հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / մարտի-1 / Նախկինների դիմադրությունն ու մեղքը «մարտի 1»-ի գործում

Նախկինների դիմադրությունն ու մեղքը «մարտի 1»-ի գործում

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից անցել է 12 տարի։ Գործով մեղադրյալներից միայն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կալանավորված։ Անցած տարվա գարնանն սկսված դատավարության շրջանակներում բուն գործին հարցը դեռ չի հասել։ Պաշտպանական կողմն ամեն ինչ անում է՝ պրոցեսը ձգձգելու համար, գիտակցելով, սակայն, Քոչարյանի պատասխանատվությունը։ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ մարտի 1-ը ծնվեց դրան նախորդած 10 տարիների ընթացքում տեղի ունեցող կեղծիքների, անօրինականությունների, պաշտոնական անձանց հակաօրինական պահվաքծի ու այլ նմանատիպ հանգամանքներով պայմանավորված։

Ըստ Սաֆարյանի՝ հնարավոր չէ ասել, թե «մարտի 1»-ի գործով հայտնի չէր, որ մեղավորներն իշխանություններն էին, ոչ թե ընդդիմադիրները․ «Մենք տեսնում էինք, որ ընդդիմադիր գործիչների դեմ վենդետա է կատարվում։

Էդ վենդետայի գործընթացներին առաջին պահից սկսած մինչև վերջին պահը մասնակցել ենք։ Ես էդ կրակոցների մեջ անձնապես ներկա եմ եղել, և վերջերս օպերատիվ աշխատողներից մեկն օրինակ էր բերում, ասում՝ տիկին Սեդա, հիշո՞ւմ եք, որ մենք մտել էինք էն սեյֆի կողքը և վախենում էինք, որ կենտրոնի ոստիկանությունում մեզ էլ կկրակեն, մեզ էլ կկպնի գնդակը»։

Մարտի 1-ի իրադարձություններին՝ պատժիչ գործողություններին, հանգեցրեց այն ժամանակվա իշխանությունների անկարողությունը, նշում է փաստաբանը․

«Ես էն կարծիքին չեմ, որ երբևէ Ռոբերտ Քոչարյանը նման ցանկություն ունեցել է՝ մերձենալ իր ժողովրդի հետ, որովհետև, ըստ էության, նախագահը, որը մշտապես մտածում է, որ կարելի է «Չերյոմուխա»-ն և ռազմամթերքը տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք, էդ ղեկավարը չի՛ կարող ժողովրդավար կոչվել, մերձենալ էդ ժողովրդի հետ»։

Չնայած նրան, որ 2018 թվականին վերսկսված քրեական գործի վարույթն ընթացել է իրավական հարթության վրա, այնուամենայնիվ, Սաֆարյանը կարծում է՝ շատ ավելին կարելի էր անել․

«Մեղադրյալների շրջանակն այսքան չպիտի լիներ։ Նրանք, ովքեր հրաման են տվել տեղում՝ կրակելու, նրանք նույնպես պետք է ներկա լինեին և ունենային ամբաստանյալի կարգավիճակ»։ Տվյալ հանգամանքը քննության բացը համարելով, փաստաբանը համոզված է՝ այն չի թուլացնում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը․

«Նրանց մեղադրանքն այնքան ակնառու է։ Հավատացեք, որ միայն զորքի տեղաշարժը և այն կեղծիքները, որոնք համակարգում տեղի են ունեցել, և արտակարգ դրություն, իսկ իրականում՝ ռազմական իրավիճակ հայտարարելու համար արհեստական ստեղծված, հանցածին էդ հիմքերը հանգեցրել են մարդկային կորուստների»։

Բուն դատական գործին չենք հասնում

Քրեական գործի 86 հատորում կան Ռոբերտ Քորարյանի մեղքը հիմնավորող լուրջ և ծանրակշիռ ապացույցներ, որոնք պաշտպանական կողմը չի ընդունում՝ մշտապես հայտարարելով, որ դրանք բավարար չեն․ «Ես կարծում եմ, որ եթե անգամ 5 հոգի չէ՝ 50 հոգի էլ ցուցմունք տա, Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների համար կարևորն իրենք են, կարևոր է, որ իրե՛նք չեն էդ ընդունում»։ Պաշտպանական կողմը «հետաքրքիր» մոտեցում ունի ապացույցների գնահատման նկատմամբ, նկատել է Սաֆարյանը․ իրենք չեն ուզում այնպիսի փաստերի հրապարակում, որոնք իրենց համար ակնառու կդարձնեն Քոչարյանի մեղադրանքի հիմնավորվածությունը։

«Այնպես չէ, որ իրենք չեն հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես այն անձն է, որը պատասխանատու է եղել մեղադրական եզրակացությունում շարան-շարան ներկայացված բոլոր փաստերի ու հանգամանքների համար»։

Իսկ գործընթացը ձգձգելու փորձերի նպատակն է՝ չհրապարակել՝ ինչպե՞ս և ինչո՞ւ կրակեցին 2008 թվականին։

«Էդ բոլորը հարյուրավոր մարդկանց ցուցմունքներում շատ ցավոտ երանգ է տալիս, ինչն իրենք, կոնկրետ ես լսել եմ, որ [Քոչարյանի փաստաբաններից] Օրբելյանն է դա դիտարկում զգացմունքների դաշտում։

Ես շատ եմ ցավում, որ հանցագործությունը զգացմունքից չեն կարող տարբերել։ Գերադասում եմ զգացմունքային մարդ լինեմ, բայց փաստեր շարադրեմ, քան անզգա մարդ լինեմ ու ինչ֊որ տեսական բաներ հաղորդեմ հասարակությանը», ֊ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սեդա Սաֆարյանը։

Եթե գործն իսկապես «ջուր է», ինչպես ասում է Քոչարյանի պաշտպանական թիմը, հենց իրե՛նք պետք է շահագրգռված լինեն, որ «ջուրն» արագ բացահայտվի, պաշտպանյալն էլ՝ արդարացվի, իր հերթին, նշել է «Մարտի 1»-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

«Կան բազմաթիվ ապացույցներ, թե ոնց է ամբողջ պետական համակարգը ներքաշված եղել մարտի 1-ի գործողությունների իրագործմանը։ Եվ երբ պնդում են, թե այս տուժողներն ի՞նչ կապ ունեն սահմանադրական կարգի տապալման հետ, իրավաբան պետք չի լինել՝ հասկանալու, թե եթե սահմանադրական կարգ չտապալվեր՝ արդյոք 10 հոգի կզոհվեր․․․ Սա պարզապես մեզ համար աբսուրդ է, սա, կարելի է ասել, վիրավորանք է տուժող կողմի նկատմամբ»։

Քաղաքական հետապնդումների մասին հայտարարությունները ծիծաղելի են

Ղարագյոզյանը հիշատակել է նաև Սերժ Սարգսյանի պաշտպանի խոսքերն այն մաիսն, որ երրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ «Եկեք դիտարկենք, թե վերջին 10-20 տարիների ընթացքում ինչ քաղաքական հետապնդումներ, խոշտանգումներ են եղել․․․ Միայն այն հանգամանքը, որ դատարանի նկուղում մարդկանց խոշտանգում են։

Իրականում է՛դ անձինք են քաղաքական հետապնդումների ենթարկվել։ Փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել նույն «Մարտի 1»-ով։ Նույնիսկ լրատվականները, որոնց հետ շփվում էին փաստաբանները, եթերազրկվում էին, նույն «Ա1+»֊ի դեպքը, «Նոյան տապան»֊ը․․․»։

Հղում անելով Human Rights Watch կազմակերպության ամենամյա զեկույցներին, փաստաբանն ասաց, որ դրանցում մշտապես հիշատակվում էին Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները, ինչն այս անգամ տեղի չունեցավ․ «Սա առաջին տարին է, որ նման որևէ դիրքորոշում այդ կառույցը չի հայտնել»։

«Երբ Լեռնային Ղարաբաղից զորքը բերվում, իրենց շահերին է օգտագործվում, զինվորական համազգեստը, տարբերանշանները փոխվում են, մեքենաների համարանիշեր չեն եղել, և զորքը ներքաշված էր եղել էդ [մարտի 1-2] գործողությունների մեջ․․․ Եվ ամենացավալին այն է, որ մեղադրյալի աթոռին հայտնված անձինք նաև խաղաղ հավաքները ցրելու պրոցեսն են դիտարկել, թե արդյոք այդ հատուկ ջոկատայինները կամ Ղարաբաղից եկած զինվորները կկարողանա՞ն բռնություններ իրականացնել, և էդ մարդիկ էսօր կանգնեն, ասեն՝ սահմանադրական կարգի տապալում չի եղել և տվյալ անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Սա պարզապես չի բխում քրեական գործի նյութերից», ֊ ասել է Ղարագյոզյանը։

2008 թվականի իրադարձություններում առանցքային դերակատարություն է ունեցել նաև դրանց արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը։ «Սահմանադրական կարգի տապալման գործընթացի անբաժան մասն է եղել, կառավարության շենքում և կառավարության շենքից դուրս տեղի ունեցող իրավիճակների։ Չէ՛ր կարող միայն հանրապետության երկրորդ նախագահը դրա պատասխանատուն լիներ։

Փետրվարի 23-ի խորհրդակցությանը նա էլ նստած էր, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը պասիվ վիճակում է գտնվել», – նկատել է Սաֆարյանը։

Հին իշխանությունը դիմադրում է

Տեղեկատվական արտահոսքը միշտ է եղել, ասում է փաստաբանը։ Միջին օղակում, ըստ Սաֆարյանի, հին իշխանությունը պահպանվում է․ «Ոչ միայն դիմադրում, այլև ինչքան հնարավոր է, օգնում է։ Կարդացի դատախազներից մեկի հետ կապված ցուցմունքներ, ում այսօր շրջանի դատախազ են դրել։ Ասենք՝ ո՞նց կարող են դատախազները, որոնք նույնչափ մասնակից են եղել էս բոլոր կոծկելուն, ցանկանան, որ իրենց հետ էդ նույն գործողությունները կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեն»։

Սեդա Սաֆարյանը փաստեց՝ ունենք կաշկանդված նախաքննական մարմին և դատախազություն, ինչպես նաև ունենք ԱԱԾ, որը 2008 թվականին «խայտառակ դերակատարություն է ունեցել այս ամենի մեջ»։

«Եվ էս պայմաններում խոսել էն մասին, թե ինչո՞ւ է ձախողվում այս կամ այն գործընթաց․․․ Հասկանալի է, որ էդ մարդիկ շատ արագ տեղեկատվություն են հաղորդում, նրանք էլ շատ արագ փախնում են», – հայտարարել է Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպե՞ս է ստացվում, որ անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվում, հաջողացնում են դրանից մի քանի օր առաջ լքել երկիրը։

«Կա դիմադրություն իրավապահ մարմինների և դատախազության կողմից, ես չեմ հավատում գլխավոր դատախազին և այս կազմով դատախազությանը», ֊ իր հերթին, նկատել է Արա Ղարագյոզյանը։

Փետրվարի 26-ին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Քոչարյանի դատին և իշխանությունների անպատասխանատվությանը․

«Անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը:

Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008թ. մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել:

Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն, միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում, դատավարությունը վերածել են ծաղրի և ժամանակ են ձգում՝ սպասելով նաև իրենց մասնակցությամբ պատրաստվող ռևանշին:

Մյուս հիմնական ոճրագործը՝ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է, որը լավագույն ցեպքում ավարտվելու է նրա նկատմամբ համաներման կիրառմամբ:

Սակայն գործող իշխանության անպատասխանատու կառավարման «թագն ու պսակը» սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանի ու նրա հանցակիցների և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով ապստամբած «Սասնա Ծռեր»֊ ի՝ զուգահեռաբար իրականացվող դատավարություններն են:

Զավեշտն էլ ավելի սուր երանգներով է ներկայանում, երբ նույն դատարանի նույն դահլիճում նույն մեղադրողը շաբաթվա մի օրվա ընթացքում ամենայն լրջությամբ հիմնավորում է, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, իսկ հաջորդ օրը նույնպիսի լրջությամբ տապալված վիճակը համարում է օրինակարգ և հակառակ դիրքից մեղադրում է «Սասնա Ծռեր»֊ին:

Մենք անազնիվ ենք համարում նման գործելակերպը, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարարների հետ պետական և հացկերույթի սեղանների շուրջ է նստում, հետո ժողովրդին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին երթի է հրավիրում:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին»։