Ես անփոփոխ սցենարով ֆանտազիա ունեմ․ ես հաղթում եմ նրա էլիտար պահակախմբին, լիցքավորված հրացանով ներխուժում նրա գաղտնի բունկեր։ Նա նետվում է իր «Լյուգեր» ատրճանակի կողմը, բայց ես հարվածով այն մի կողմ եմ շպրտում։ Նա ձգվում է դեպի ցիանիդով հաբը, և ես այն նույնպես խլում եմ։ Նա մռնչում է, կատաղի ուժով հարձակվում ինձ վրա։ Մենք կռիվ ենք տալիս. ես կարողանում եմ հաղթել և ձեռնաշղթաներ հագցնել նրան։ Ես ասում եմ․ «Ադո՛լֆ Հիտլեր, դուք ձերբակալված եք մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար»։
Այդ պահին «խիզախության» ֆանտազիան ավարտվում է, պատրանքը՝ մարում։ Ի՞նչ կանեի ես Հիտլերի հետ։ Երևակայությունն օգտագործելով հեշտ է պատկերացնել։ Ես կկտրեի նրա կոկորդը, աչքերը ճանկռելով կհանեի, կծակեի ականջի թմբկաթաղանթը, կկտրեի լեզուն, այնպես, որ նրա կյանքը ապահովված լինի շնչառական ապարատով և սնուցման խողովակով, որպեսզի նա չկարողանա խոսել, շարժվել կամ տեսնել, միայն՝ զգալ։ Ապա նրան կներարկեի քաղցկեղածին որևէ նյութ, որից նա կծածկվեր թարախով լի բշտիկներով, իսկ նրա մարմնի բոլոր բջիջները հոգեվարքի մեջ կճչային այնքան ժամանակ, մինչև ամեն վայրկյանը վերածվեր դժոխքի։ Ահա թե ինչ կանեի Հիտլերի հետ։
Այդ ֆանտազիան հայտնվել է ինձ մոտ դեռ մանկության ընթացքում և մինչև հիմա, երբ ես վերադառնում եմ դրան, սիրտս սկսում է ավելի արագ բաբախել․ այդ բոլոր պլանները վերաբերում են պատմության ամենաչար, մեղսավոր հոգուն։ Խնդիրն այն է, սակայն, որ ես չեմ հավատում հոգու և չարի գոյությանը։ Ինձ համար «չարը» լինում է միայն մյուզիքլներում։ Կան մարդիկ, ում մահն եմ կամենում, սակայն ես դեմ եմ մահապատժին։ Ինձ դուր են գալիս ցածրորակ մարտաֆիլմեր, բայց ես կողմ եմ, որ զենքի վաճառքը խիստ վերահսկվի։ Չնայած դրան՝ ես խաղացել եմ լազերթեգ (Laser tag) և հիանալի ժամանակ անցկացրել՝ թաքնվելով անկյուններում և կրակելով մարդկանց։ Այլ կերպ ասած՝ դաժանության հանդեպ ես ունեմ ոչ միանշանակ վերաբերմունք։
Որպես տեսակ մենք ակնհայտորեն բռնության հետ խնդիրներ ունենք։ Մենք օգտագործում ենք ցնցուղը՝ գազ բաց թողնելու համար, նամակները վարակում ենք սիբիրախտով, ինքնաթիռները վերածում զենքի, իսկ զանգվածային բռնությունները՝ մարտական ռազմավարության։ Մեր տեսակը անսովոր դաժան է։ Բարդությունը, սակայն, այն է, որ մենք դեմ չենք բռնությանը որպես այդպիսին, մենք դեմ ենք անարդարացի բռնությանը։ Իսկ երբ բռնությունը «ճիշտ» է, մենք ողջունում ենք այն, շքանշաններ ենք տալիս, քվեարկում հաղթողների օգտին և աջակցում նրանց։ Եթե բռնությունն «արդարացի» է, մենք հիացած ենք դրանով։ Սակայն կա ևս մեկ բարդություն․ անհավատալի դաժանությունից բացի, մեր տեսակին բնութագրական են նաև ծայրահեղ ալտրուիզմը և կարեկցանքը։
Այսպիսով, ինչպե՞ս հասկանալ մեր վարքի կենսաբանական բնույթի ամբողջ սպեկտրը՝ օրինակելիից մինչև ամենավատը։
Նախ և առաջ` ձանձրալին, իրականում, վարքի շարժողական ասպեկտները հասկանալն է։ Ուղեղը կարգադրում է ողնուղեղին և մկաններին ինչ֊որ բան անել, և, ուռա՜, դու վարք ունես։ Դժվար է հասկանալ վարքի բուն իմաստը, քանի որ, կախված հանգամանքներից, կրակոցը համարվում է կա՛մ սարսափելի արարք, կա՛մ հերոսական անձնազոհություն։ Տարբեր իրավիճակներում, ձեր ձեռքը այլ մարդու ձեռքին դնելով, դուք կարտահայտեք կամ խորը կարեկցանք կամ սարսափելի անարգանք։ Բարդությունը մեր վարքի համատեքստի կենսաբանությունը հասկանալու մեջ է, ինչը աներևակայելի դժվար է։
Մի բան պարզ է՝ դուք ոչ մի տեղ չեք շարժվի, եթե բոլոր բացատրությունները գցեք ուղեղի որոշակի հատվածի, կոնկրետ հորմոնի, գենի, մանկական փորձառության կամ էվոլյուցիոն մեխանիզմի վրա։ Ընդհակառակը, վարքի յուրաքանչյուր էլեմենտ ունի պատճառահետևանքային կապերի մի քանի մակարդակներ։
Դիտարկենք հետևյալ օրինակը։ Դուք ունեք զենք։ Հանկարծ ճգնաժամ է սկսվում․ խռովություն, բռնություն, շուրջը վազվզող մարդիկ։ Դեպի ձեզ վազում է անհանգիստ անծանոթ․ դուք վստահ չեք՝ նա վախեցա՞ծ է, ջղայի՞ն, թե՞ վտանգավոր։ Ձեռքում նա պահում է ատրճանակի նման մի բան։ Դուք վստահ չեք։ Անծանոթը մոտենում է, և դուք կրակում եք։ Պարզվում է, որ այդ մարդու ձեռքում հեռախոս էր։
Եվ հիմա մենք տալիս ենք կենսաբանական հարց․ կատարվածում ի՞նչը նման վարքի պատճառ դարձավ։ Ի՞նչը հանգեցրեց այս վարքին։ Այստեղ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր։
Այսպես, սկսենք։ Ի՞նչ էր կատարվում մեր ուղեղում կրակելուց վայրկյաններ առաջ։ Եվ հիմա մենք տեղափոխվում ենք ուղեղի նշահամալիր (Corpus amygdaloideum) կոչվող հատվածը։ Նշահամալիրը, որը պատասխանատու է բռնության և վախի համար, ազդանշաններ է ուղարկում, որոնք էլ հանգեցնում են կրակելուն։ Որքա՞ն էր ակտիվացած ձեր նշահամալիրը դրանից վայրկյաններ առաջ։
Որպեսզի դա հասկանանք, անհրաժեշտ է փոքր-ինչ հետ դառնալ։ Կրակոցից րոպեներ առաջ ձեր շուրջը տեղի ունեցածից ի՞նչն է ազդել նշահամալիրի վրա։ Ակնհայտ է՝ ձեր տեսածը, ապստամբության ձայները, այս ամենն ազդեցություն ունեցել է։ Բացի դրանից դուք, ամենայն հավանականությամբ, հեռախոսը կընկալեք որպես ատրճանակ, եթե անծանոթը լինի այլ ռասայի պատկանող հաղթանդամ տղամարդ։ Ինչպես նաև, եթե դուք ցավ եք զգում, սոված եք կամ հոգնած, ձեր ճակատային բլթը (Lobus frontalis)՝ ուղեղի այն հատվածը, որը պետք է ժամանակին նշահամալիրին հարցներ՝ «արդյո՞ք վստահ ես, որ նրա մոտ ատրճանակ է», ճիշտ չի աշխատի։
Սակայն դուք պետք է ևս մեկ հետ քայլ կատարեք, անհրաժեշտ է գնալ անցյալ՝ ժամերով, օրերով, և հիմա մենք բախվում ենք հորմոնների հետ։ Օրինակ տեստոստերոնը։ Կարևոր չի, թե դուք ինչ սեռ ունեք, եթե ձեր արյան մեջ տեստոստերոնի մակարդակը բարձր է, դուք, ամենայն հավանականությամբ, անմեղ մարդուն որպես սպառնալիք կընկալեք։ Տեստոստերոնի և սթրեսի հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է նշահամալիրի ակտիվության բարձրացմանն ու ճակատային բլթի դանդաղացված աշխատանքին։
Հետ գնանք շաբաթներ, ամիսներ առաջ։ Որտե՞ղ է կապը։ Հիմա խաղի մեջ է մտնում նեյրոպլաստիկությունը․ կենսափորձի ազդեցության շնորհիվ ուղեղը փոփոխվում է։ Եթե անցած ամիսների ընթացքում դուք անընդհատ սթրես և ցնցումներ եք տարել, ձեր նշահամալիրը մեծացած է։ Նեյրոնները կդառնան դյուրագրգիռ, ճակատային բլթը ատրոֆիայի կենթարկվի (կբթանա)․ այս ամենը կազդի տվյալ վայրկյանին տեղի ունեցածի վրա։
Սակայն մենք էլ ավելի հետ ենք գնում, տարիներ առաջ՝ ձեր դեռահասության շրջան։ Այդ ժամանակահատվածում դեռահասության ուղեղի կենտրոնն ամբողջությամբ հասունանում է՝ բացառությամբ դեռևս տհաս ճակատային բլթի։ Այն վերջնական ձևավորվում է 25 տարեկանում։ Այնպես որ, դեռահասության շրջանում և վաղ հասունացման տարիքում շրջակա միջավայրի և կենսափորձի ազդեցության տակ ճակատային բլթը դառնում է այնպիսին, ինչպիսին այն կլինի այդ կրիտիկական պահին։
Եկեք դիտարկենք ավելի վաղ ժամանակահատվածը` մանկությունը և սաղմի ձևավորման փուլը, և դիտարկենք բոլոր հնարավոր տարբերակները: Ակնհայտ է, որ այս փուլում տեղի է ունենում ուղեղի ձևավորում. սա կարևոր գործընթաց է, բացի դրանից, այն ամենը, ինչ մենք զգացել ենք այդ ընթացքում, առաջացնում է, այսպես կոչված, էպիգենետիկ փոփոխություններ, որոշ դեպքերում՝ մշտատև։ Նրանք վերջականորեն ակտիվացնում են որոշ գեներ և անջատում են մյուսները: Օրինակ, եթե ձեր մայրը հղիության ընթացքում անընդհատ սթրեսի է ենթարկվել, էպեգենետիկայի օրենքների համաձայն, հասուն տարիքում ձեր նշահամալիրը կդառնա դյուրագրգիռ, իսկ սթրեսի հորմոնի մակարդակը կլինի բարձր:
Սակայն դիտարկենք ավելի վաղ ժամանակահատվածը, երբ դուք ընդամենը սաղմ էիք, գեների հավաքածու: Գեներն այս դեպքում շատ կարևոր են, բայց որոշիչ գործոն չեն, քանի որ նրանց ազդեցությունը կախված է շրջակա միջավայրից: Օրինակ, գոյություն ունի MAO-A գենի վարիացիան։ Գենի այս վարիացիայի կրողներն ավելի հակված են հասարակության մեջ բռնության դրսևորումների, բայց միայն այն պայմանով, որ նրանք մանկության ընթացքում եղել են բռնության զոհ: Գեներն ու շրջակա միջավայրը փոխազդում են, և այն, ինչ տեղի է ունենում կրակոցի պահին, կախված է գեների և շրջակա միջավայրի փոխազդեցությունից:
Զարմանալի է, բայց մենք պետք է հետ գնանք դարեր առաջ: Ովքե՞ր էին ձեր նախնիները: Օրինակ՝ նրանք քոչվոր հովիվնե՞ր էին, ապրում էին անապատու՞մ, թե՞ տափաստաններում, բուծում էին ուղտե՞ր, կովե՞ր, թե՞ այծեր: Կա հավանականություն, որ նրանք են ստեղծել, այսպես կոչված պատվի մշակույթը, որը ներառում էր ռազմական պատրաստություն, պատժիչ բռնություն և կլանային վրեժխնդրություն։ Զարմանալիորեն դարեր անց այն դեռևս ազդում է մեր դաստիարակության հիմքում ընկած արժեքների վրա:
Բայց եկեք էլ ավելի հետ գնանք հարյուր միլիոնավոր տարիներ, քանի որ գեների մասին խոսելով ՝ մենք անուղղակիորեն առնչվում ենք դրանց էվոլյուցիայի հետ: Եվ այստեղ մենք բախվում ենք, օրինակ, պրիմատների տարբեր տեսակների պահվածքին: Ըստ էվոլյուցիայի, որոշ տեսակներ ավելի քիչ են հակված ագրեսիայի, քան մյուսները, և մարդիկ ինչ-որ տեղ գտնվում են այդ ծայրահեղությունների միջև՝ անվստահ և ցանկացած պահի պատրաստ քայլ կատարել դեպի այդ կողմերից մեկը։
Ո՞ւր է դա մեզ տանում: Ամենակարևորը, պահվածքը հասկանալու համար, անկախ նրանից՝ այն սարսափելի է, օրինակելի, թե ինչ-որ միջին բան է իրենից ենթադրում․ պետք է հաշվի առնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին միլիոն տարիների ընթացքում, այլ ոչ թե մեկ վայրկյան առաջ:
Այսպիսով, ինչի ենք հասնում այս փուլում: Ֆորմալ առումով ամեն ինչ բարդ է: Ինչպիսի՜ օգտակար դիտողություն։ Ամեն ինչ բարդ է, և մենք պետք է շատ ուշադիր հետևություններ անենք այն ամենից, ինչ մենք գիտենք վարքի շարժիչ ուժերի մասին, մանավանդ, եթե մենք որևէ մեկին խստորեն դատում ենք այդ վարքի համար:
Ես կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր հարցը փոփոխությունների մասին է: Նշված յուրաքանչյուր կենսաբանական տարր տարբեր պայմաններում կարող է փոփոխվել: Օրինակ՝ էկոհամակարգերը փոխվում են: Հազարավոր տարիներ առաջ Սահարան փարթամ մարգագետին էր: Մշակույթներն են փոխվում: 17-րդ դարում Եվրոպայի ամենասարսափելի ժողովուրդը շվեդներն էին, ովքեր ամենուր վայրագություններ էին տարածում: Սակայն հիմա ինչո՞վ են զբաղված շվեդ զինվորականները: Նրանք 200 տարի պատերազմ չեն ունեցել: Ամենակարևորն այն է, որ ուղեղը փոխվում է: Նեյրոնները նոր գործընթացներ են զարգացնում: Կապերը կոտրվում են: Ուղեղում ամեն ինչ փոխվում է, որի արդյունքում մարդը նույնպես ենթարկվում է ապշեցնող փոփոխությունների:
Դիտարկենք առաջին օրինակը։ Այդ մարդու անունը Ջոն Նյուտոն է։ Նա բրիտանացի հոգևորական է, ով առանցքային դեր խաղաց XIX դարի սկզբին Բրիտանական կայսրությունում ստրկության վերացման գործում: Զարմանալի է, որ իր պատանեկության ընթացքում նա 10 տարի շարունակ եղել է ստրկավաճառությամբ զբաղվող նավի նավապետ, ավելի ուշ ունեցվածք է կուտակել ստրկավաճառության ոլորտում ներդրումների շնորհիվ: Այնուհետև նրա մեջ ինչ-որ բան է փոխվել, որը Նյուտոնն ինքը փառաբանել է իր ամենահայտնի աշխատության մեջ՝ «Օ, շնորհ» օրհներգում:
Զենջի Աբեի այս լուսանկարն արվել է 1941 թվականի դեկտեմբերի 6-ի առավոտյան, նախքան նա կղեկավարեր ճապոնական ջոկատը Պերլ Հարբորի ռմբակոծության ժամանակ: Մյուս լուսանկարում նա է 50 տարի անց՝ գրկում է այդ ռմբակոծության վերապրածին: Արդեն ծեր հասակում Զենջի Աբեն մասկակցել է Փերլ Հարբորում վերապրածներին հանդիպելու արարողությանը և կոտրտված անգլերենով ներողամտություն հայցել կատարվածի համար:
Այս գործընթացը հաճախ տասնամյակներ է տևում: Երբեմն զգալի փոփոխություններ կարող են լինել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Դիտարկենք Առաջին համաշխարհային պատերազմում՝ 1914 թվականի Սուրբ ծննդի զինադադարը: Կողմերը պայմանավորվել էին ժամանակավոր զինադադարի մասին, որպեսզի զինվորները կարողանային դուրս գալ և խրամատների միջև չեզոք տարածքներից վերցնել մահացածների մարմինները: Եվ շուտով բրիտանացի և գերմանացի զինվորները գործի անցան։
Նրանք միմյանց օգնեցին տեղափոխել դիակները և սառած հողի վրա գերեզմաններ փորել, այնուհետև նրանք միասին աղոթեցին, նշեցին Սուրբ Ծնունդը և նվերներով փոխանակվեցին, հաջորդ օրը նրանք արդեն ֆուտբոլ էին խաղում, փոխանակվում հասցեներով՝ պատերազմից հետո հանդիպելու համար: Հրադադարը տևեց այնքան ժամանակ, մինչև սպաները վերադարձան և ասացին. «Մենք կսպանենք ձեզ, եթե դուք կրկին չսկսեք սպանել միմյանց»: Մի քանի ժամվա ընթացքում այդ մարդիկ վերածվեցին նոր «մենքի» կատեգորիայի։ Կան «մենք», ովքեր երկու կողմերի խրամատներում նստած են և առանց որևէ պատճառի մահանում են, և կան «նրանք»՝ գծի հետևում կանգնած անդեմ ուժի ներկայացուցիչները, ովքեր խաղազինվորի տեղ օգտագործում են նրանց:
Երբեմն մի քանի վայրկյանը բավական է փոփոխությունների համար: Հավանաբար Վիետնամի պատերազմի ամենազարհուրելի իրադարձությունը Սոնգմիի ջարդն է: Ամերիկացի զինվորների ջոկատը մտել է խաղաղ բնակիչներով բնակեցված անպաշտպան գյուղ: Սպանվել է 350-500 բնակիչ, կանայք և երեխաները ենթարկվել են զանգվածային բռնաբարությունների, զինվորականները խեղել են նրանց մարմինները: Սարսափելի էր: Սարսափելի էր, քանի որ կառավարությունը հերքեց տեղի ունեցածը, քանի որ ԱՄՆ իշխանությունները սահմանափակվեցին նկատողություններով, քանի որ դա, հավանաբար, տեղի էր ունեցել մեկից ավելի անգամ:
Հյու Թոմփսոն անունով օդաչուն դադարեցրեց Սոմնիի կոտորածը: Նա մարտական ուղղաթիռով վայրէջք կատարեց այնտեղ, տեսավ, որ ԱՄՆ-ի զինված ուժերը սպանում են երեխաներին, տարեց կանանց, և նրա հաջորդ գործողությունը որոշեց, թե կյանքի մնացած ժամանակահատվածում որ խմբին է ինքը պատկանելու՝ «մե՞զ», թե՞ «նրանց»: Նա ուղղաթիռով վայրէջք կատարեց կենդանի մնացած գյուղացիների և ամերիկացի զինվորների միջև, զենքն ուղղեց ամերիկացիների կողմը և ասաց. «Դադարեցրե՛ք սպանելը, հակառակ դեպքում բոլորիդ վերջը կտամ»:
Այսպիսով, այս մարդիկ մեզանից ոչնչով չեն տարբերվում: Նույնն են նեյրոնները, ուղեղի կապերը, կենսաբանությունը: Մնում է միայն ավելացնել անխուսափելի կլիշեն. «Ով չի սովորում պատմությունից, դատապարտված է կրկնել այն»: Մեր իրավիճակը լրիվ հակառակն է: Նրանք, ովքեր չեն ուսումնասիրում մարդու արտառոց փոփոխությունը, չեն ոսումնասիրում մեզ լավագույն ու վատագույն վարք դրսևորել ստիպող երևույթի կենսաբանական հիմքերը, դատապարտված են չկարողանալու կրկնել այս վառ և փառահեղ պահերը։
Ռոբերտ Սապոլսկի, նեյրոկենսաբան, նեյրոէնդոկրինոլոգ, Ստենֆորդի համալսարանի կենսաբանության և նեյրոբժշկության պրոֆեսոր
աղբյուրը՝ Թեդ