Երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա, իրադրությունը շարունակում է մնալ նույնը, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա: Իրադրությունը շարունակում է մնալ նույնը, ինչը նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: Այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա։ Իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ», – նշել է Փաշինյանը:
Տեղի ունեցածն, ըստ նրա, նախապես ծրագրված սադրանք էր․ «Նրանք ունեն կեղծ քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմանից ներս։ Այդ քարտեզները կեղծված են։ Դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում հաստատված քարտեզների հետ համեմատությամբ։ Կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։
Կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարկման խնդիր է, որն այնպայման կդիտարկվի»:
«Այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ», – հավելել է վարաչապետի պաշտոնակատարը:
Ըստ նրա՝ այսօր կառավարութան նիստից հետո կլինի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԽ նիստ է տեղի ունեցել նաև երեկ ուշ երեկոյան։ Կեսօրից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները մի քանի ուղղությամբ հարձակում են նախաձեռնել։ Թեև դրանց հետագայում հերքվեցին պաշտոնական աղբյուրենրի և տեղում աշխատող լրագրողների կողմից, ՊՆ-ն ու համայանքապետները հաստատեցին, որ ադրբեջանական կողմը մի քանի կմ առաջ է քաշվել Սև լճի ուղղությամբ, որի մոտ 30 տոկոսը գտվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Հրաձգության, վիրավորների և այլնի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, միևնույն ժամանակ, հերքվեցին։ «Դաշտային» բանակցությունները մինչ այժմ շարունակվում են։ Ադրբեջանցի զինվորականները տարածքից դեռ դուրս չեն բերվել։