Home / Ոստիկանություն / Քոչարյանի շտաբի պետը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Քոչարյանի շտաբի պետը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Հայաստանի նախկին փոխվարչապետ, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված գումարներնն օրինականացնելու (փողերի լվացման) համար։

Հատուկ քննչական ծառայության կողմից ձեռք են բերվել ապացույցներ, որ նախկին փոխվարչապետը 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր կերպով ստացված  4.921.302.379 դրամը։

2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված մարդկանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է 743.458.821 դրամ, մինչդեռ վերջիններիս անունով նույն ժամանակահատվածում գրանցվել է Գևորգյանին փաստացի պատկանող` Երևանում և մարզերում գտնվող` հիշյալ գումարը բազմակի գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։

Գևորգյանը ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով անցկացնել ձևական աճուրդներ և համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անունով։

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում և մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 դրամ, մինչդեռ նույն գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 դրամից ավելի, իսկ Գևորգյանի հետ փոխկապակցված մարդկանց անունով Չեխիայում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 դրամին համարժեք 920.000 դոլար։

Պարզվել է նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Չեխիայում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված մադիկ հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անունով գրանցվել են անշարժ գույքեր: Բացի դրանից՝ այս մարդիկ բանկային գործարքների եղանակով շրջանառել են գումաներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված գումարների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։

Այսպիսով, քրգործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված մարդկանց կողմից ստացված օրինական եկամուտները։ Այս պայմաններում՝ Գևորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված մարդկանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաև դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179  դրամ և 391.920.000 դրամին համարժեք 920.000  դոլար։

Բացի դրանից՝ Արմեն Գևորգյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաև դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված մարդկանց անձնական և նրանց անունով գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով:

Նախկին փոխվարչապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի  (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է: