Սև գունդն ու Իմ սիրելի տղամարդը, արկածներ Կաննից
Կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը դիտել է Կաննի փառատոնի մրցութային ծրագրի բոլոր 22 ֆիլմերը։ Գրախոսությունները կհրապարակենք չորս մասով։ Ֆիլմերից որոշները շուտով կհասնեն նաև Հայաստան։ Դրանք հնարավոր կլինի դիտել «Ոսկե ծիրանի» ժամանակ՝ հուլիսի 12-19, Երևան։
Մաս առաջին՝ Հայրենիք, քնքուշ հրեշ, նոթեր և զուգահեռ պատմություններ Կաննից
Մաս երկրորդ՝ Մինոտավրոսը և Մեր փրկությունը, միֆեր Կաննից
Մաս երրորդ՝ Թղթե վագր, Երկաթե գառ, Գիշերային պատմություններ Կաննից
Մաս չորրորդ

Դառը Սուրբ Ծնունդ
Bitter Christmas
Պեդրո Ալմադովար
Իսպանիա
Պեդրո Ալմադովարը հերթական աութոֆիքշնն է նկարել: Այս անգամ նա ունի միանգամից երկու ալտեր էգո: Գլխավոր հերոսը գեյ ռեժիսոր Ռաուլն է, որի գրած սցենարի գլխավոր հերոսը կուլտային ֆիլմերի կին ռեժիսոր Էլզան է, որը Ռաուլի և հետևաբար նաև Ալմադովարի ալտեր էգոն է: Պատմություն պատմության մեջ, զգացմունքային, գույնզգույն լատինական «սերիալ»՝ այս անգամ սովորականից ծույլ ու ցրված:
Ալմադովարին չի դավաճանում ինքնահեգնանքի զգացումը, վերջնամասում նա կազմաքանդում է ինքն իրեն, կերպարներից մեկը մատնանշում է ֆիլմի բովանդակային սխալները և տեխնիկական վրիպակները: Պեդրոյին լուրջ դեմքով քննադատելը դառնում է անհնարին:
Գարանս
Another Day
Ժոան Հերի
Ֆրանսիա, Բելգիա
Գարանսը (միջազգային վարձույթում՝ Եվս մեկ օր) մրցույթում հայտնվել է հիշատակված ֆրանսիական քվոտայի հաշվին: Բուրժուաների փոխարեն այստեղ բոհեմն է: Ադել Էքզարկոպուլոսի մարմնավորած Գարանսը (անունը հղվում է Մարսել Կարնեի Դրախտի երեխաները ֆիլմին) հարբեցող դերասանուհի է, որը փորձում է հաղթահարել իր կախվածությունը:
Ժոան Հերիի նախորդ՝ Ես միշտ հիշելու եմ ձեր դեմքերը ֆիլմը բոլոր առումներով ավելի հետաքրքիր էր։ Այն ուսումնասիրում էր Ֆրանսիայում գործող վերականգնողական արդարադատության ծրագիրը (հանցագործն ու զոհը երկխոսության մեջ են մտնում վերահսկվող պայմաններում)։ Սոցիալականը մեծ տեղ ունի նաև Գարանսում, որը անհամեմատ ավելի կերպարակենտրոն է: Դա ֆիլմի միաժամանակ թույլ և ուժեղ կողմն է. ոչ այդքան հետաքրքիր կերպար, բայց հրաշալի դերասանական խաղ։
Միջին մակարդակից Գարանսը մի քիչ առանձնանում է երկու էլեմենտների՝ Ադելի աութենտիկ խաղի և կոմպոզիտոր Պասկալ Սանգլայի նոստալգիական սաունդթրեքի շնորհիվ։
Իմ սիրելի տղամարդը
The Man I Love
Այրա Սաքս
ԱՄՆ, Ֆրանսիա
80-ականներ, մյուզիքլ, գեյեր, ՁԻԱՀ, արվեստ, անկանոն սեռական կապեր, գլխավոր դերում՝ Ռամի Մալեք: Բոհեմյան Ռափսո՞դիա՝ կհարցնեք դուք: Իմ սիրելի տղամարդը՝ կպատասխանի Այրա Սաքսը: Ֆիլմը դերասան Ջիմի Ջորջի մասին է: Մահացու հիվանդությանը հակառակ, նա փորձում է վայելել կյանքը, հաշտվել անցյալի հետ, նոր սիրավեպ սկսել և պատրաստվել իր վերջին ներկայացմանը:
Ֆրեդի Մերքյուրիին նվիրված բայոպիկի հետ նմանությունը «թեգերի» մակարդակում են զուտ: Սաքսի ֆիլմը շատ ավելի սառն է, ավելի հեղինակային: Դետալների շնորհիվ ֆիլմին իսկապես հաջողվում է վերարտադրել 80-ականների Նյու Յորքի արտիստիկ միջավայրը: Ռամի Մալեքի խաղն, ինչպես միշտ, չափից դուրս ցուցացադրական է։ Այդպիսն է նաև նրա կերպարը։
Անրջական արկած
The Dreamed Adventure
Վալեսկա Գրիզեբախ
Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Բուլղարիա
Հնագետ Վեսկան աշխատում է Բուլղարիայի, Հունաստանի և Թուրքիայի սահմանային շրջանում։ Նա հանդիպում է իր վաղեմի ընկեր Սաիդին, որը փորձում է փող աշխատել թուրք-բուլղարական սահմանով բենզինի մաքսանենգությամբ։ Նախքան գործարքի ավարտը Սաիդն անհետանում է խորհրդավոր հանգամանքներում։
Վալեսկա Գրիզեբախի Անրջական արկածը մրցութային ծրագրի ամենասպասված ֆիլմն էր: Բայց սպասելիքները չարդարացան:
Նախորդ ֆիլմում Գրիզեբախը կազմաքանդում էր վեսթերնը, այստեղ անցնում է կրիմինալ կինոյին: Տագնապալի քրեական պատմության փոխարեն՝ հնագիտական պեղումներ և անկարևոր թվացող զրույցներ։ Հնագետի հետաքրքրասիրությամբ ռեժիսորը հետազոտում է մանրուքներն ու միկրոհարաբերությունները։ Ֆիլմը դժվարությամբ է կլանում հանդիսատեսին, բայց դրդում է փորփրել։
Քրեական սյուժեների տրամաբանությունը հուշում է, որ ֆիլմն ունենալու է ողբերգական ավարտ։ Գրիզեբախն դեմ է գնում ժանրին՝ լավատեսական, ռոմանտիկ վերջակետ դնելով։ Տիտրերին հնչում է Free 90-ականների պարահրապարակային հիթը, որն առաջին հայացքից հակադրվում է ֆիլմի «դանդաղկոտությանն», «ձգձգվածությանը», բայց կատարյալ փոխանցում է գլխավոր հերոսուհու կյանքի կարգախոսը՝ «արա ինչ ուզում ես»: Ուրիշ բան, որ նույնիսկ պրեմիերայի ժամանակ հանդիսատեսի մեծ մասը չլսեց վերջաբանի երգը. 167 րոպեանոց ֆիլմի ավարտին ի սկզբանե լեփ-լեցուն հսկա դահլիճը գրեթե դատարկ էր:
Ֆիլմն արժանացավ Ժյուրիի մրցանակին, ինչը նույնիսկ անսպասելի էր:
Վախկոտը
Coward
Լուկաս Դոնթ
Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ
1916 թվական, Առաջին համաշխարհային պատերազմ։ Երիտասարդ բելգիացի ֆերմեր Պիերը հայտնվում է ռազմաճակատում։ Մշտական վախի մեջ՝ նա փորձում է համապատասխանել քաջության մասին պատկերացումներին։ Ծանոթանում է խարիզմատիկ Ֆրանսիսի հետ, որը զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար սիրողական թատերախումբ է կազմակերպում առաջնագծում։ Համատեղ փորձերը մտերմացնում են տղաներին, և նրանց ընկերությունն աստիճանաբար վերածվում է կրքոտ կապվածության։ Բայց արվեստը չի կարող քողարկել խրամատների սարսափը, զինակիցների կորուստը։ Պիերը ստիպված է վերաիմաստավորել զինվորական պարտքի մասին գաղափարները՝ ինչպե՞ս տարանջատել վախկոտությունն ինքնապահպանման բնական ձգտումից։
