Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։
Քրեական գործով որպես մեղադրյալներ են անցնում նաև Սարգսյանի դեմ ցուցմունք տված Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Նախաքննական մարմինը ժամանակ է տվել կողմերին` գործին ծանոթանալու համար։
Ըստ մեղադրանքի` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակությունը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսպես, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա դեկտեմբերի 4-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
Մեկ օր անց ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար) մեղադրանք էր առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին։ Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։