«Հանցավոր խմբի» գործով անցնող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Հարություն Սարիբեկյանը, չնայած հունվարի 12-ին դադարեցրել է 1 ամիս տևած հացադուլը, սակայն այդպես էլ չի հասել իր պահանջի կատարմանը՝ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանադանոց»։
Epress.am-ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ Սարիբեկյանն այս պահին շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Սարիբեկյանը հացադուլ և ջրադուլ (մի քանի օր անց ջրադուլը դադարեցրել է-խմբ․) էր հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանադանոց»։ Բացի դրանից, նա անհիմն է համարում իր նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանքի որոշումը:
«Նա պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ, գլխի մեջ բեկորներ կան, ունի գլխացավեր։ Սարիբեկյանը պնդում է, որ ճնշումն է բարձրանում, վատանում և ուշաթափվում է։ Նա խնդրում է, որ իրեն կոմպյուտերային տոմոգրաֆիա անեն և բուժում նշանակեն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին։
Նրա խոսքով՝ «Նուբարաշեն»-ից տալիս են պաշտոնական պատասխան, թե բուժում կալանավորին և դեղեր են նշանակել․ «Սակայն այնտեղ հնարավոր չէ տոմոգրաֆիա անել, նրան պետք է կա՛մ դատապարտյալների հիվամնադնոց տեղափոխեին, կա՛մ քաղաքացիական հիվանդանոց»։
Հունվարի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն ընդհատվել էր, քանի որ Սարիբեկյանի ինքնազգացողությունը վատացել էր և շտապ օգնություն էին հրավիրել։ Այդ օրն էլ նա դադարեցրել է հացադուլը։
Հիշեցնենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, 2015 թվականին Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է հանցավոր համագործակցություն:
«Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են», ֊ ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։