Home / Հայաստան / Երևանում խոսեցին Պուտինի՝ իշխանությունից չհեռանալու մասին

Երևանում խոսեցին Պուտինի՝ իշխանությունից չհեռանալու մասին

Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, իր անվտանգության, արտաքին տնտեսական, պաշտպանական քաղաքականությունն, ինչը դառնալու է այն բանի գրավականը, որ դրանով երկիրը կնվազեցնի հնարավոր ռիսկերը, հնարավոր ֆորսմաժորները և թույլ չի տա որևէ միակողմանի կախվածություն Ռուսաստանից։ Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայասցած քննարկման ժամանակ, ներկայացնելով ՌԴ֊ում ստեղծված իրավիճակը, հայտարարել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Փաստելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, նա նշել է․ այն ամենն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, ուղղակի կամ անուղղակի կարող է առնչվել Հայաստանի անվտանգության հետ, սակայն, այնուամենայնիվ, ըստ Մեհրաբյանի, նախևառաջ, իշխանական էլիտայում արվող վերադասավորումները զուտ ներռուսաստանյան գործընթաց է՝ պայմանավորված ներռուսաստանյան իրողություններով, «և այս գործընթացը հարուցված էր բացառապես մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի կողմից»։

«Առաջինը՝ առաջարկվեց Սահմանադրության փոփոխությունների փաթեթ, և երկրորդը՝ փոխվեց կառավարության կազմը։ Փոփոխությունները ներկայացվում են որպես խորհրդարանի դերի բարձրացում, այսինքն՝ խորհրդարանին իրավունք է տրվում հաստատել նախարարներին, բայց, այնուամենայնիվ, նախագահն ինքն է նշանակում թե՛ վարչապետին, թե՛ ուժայիններին։

Նախագահն ինքը պետք է նշանակի Սահմանադրական դատարանի անդամներին, որոնց թիվը կրճատվում է մինչև 11։ Այդ փոփոխությունները պետք է անցնեն հանրաքվեով, որը լինելու է կարճաժամկետ հեռանկարում այս տարի, հավանաբար, Պետական դումայի հենց այս կազմով, և ամենախնդրահարույց հարցը՝ նոր Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ այս Սահմանադրությունը գերակայում է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ինչպե՞ս է այս նորմն աշխատելու, դեռ պարզ չէ, սրանք միայն մեկ նախադասությունով ասված սկզբունքներ են, որոնց վրա դեռ պետք է աշխատվի։

Այս գործընթացները ակվարիումում չի, որ տեղի են ունենում, այլ շատ հստակ քաղաքական կոնտեքստի մեջ։ Փոխվեցին դեմքերը կառավարության մեջ, բայց մենք տեսանք, որ, այնուամենայնիվ, առանցքային դեմքերը մնում են նույնը։ Կառավարությունում հայտնված նոր դեմքերը հիմնականում տեխնոկրատ չինովնիկներ են, որոնք որևէ քաղաքական ամբիցիա գոնե մինչ այս պահը որևէ կերպ չեն դրսևորել։

Այս փոփոխություններով Պետական խորհուրդ է ստեղծվում, որն, այսպես ասած, չինական տերմին է ավելի շատ։ Մեկնաբանները և դիտորդներն ասում են, որ, հավանաբար, 2024 թվականից Պուտինը հենց Պետխորհրդի նախագահ դառնա և իր դե-ֆակտո իշխանությունն այդ դիրքից իրականացնի։ Նաև առավել վատատեսությամբ տրամադրված դիտորդներն ասում են, որ այսպիսով, ըստ էության, Պուտինն ամրագրում է իր ցմահ կառավարումը՝ ուղղակի փորձելով այս իշխանական համակարգը ներքուստ դիվերսիֆիկացնել։

Այս ամենը տեղի է ունենում նաև մի ուղղությամբ լրջագույն զարգացումների ֆոնին։ Դա այն զարգացումներն են, որոնք տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակին ընդառաջ։ Մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ հռետորաբանություն, տեսնում ենք, որ այսպես կոչված պատմական քաղաքականությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է։ Մենք տեսնում ենք հռետորաբանական հարձակումներ Լեհաստանի նկատմամբ, ընդհանրապես Եվրոպայի նկատմամբ, որ, ըստ այդ պատկերացման, ամբողջ Եվրոպան եղել է նացիզմի հետ կոլաբորանտ, եղել է հակասեմիտ, Լեհաստանն ինքն է հրահրել Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Պուտինը սպառնում է փակել բոլորի «պիղծ բերանն» սահմաններից այն կողմ՝ «закрыть поганый рот»։ Հաջորդը՝ մենք տեսնում ենք Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի արդարացում։ Ընդ որում, իրենք ասում են՝ հա, այդքան էլ լավ բան չէր, բայց էն, ինչ դուք արեցիք, շատ ավելի վատ բան էր։ Ես կդժվարանամ ասել՝ սա այս տարվա մայիսի 9-ով կսահմանափակվի՞, թե՞ կդառնա քաղաքականության տրանսֆորմացիայի այնպիսի լուրջ հիմք, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Ղրիմի անեքսիայից հետո։ Համենայնդեպս, մենք այդ սիմպտոմները տեսնում ենք։

Բոլոր խոսակցությունները, որ Պուտինը պատրաստվում է գնալ, ես դրա որևէ սիմպտոմ չեմ տեսնում, նա մնալու է մինչև վերջին օրը, ի՞նչ դերում, դա կարևոր չէ․ իրավաբանությունն իրենց տիպի երկրներում շատ ճկուն ոլորտ է։ Ես տեսնում եմ բոլոր նախադրյալները, որ ռեպրեսիաների ալիքն ուժեղանա», ֊ մասնավորապես, ասել է փորձագետը։

Զարգացումները Հայաստանի շահերի վրա պրոեկտելով, Մեհրաբյանն ասաց, որ վերը նշվածը գալիս է հաստատելու այն, ինչի մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում բազմիցս է խոսվել․ «Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, իր անվտանգության, արտաքին տնտեսական, պաշտպանական քաղաքականությունն, ինչը դառնալու է այն բանի գրավականը, որ դրանով երկիրը կնվազեցնի հնարավոր ռիսկերը, հնարավոր ֆորսմաժորները և թույլ չի տա որևէ միակողմանի կախվածություն Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ պահպանի ՌԴ֊ի հետ բարեկամակամ հարաբերությունները, որովհետև հակառակը խոստանում է անընդունելի ռիսկեր Հայաստանի համար»։