաղի հարցը դարձնել մանրադրամ և շահարկման առարկա սարսափելի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի բնակչության համար։ Մինսկի խմբի վերակենդանացումը և Ղարաբաղի հարցի պատգամաբերը դառնալը առաջին հայացքից կարող է «հայանպաստ» թվալ, ինչպես որ քաղցր են Մակրոնի հայատառ ֆեյսբուքյան փոսթերը, բայց դրանք իրականում կարող են ծառայել արևմտյան ուժերի քաղաքական նպատակներին ընդդեմ տարածաշրջանային գերտերությունների։ Սա նպաստավոր չէ Հայաստանի համար, ավելին շատ վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել նոր աղետների։ Պետք է հիշել, որ Մակրոնը արթնանում է Փարիզում` աշխարհի իմպերիաներից մեկում, և վաղը կարող է մի ուրիշ ստատուս գրել, մենք մեր կյանքն ունենք այս տարածաշրջանում։

Երրորդ պատճառը կարող է լինել ճանապարհների ապաշրջափակումը։ Տապալելով բանակցությունները և պարտվելով պատերազմում` Հայաստանը շատ բան չի կարող թելադրել ապաշրջափակման գործում։ Բացի դրանից` այն չի տիրապետում իր տարածքով անցնող հաղորդակցության ուղիներին։ Ինչպես շատ ճիշտ նկատեց Ալիևը, երկաթուղին պատկանում է ռուսներին, հետևաբար ճանապարհների բացման հարցերը քննարկում են ռուսների հետ։ Արդյ՞ոք կա հակասություն ռուսների և ադրբեջանցիների միջև՝ որ ճանապարհը բացել առաջինը` Մեղրո՞ւ, թե՞ Ղազախի, և սադրանքը սրա շուրջ էր։ Այնուամենայնիվ, սա չի բերի ռուս-ադրբեջանական լուրջ լարվածության։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունի կայուն հարաբերություն և համագործակցություն։ Նա չի գնա ուղիղ առճակատման ադրբեջանական պետության հետ, բայց կարող է օգտագործել Հայաստանը ճնշումներ գործադրելու և օգուտներ քաղելու համար։

Այս բոլոր տարբերակներն էլ վատն են, շատ վատը հայաստանցիների ճնշող մասի համար, և պետք է ամեն ինչ անել նվազեցնելու համար սադրանքն ու ինստրումենտալացումը։ Լացուկոծի, օպորտունիստական քաղաքականության, ռևանշիզմի փոխարեն անհրաժեշտ է վերջապես ազատվել կամակոր երեխայի սինդրոմից, որն անընդհատ խնամող հայր է փնտրում և հասունանալ։ Խաղաղությունը և հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ անհրաժեշտություն է Հայաստանի համար, սրա օտարումն ու վանումը հղի է անդառնալի վտանգներով։ Հայաստանի իշխանությունները չեն կարող անվերջ առաջնորդվել օտար գերտերությունների կամ ազգային խոշոր փողատերերի շահերով և վտանգել բնակչության մեծ մասին։ Նրանք իրավունք չունեն այլևս այդպես վարվելու, մենք չենք կարող, մենք չպետք է դա թույլ տանք։

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