Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով», – ասել է Քոչարյանը և հավելել․
«Այդ դիրքն այնպիսի դիրք է, որ ընդամենը զինվորական մեկ փոքր գործողության արդյունքում իրենք կհայտնվեն շրջափակման մեջ: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը և պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Ասում են՝ առաջ են եկել 3 կմ, 5 կմ… ընդամենը մի դիրք է, մի բարձունք է այդտեղ, ընդ որում՝ չպահպանվող: Այդպիսի դիրքային բարձունքներ ամեն տեղ կան, դեռ սահմանային այս խնդիրները հստակեցված չեն, մինչև որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն: Հիմա գնում են այդ հստակեցումները, ճշտումները, բայց դրանց մեջ մենք էսպիսի գործողություններով կարող ենք հասնել նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիր առաջացնենք»։
Ըստ նրա, Ադրբեջանի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը, ի թիվս այլի, Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Պաշտոնյայի համոզմամբ՝ Բաքուն նաև ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանի ներկայությունը հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չէ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում [խոսքը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Սև լճի հատվածի մասին է, որի 30 տոկոսը ադրբեջանական, իսկ 70 տոկոսը՝ հայկական կողմի վերահսկողության տակ է]․ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական զինվորականներն այդ աշխատանքները դադարեցրել են։