Home / Բանակ / Իրավապաշտպանները կոչ են անում ապահովել զինկոմիսարիատներում ֆիզիկական հեռավորությունը

Իրավապաշտպանները կոչ են անում ապահովել զինկոմիսարիատներում ֆիզիկական հեռավորությունը

2020թ․ մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։ Միաժամանակ հայտնեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։

Մինչ այդ՝ մարտի 30-ին, Հելսինկյան Քաղաքացիական ասամլբեայի Վանաձորի գրասենյակը, քաղաքացիներից ստացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան բժշկական փորձաքննութjուններ են անցկացվում արտակարգ դրության պայմաններում և եթե այո, ապահովվում են արդյոք անվտանգության պայմանները։

2020թ․ ապրիլի 9-ի պատասխանում ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։

Սարգսյանը հայտնել է նաև, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրվել է կապ հաստատել տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ և ճշտել, ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա հնարավոր թողունակությունը՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։

Պայմանագրային զինծառայության անցնելու համար բուժզննության կազմակերպման և դրանով պայմանավորված՝ հոսպիտալներում գտնվող անձնանց՝ վարակից պաշտպանվելու մասով ՀՔԱՎ-ի հարցերին Սարգսյանը պատասխանել է, որ արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը։ Իսկ զինոկմիսարիատների աշխատակիցների՝ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ապահովման մասով նշել է, որ զինկոմիսարիատները, ըստ գործառույթներից բխող անհրաժետության, ապահովվում են անհրաժեշտ պարագաներով։

Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում այս պայմաններում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ապահովել զինկոմիսարիատներում և պոլիկլինիկաներում ֆիզիկական հեռավորությունը թե՛ սպասելիս, թե՛ բժշկական զննությունների ժամանակ։