Ապրիլի 24-ի ուշ երեկոյան հարձակում է տեղի ունեցել մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, Մարտի 1-ի լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի, փեսայի քրոջ ու ծնողների վրա։ Միջադեպի առթիվ դատախազի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։
Մեդիակենտրոնի տեղի ունեցած քննարկման ընթացքում Սաֆարյանը նշել է, որ միջադեպն, իր կարծիքով, պատահական չի եղել, ծեծկռտուքի մասնակիցները կենտրոնացած են եղել իր դստեր վրա․ երկու տղա նրան գցել են գետնին և հարվածել։
Նշենք, որ ավելի վաղ Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հայտնել էր, որ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 24-ի երեկոյան․ «5-6 հանցագործներ բնակելի տան մոտ միտումնավոր թե այլ ազդեցությունների տակ բարձրաձայն սկսել են հայհոյանքներ տեղալ, որից հետո Սեդա Սաֆարյանի փեսան դուրս է եկել բակ և պահանջել դադարեցնել հայհոյանքներն ու չխանգարել անդորրը։ Առանց որևէ զրույցի հանցավոր խումբը հարձակվել է նրա վրա։ Բաժանելու համար օգնության են հասել ոչ միայն ընտանիքի անդամները՝ այդ թվում երեք կին, այլ նաև հարևանները՝ կրկին կանայք և տղամարդիկ, որոնք բոլորը ենթարկվել են բռնության», – գրել էր Ստյոպա Սաֆարյանը։
Սեդա Սաֆարյանն այսօր հայտնել է, որ միջադեպի մասնակիցներից մեկի ծնողները զանգել են իրեն և ասել, որ իրենց որդին ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փաստաբանը, սակայն, միջադեպի պատահականությանը չի հավատում։
Նա նշել է, որ հարձակումից օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված կտրուկ մերժողական դիրքորոշում է արտահայտել․ «Դրա հետ մեկտեղ օլիգարխների ուղարկած մարդկանց կրակելու վերաբերյալ տեղեկություններ եմ հայտնել, խոսել եմ Արցախի ներքաշման մասին, նաև հայտնի՝ ՀՀ֊ից դուրս գտնվող օլիգարխի հետ կապված խնդիրներ ունեմ, հարցում եմ արել Էրեբունի հիվանդանոց, թե Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ է այդքան արագ հիվանդանոցներում հայտնվում, ինչը շատ վրդովվեցրել է շատերին, էլ չեմ ասում, որ այստեղ գեներալներ կան, որոնց անուններն եմ հնչեցրել, բայց դրանք բոլորն էլ նույն խմբից են։ Ով էլ ինչ անի, անում է հանուն այդ շահի, հանուն իրենց միասնական պաշտպանության։
Այնպես չի, որ դրանք տարբեր մարդիկ են, իրենք նույն թիմն են, նույն կազմակերպվածությամբ և նույն մտադրությամբ։ Կարող են իրար պասեր տալ՝ այս անգամ դու վատություն արա, մյուս անգամ էլ ես կանեմ: Բայց ես պատահականություն չեմ համարում այն, որ հենց առաջին օրը, որ իմ աղջիկը ոտք է դնում այդ տուն, այդ տան դիմաց տեղի է ունենում նման միջադեպ», – ասել է Սաֆարյանը։
Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ընտանիքը բազմաթիվ հալածանքների է ենթարկվել, դրանք տեղի են ունենում նաև մեդիա տիրույթում, երբ, օրինակ, Արմնյուզով կամ 5-րդ ալիքով որոշ քաղաքական գործիչներ Սաֆարյանի ընտանեկան հարցերն են քննարկում։
Փաստաբանը պատմել է, որ երբ իր եղբոր՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ ոտնձգություն էր եղել, նրանք դիմել էին ոստիկանություն, անգամ տեսանյութեր տրամադրել ոստիկանությանը և մատնանշել հարձակվողներին։ Սակայն ոստիկանության՝ Ավան և Նորք քննչական բաժինները գործին ընթացք չէին տվել, և գործը փոխանցել էր Քննչական կոմիտեին։
«Ախր ո՞վ պիտի գործ քննի, Աղվան Հովսեփյանի հիմնա՞րկը, որը թաթախված է մարտի 1-ի մեջ՝ ոտքերով, գլխով, սրտով, հոգով։ Մինչև հիմա Աղվան Հովսեփյանի արածներին գնահատական չի տրվել։ Ինչի՞ մասին ենք խոսում։ Ուզո՞ւմ են ինքնադատաստանի ինստիտուտ կիրառվի։ Ոնց կարա ժողովուրդն իմանա՝ ովքեր են մեղավոր, իսկ օրգանը չիմանա մեղավորներին։
Այդ պատճառով էլ այսօր Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի ասի՝ ինչո՞ւ եմ մենակս նստած, որովհետև ինքը հո չորս հոգու հետ չի՞ արել։ 44 հոգի, 404 հոգի մասնակցել են այս ամենին, ու բոլորը պետք է նստեին համապատասխան տեղում, որ այսպիսի պատմության մեջ չլինեինք։ Հաճախ ասում են՝ քեզ ի՞նչ է խանգարում, որ Քոչարյանը դրսում է, դրսից կգա նիստի, էլի։ Իբր խորհուրդ են տալիս։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են խոսում։ Խոսում են նրանց անունից, խոսում են նրանց լեզվով, խոսում են նրանց համար», – ավելացրել է Սաֆարյանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խորապես համոզված է, որ եղածը պատահականություն չէ․ գուցե հենց մարտի 1-ի գործի հետ կապված չէ, սակայն ուղիղ կապ ունի Սեդա Սաֆարյանի գործունեության հետ. «Տիկին Սաֆարյանի հետ պարբերաբար տեղի ունեցող իրադարձությունները իսկապես պատահական չեն։ Տիկին Սաֆարյանը այս պահին չարի դեմ պայքարողներից մեկն է, ամենաերևացողն է, կին է, նրան հարվածի տակ դնելը շատ հարմար իրավիճակ է շատերի աչքը վախեցնելու համար»: