[թարմացում-22։30] – Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Հովիկ Սուքիասյանը։ Փաստաբանը նշել է, որ խոսքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ «Ըստ էության, պայմանագրով տրված է փոխառության գումար՝ տոկոսների վճարմամբ։ Մարդուն ասում են, որ «քանի որ դու տոկոս չես ստացել նշանակում է՝ կաշառք ես տվել»», – ասել է Սուքիասյանը՝ առանց մանրամասնելու, ինչ գործ է, ինչ փախառություն և ում է տրվել: Հարցին՝ արդյոք ձերբակալությունը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի (կալանավորվել է 2019 թվականի օգոստոսին, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ) վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ, փաստաբանը ևս չի պատասխանել՝ հիմնավորմամբ, որ մանրամասներ հայտնելու իրավունք չունի՝ կապված նախաքննական գաղտնիքի հետ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն կալանավորվեց։
Առուստամյանը ձերբակալվել էր երեկ՝ ապրիլի 24-ին։ Դատարանն այսօր բավարարեց իրավապահների միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Կոնկրետ որ քրեական գործով է «Մուլտի Գրուպի» տնօրենը կալանավորել՝ չէ նշվում։ Պաշտոնական հաղորդագրություններ չկան։
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը ներգրավված էր նաև մինչ այս հարուցված ևս երկու քրեական գործերում․ նրան մեղադրանք էր առաջադրվել «Հյուսիս-Հարավի» ծրագրի շրջանակներում փողերի լվացման և առերևույթ չարաշահումներ անելու, ինչպես նաև Երևանի կենտրոնում ապօրինի շինարարություն ծավալելու դեպքերի առթիվ։
«Հյուսիս-Հարավի» քրգործի մասին հաղորդվել էր դեռևս 2019 թվականի սեպտեմբերին․ ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է հենց Սեդրակ Առուստամյանին, որին մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։
Ապօրինի շինարարությանը առնչվող քրգործը հարուցվել էր 2020 թվականին ապրիլին․ ըստ Քննչականի, Երևանի կենտրոնում Առուստամյանի տնօրինած «Մուլտի գրուպ» ընկերությունը 2018-ին Աբովյան փողոցի վրա սկսել էր հյուրանոց կառուցել՝ չունենալով շինարարական աշխատանքներ անելու իրավական հիմքեր։ Այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը, սակայն, շինարարությունը չէր դադարեցրել։ Այս գործով Առուստամյանը մեղադրվում էր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
Երրորդ քրեական գործի բովանդակությունը դեռևս հայտնի չէ։ Ի տարբերություն նախորդ երկուսի՝ այս գործը, ըստ փաստաբան Հովիկ Սուքիասյանի, քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում։