Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, կկալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ կալանավորել Գուրգեն Խաչատրյանին, ով, հիշեցնենք, «Յուքոմ» ընկերության հիմնական սեփականատերերից մեկն է։
Դեռևս հունվարի 14-ին Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել հորը՝ Գագիկ Խաչատրյանին (կալանավորվել է 2019 թվականի օգոստոսին) առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելում օժանդակելու համար։
Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է․ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հաստատել է, որ նոր մեղադրանքները առնչվում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։ Առուսատամյանը, հիշեցնենք, մեղադրվում էր փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ։ Ապրիլի 25-ին դատարանը բավարարել էր նրան 2 ամսով կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլար կաշառք:
Առուստամյանն ու Խաչատրյանները մեղադրանքները չեն ընդունում։ Նրանց փաստաբանների փոխանցմամբ, կաշառքի մասին իրավապահների հաղորդումներն անհիմն են, նշված գումարը Խաչատրյանը տրամադրել է Առուստամյանին որպես փոխառություն, ինչի վերաբերյալ կնքվել է փոխառության պայմանագիր, որը մինչ այժմ ուժի մեջ է։
Նույն օրը՝ ապրիլի 28-ին, հայտարարություն էր տարածել նաև Գուրգեն Խաչատրյանը։ Նա հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ օտարել Յուքոմը, և նշվել, որ չհամաձայնելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու։
Հիշեցնենք, որ 2019 թվականին կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին ի թիվս այլ բիզնեսների՝ պատկանում է նաև «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի մոտ 76.8 տոկոսը․ 29 տոկոսը պատկանում է օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում թաքնվող Խաչատրյանների «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, նախկին նախարարի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին է պատկանում 24 տոկոսը։ Վերջիններիս բաժնեմասի վրա մարտի 27-ին կալանք է դրվել։
Գուրգեն Խաչատրյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, անդրադարձել է իրենց ընտանիքին պատկանող բիզնեսների ծագմանը։ Ըստ Խաչատրյանի, ինքն ու իր եղբայրը «ուսանողական տարիներից զբաղվել են բիզնեսով»․ սկզբից՝ «հաղթանակ զբոսայգում հյութերի ու պաղպաղակի կետ», ձախողված դեղատուն, ոչ այդքան հաջողված խանութ, հետո՝ արդեն «15 բրենդներ» և Հայաստանի խոշոր հարկատու հանդիսացող ընկերություն։ ՊԵԿ նախկին նախագահի որդին հայտնել է, որ իրեն «առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն» է համարում և նշել, որ «նպատակահարմար չի գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել»։ Կոնկրետ ինչ է ենթադրում կալանավորի կարգավիճակ ձեռք բերելը ոչ նպատակահարմար գտնելը՝ պարզ չէ, հաշվի առնելով կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ Յուքոմի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները ու հարյուրավոր աշխատակիցներ, այդ թվում՝ գրեթե ամբողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել, երբ իմացել են ընկերության խոշոր բաժնետերերի և «Բիլայն» ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինի միջև ստվերային պայմանավորվածությունների մասին, որոնց վրա, Epress.am-ի տեղեկություններով, մեծ ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը (այս պահին հետախուզման մեջ է)։ Յուքոմի հիմնադիրները առաջարկ էին արել մյուս սեփականատերերին վաճառել իրենց փայաբաժինները, իսկ ընկերության աշխատակիցներին՝ արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր: Նրանց առաջարկն, ըստ էության, մերժվել էր։
Ավելու ուշ՝ ապրիլի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Խաչատրյանների ունեցվածքին և Յուքոմում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա նշել էր, որ, կառավարության ունեցած տվյալներով, Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: «Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը», – գրել է Գևորգյանը։
Անդրադառնալով Յուքոմի բաժնեմասերի օտարման հարցին՝ խոսնակը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ բաժնեմասերի օտարումը հնարավոր է միայն Կառավարության համաձայնությամբ․ «Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»։
Գևորգյանը ընդգծել էր նաև, որ, ըստ կառավարության տեղեկությունների, Յուքոմում «կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը», ով Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի իրական սեփականատերն է:
Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել «Յուքոմ» ընկերությունում և ընկերության նոր տնօրեն (նշանակվել է ապրիլի 16-ին) Արա Խաչատրյանի բնակարանում։