Այսօր ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։
«Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,- ասվում է Ոստիկանության ֆեյսբուքի էջում։
Շենքի տարածքում գտնվողներից մեկը Epress.am֊ի հետ զրույցում տեղեկացրեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով իրենց կոչ են արել որոշ ժամանակ չլքել հյուրանոցի տարածքը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, տուժածներ, զոհեր կամ վիրավորներ չկան։ Ոստիկանության աշխատակիցները հարցաքննում են վկաներին։
Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազայում» է գտնվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «Yerevan today» լրատվականի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որոնք ևս կապվում են Քոչարյանի անվան հետ։
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»։