Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության «օպերատիվ իրադրությանը» և ընթացող բանակցություններին։ Խոսվել է ստորագրվելիք եռակողմ փաստաթղթի «արտահոսած» բովանդակության, ՀԱՊԿ դիմելու որոշման, սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության, ռազմական բախումները բացառելու հրամայականի, արտաքին մարտահրավերները ներքին շահարկումների առարկա դարձնելու և տեղեկատվական պատերազմում այդ շահարկումների նշանակության մասին։
Փաշինյանի ելույթի սղագրությունը (որոշ կրճատումները)՝ ստորև
«Օպերատիվ իրադրություն»․ 500-ից 600 ադրբեջանցիներ դեռևս Հայաստանի տարածքում են
— Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի և Գեղարքունիկի մարզերում, փոփոխություն չի կրել․ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված։
— Դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ մնում են Հայաստանի տարածքում (մոտավորապես 500-600 հոգի տարբեր հատվածներում)։
Անել հնարավորինս՝ ռազմական բախումը բացառելու համար
— Մեր ԶՈՒ-երի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է․ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։
— Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է․ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, անել հնարավորինս՝ պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և հասնել նրան, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչները լքեն Հայաստանի տարածքը։
Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի անսպասելի դաշնակիցներ
— Ըստ էության, մեր միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները նույնական են։ Այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի տարածքը։ Սա մի փաստ է, որ աշխատանքային մակարդակում արձանագրված է։
— Սա չանելու համար Ադրբեջանը օգտագործում է որոշակի լծակներ, և Հայաստանի Հանրապետությունում ունի անսպասելի կամ արդեն շատ սպասելի դաշնակիցներ։
— Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարևոր է, քան բուն դաշտում տեղի ունեցողը։ Չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Այդ մարդկանց գործունեությունը նոր չի․․․ նրանք 2020 թվականին հրապարակային հրավիրում էին Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, վերջերս այդ մարդիկ ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել Հայաստանի սահմանը։ Հիմա նրանք Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, և այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան։
«Արտահոսած» փաստաթղթի մասին
— Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը սևով ծածկված է։ Դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ ․․․Ինչո՞ւ է դրա բովանդակությունը ծածկված, թաքցված։
— Սա այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել։
— Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում։ ․․․Եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան։ Ինչքան վերլուծում եմ՝ հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից։
— Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնությամբ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։
— Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, ես այդ թուղթը ստորագրելու եմ։ Որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։
— Ես այդ թուղթը չեմ ստորագրի, ուղղակի որովհետև կոռեկտ չէ․․․ Բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն։
[Խոսքը Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի կողմից հրապարակված փաստաթղթի մասին է, որով (ըստ հրապարակված հատվածի) ամրագրվում են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի սկզբունքները։ Աղբյուրի համաձայն՝ ստեղծվելու է հանձնաժողով, որն ամրագրելու է դեմարկացիայի կանոնները․ սահմանագծումը հիմվելու է երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության այս ընթացքում սահմանազատման և սահմանագծման, այսինքն՝ դեմարկացիայի անրաժեշտության վրա հատկապես պնդել է ռուսական կողմը՝ արտգործնախարարի և նախագահի մակարդակով մի քանի անգամ շեշտելով համապատասխան գործընթացը մեկնարկելու անհրաժեշտությունը]։
Ի՞նչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողներն անցնեն հայ-ադրբեջանական սահմանը
— Պատերազմից հետո մեր երկրի սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետր։
— Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և որտեղ որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Ինչպիսի՞ վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից։
— Այստեղ ուրիշ խնդիր կա․ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ այս վիճակը պետք է համադրել։ Մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժը ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանք իրականացնենք սա արձանագրելու համար։
ՀԱՊԿ դիմելու և չկրակելու մասին
— Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը առանց զինված դիմադրության դիմել է ՀԱՊԿ-ին։ Բոլոր այն մարդիկ, որոնք գոնե մի քանի պարբերություն կարդացել է ՀԱՊԿ պայմանագրերից, պետք է իմանան, որ այդ ՀԱՊԿ-ը հե՛նց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու։
— Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու։ Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և այն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար։ Հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը։ Որովհետև եթե սկսվում են կրակոցները, դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի․․․
Ի վերջո, ո՞րն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը։
— Տարբերակներից մեկը, որի մասին խոսել ենք, պատերազմի հրահրումն է։ Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունը առնվազն Սյունիքի հատվածով իրականացվում է Սյունիքի մարզի և ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ լայնություն ունի, և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որոնք հետո կարող են շատ մեծ պրոբլեմների առաջ մեզ կանգնացնել։
— Այնպես որ, մեր մոտեցում, որը հարցը լուծենք մեր միջազգային անվտանգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ և այս պահի դրությամբ այն համենայն դեպս արդարացնում է իրեն։ Բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, մենք չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին։
— Չի կարելի բացառել նաև, դիտարկելով ներքին պրոցեսները, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է և գուցե նաև Հայաստանում գործող այդ պրոպագանդիստական գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը։ Բայց, ընդհանուր առմամբ, ես խոսեցի ադրբեջանական պրոպագանդայի մասին, բայց մենք այս իրավիճակում պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին։ Պահը չափազանց պատասխանատու է, և մենք հստակ արձանագրել ենք և շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը։
Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին
Շատ է խոսվում դեմարկացիա-դելիմիտացիա՝ սահմանների ճշգրտման մասին։ Հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել։ Ես ուզում եմ ամենային պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը։
— Սահմանների ճշգրտումը, արձանագրումը և ի վերջո ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք են։
— Բայց պետք է հասկանալ, որ դա պարզ գործընթաց չէ։ Հետխորհրդային երկրներից, համենայն դեպս՝ մեր տարածաշրջանում, չկա երկիր, որ ավարտին է հասցրել դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը։
Ի՞նչ է դելիմիտացիան և դեմարկացիան։ Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար։ Դեմարկացիան արդեն տեղում ֆիքսելն է, թե քարտեզում նշված կետը կոնկրետ տեղանքի որ կետին է համապատասխանում։
Ապաշրջափակման մասին
— Կոմունիկացիաների բացումը մեր կառավարության առաջնահերթություններից մեկն է։
— Կոմունիկացիաները բացումը ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է Հայաստանին։
— Սկսած 1992 թվականից Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն։
— Կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։
— Չեմ կարծում, թե մենք պետք է ամեն օր այս մասին հայտարարենք։ Ասում եմ՝ բոլոր ժամանակների համար․ կոմունիկացիաների կոնտեքստում մենք «միջանցքային» տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու։
Ղարաբաղյան կարգավորման մասին
— Միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ավելի ու ավելի ակտիվ խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։
— Սա կարևոր է նրանով, որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է։
— Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, և այն դեռ պետք է կարգավորվի։
— Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը՝ այո, գնալ և կարգավորել հարցը։ Ինչի՞ համար։ Որովհետև այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար։
— Սա հեշտ գործ չէ։ Սա չափազանց դժվար գործ է։ Այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաև հարվածներ վերցնելու ընդունակություն։ Այստեղ պետք է հանրության հետ բաց, ազնիվ և անկեղծ երկխոսություն։ Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով։
— Ես ուզում եմ, որ մենք իլյուզիաների չտրվենք։ Այո՛, այսօր Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել են Հայաստանի սահմանը։ Եվ իմ ասած այս երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը րոպե առաջ լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։
թարմացումներին կարող եք հետևել մեր տելեգրամ-ալիքում