հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատգամավորը չի հավատում, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կատարվածը կենցաղային կռիվ է

Պատգամավորը չի հավատում, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կատարվածը կենցաղային կռիվ է

Երեկ գիշերը ծեծի են ենթարկվել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատները՝ դուստրը, փեսան, նրա ծնողները և քույրը։

Ըստ նրա եղբայր՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, իրենք դիմել են Ոստիկանություն և կարծում են, որ դեպքը բացահայտելը «խաղուպար է»․ «Երեկ գիշերը Մուշ Թաղամասում 5-6 հոգի բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչ է կատարվում, ինչու են հայհոյում, մարդիկ կան, կանայք են ներկա, սակայն հարձակվել են նրա վրա ու ծեծել։ Որից հետո ծեծկռտուքին են միանում տան կանայք, հարևանները, հարևանների կանայք, նրանց բոլորին հարվածում են, գցում են գետնին և թողնում, հեռանում։
Ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել, որ գան, բայց պարզվում է ծեծի ենթարկվողներից մեկը, որը նախկին ոստիկան է, զանգել է Ոստիկանություն ու ասել՝ բան չկա, մի եկեք»։

Factor.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ծեծի ենթարկվածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիվանդանոցներում են՝ ենթարկվում են բուժզննման։ Սաֆարյանը նաև ասաց, որ ծեծի ենթարկողների շրջանակը մոտավորապես հայտնի է, և որ ոստիկանները ցանկության դեպքում այն շատ արագ կբացահայտեն։

Կատարվածի մասին Ֆեյսբուք սոցցանցում գրել է «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ նշելով, որ դեպքն իր հետևողական ուշադրության ներքո է․

– Հենց նոր խոսեցի ՀՀ ոստիկանապետ պարոն Սարգսյանի հետ և դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են, եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաև դրանց հովանավորներին և հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի։

Հիշեցնենք, որ 2019 թվականին հարձակման էր ենթարկվել նաև Ստյոպա Սաֆարյանը։