Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին։ Հաղորդագրությունում չի նշվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաի անունը, սակայն պարզ է, որ խոսքը նախկին ռեժիմի օրոք երկար տարիներ հարկային և մաքսային ոլորտները համակարգող Գագիկ Խաչատրյանի մասին է։ ԱԱԾ֊ն նշում է, որ կաշառքը փոխանցվել է պաշտոնյաի որդիների միջոցով։ Նշենք, որ նախկին ֆինանսների նախարարը կալանավորված է 2019 թվականի օգոստոսից։
Նշենք, որ Խաչատրյանների ընտանիքին է պատկանում «Գալաքսի» ընկերությունների խումբը, որին պատկանում Ucom ընկերության մաժնետոմսերի մեծ մասը։ Վերջերս հայտնի դարձավ, որ ստվերային գործարքների պատճառով Ucom֊ը լքել են ընկերության հիմնադիրներ Եսայան եղբայրները։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, կաշառքը տվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտներ՝ այդ թվում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը։ Այս դեպքում ևս ԱԱԾ֊ն կոնկրետ անուններ չի նշում։ Հավանական է, որ խոսքը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մասին է։ Օրեր առաջ կալանավորվեց կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Վերջինիս փաստաբանը ասել է, որ մեղադրականի հիմքում 2011 թվականին կատարված գործողություններն են։ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ֊ի այսօրվա հաղորդագրությունում ևս նկարագրված են 2011 թվականին կատարված ապօրինությունները։
ԱԱԾ֊ի ապրիլի 28֊ին տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:
Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության 2 պայմանագրեր:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ»: