Home / Մարզեր / Թուրք ակտիվիստը մահացել է հացադուլի 297-րդ օրը (թարմացված)

Թուրք ակտիվիստը մահացել է հացադուլի 297-րդ օրը (թարմացված)

[թարմացում- 23։30] – Մուստաֆա Կոչակը «Գրուպ Յուրում» ձախական երաժշտական խմբի անդամ չի եղել։ Քիչ առաջ՝ արձագանքելով մամուլում տարածվող տեղեկություններին, այս մասին հայտնել է Free Grup Yorum! թվիթերյան միկրոբլոգը։

Այսօր հացադուլի 297-րդ օրը մահացել է թուրք ակտիվիստ Մուստաֆա Կոչակը։ 

Այս մասին հայտնել է Halkın Hukuk Bürosu (Ժողովրդի իրավաբանական գրասենյակ) ընդդիմադիր իրավաբանների խումբը։ «Իմացեք, որ Մուստաֆային սպանել է պետությունը՝ զրկելով դատարանում լսելի լինելու հնարավորությունից», – ասվում է խմբի թվիթերյան գրառման մեջ։

Մուստաֆա Կոչակը ցմահ ազատազրկման էր դատապարտվել դատախազ Սելիմ Քիրազի սպանության համար զենքի ձեռբերման գործով՝ 2015 թվականին։ Նա հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ ներգրավված չի եղել զենքի գնման գործընթացում, իսկ խոստովանական ցուցմունքը գրել է կտտանքների արդյունքում։ Ավելի ուշ՝ 2017 թվականին, նրան մեղադրանք էր առաջադրվել նաև սահմանադրական կարգի տապալում նախապատրաստելու համար։ 

Մարտի 19-ին «Գրուպ Յորում» ձախական երաժշտական խմբի ընկերները հայտարարություն էին տարածել, որ Մուստաֆա Կոչակը տեղափոխվել է Իզմիրի Կիրկլար բանտ և անցել «մահացու ծոմի»։ Թուրքիայի Ներքին գործերի նախարար հայտարարել էր, որ կլսի հացադուլավորների պահանջները, եթե նրանք ավարտեն իրենց ծոմապահությունը: Հացադուլը, սակայն, շարունակվել էր։ «Մենք չենք վստահում նախարարությանը: Մենք չենք դադարեցնի մահացու ծոմը, մինչև մեր պահանջները չկատարվեն», – հայտարարել էր խմբի խոսնակ Շեհեր Ադգուզելը։

«Ամենը, ինչ նա ցանկանում էր, արդար դատավարություն էր։ Նրան այդ հնարավորությունը չտվեցին: Նա դարձավ անարդար վճռի վերջին զոհը», – Twitter-ի գրառմամբ հայտարարել է քրդամետ «Ժողովրդի դեմոկրատական կուսակցության» պատգամավոր, Մարդու իրավունքների հետաքննող հանձնաժողովի անդամ Օմեր Ֆարուք Գերջերօղլուն։

Ապրիլի 3-ին Թուրքիայում հացադուլի 288-րդ օրը մահացել էր նաև Գրուփ Յորում խմբի երաժիշտ Հելին Բոլեքը։

Բյոլեքը՝ Գրուփ Յորումի մեկ այլ անդամ Իբրահիմ Գյոքչեքի հետ միասին, հացադուլ էին հայտարարել՝ խմբի անդամների արդար դատավարության, համերգների արգելքի չեղարկման, խմբի մշակութային կենտրոնի վրա ոստիկանական գրոհների դադարեցման, խմբի ազատազրկված անդամների ազատ արձակման պահանջով։

Հիմնադրման ժամանակներից՝ 1985 թվականից, տարբեր կազմերով հանդես եկող Գրուպ Յորումը 23 ալբոմ է թողարկել։ 2016 թվականից Թուրքիայի իշխանություններն արգելել են խմբի համերգները՝ մեղադրելով Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP-C (քրդամետ) ռադիկալ մարքսիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։

Գրուպ Յորումը ղեկավարում է Ստամբուլի Օքմեյդանի շրջանում գտնվող «Իդիլ» մշակութային կենտրոնը, որում վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 10 ոստիկանական գրոհ է եղել։ Այդ գրոհների հետևանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, այդ թվում խմբի 7 անդամներ, որոնք մինչև այժմ կալանքի տակ են։

https://www.youtube.com/watch?v=Qwbh6ZHEiUc