Ռեժիսոր Լուկաս Դոնթը (Աղջիկը, Մոտ) իր ամեն հաջորդ ֆիլմով իջեցնում է նշաձողը: Խոսքը որակի կամ պրոֆեսիոնալիզմի մասին չէ, այլ՝ ինքնատիպության: Վախկոտը նման է ջանասեր, անգամ օրինակելի, բայց ստեղծագործական երևակայությունից զուրկ ռեժիսորի աշխատանքի: Բոլոր հրացանները կրակում են ճիշտ պահին, խոսքերն ու դադարները շարադրված են դասագրքային ձևով, ամեն ինչ արդեն ասված է, ամեն տեսարան՝ տեսնված հազար անգամ։
Սա վերաբերում է ֆիլմի բոլոր բաղադրիչներին: Դերասաններին՝ Վալենտին Կամպանին ու Էմանուել Մակիային, ռեժիսորը ակնհայտորեն ընտրել է «ըստ տիպաժի»: Սովորական պրակտիկա է: Զարմացնում է միայն դերասանական մրցանակով նրանց պարգևատրելու՝ ժյուրիի որոշումը:
Սև գունդը
The Black Ball
Խավիեր Ամբրոսի, Խավիեր Կալվո
Իսպանիա, Ֆրանսիա
Ամբրոսիի ու Կալվոյի գեյ դրաման կապում է Ֆեդերիկո Գարսիա Լորկային, 30-ականների քաղաքացիական պատերազմը և ժամանակակից Իսպանիան: Ֆիլմը հետևում է անտեսանելի թելերով փոխկապակցված երիտասարդ գեյ տղամարդկանց ճակատագրերին՝ միահյուսելով տարբեր ժամանակաշրջանների պատմությունները (1932, 1937 և 2017 թվականների)։ Հիշում ենք վաչովսկի-թիքվերյան Ամպային ատլասը՝ «ամեն ինչ փոխկապակցված է»:
Իտալական ռմբակոծություններից պատսպարվելիս՝ երիտասարդ շեփորահարը մագլցում է սուրբ Սեբաստիանի նետերով ծածկված քանդակը: Ֆիլմի մոտավորապես հինգերորդ րոպեն է: Հույս կա, որ մեզ սպասում է հնարամիտ և զվարճալի «խաղ»: Բայց նրանք, ովքեր երկրպագում են քիթչը, ոգևորվելու շատ հնարավորություններ չեն ունենա: Ոճային առումով ֆիլմը արագ հանգչում է՝ բռնելով ստանդարտիզացված հեռուստաֆիլմի ուղին:
Կաննում իսկական ֆուրոր էր: Փառատոնի վերջին օրերն էին, արդեն հոգնած և ձանձրացած հանդիսատեսին պետք էր վառ, մասշտաբային ու լացակումած մի պատմություն՝ հղկված պատկեր, գեղեցիկ արտիստներ:
Իսպանական սերիալների մասնագետներ Խավիեր Ամբրոսին և Խավիեր Կալվոն մրցանակ ստացան լավագույն ռեժիսուրայի համար: Հաշվի առնելով ռեզոնանսը Կաննում և ընդհանուր առմամբ կինոակադեմիկոսների ոչ այդքան լավ ճաշակը՝ Խավիերները կարող են միանալ Դենիելներին (Ամեն ինչ, ամենուր, միանգամից) և դառնալ օսկարակիր անվանակիցների երկրորդ տանդեմը:
Ֆյորդ
Fjord
Ռեժիսոր՝ Քրիստիան Մունջու
Ռումինիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա, ԱՄՆ
Վերջապես հասանք Ոսկե արմավենու ճյուղին:
Հիմքում իրական պատմություն է: Գեորգիուների ընտանիքը Ռումինիայից տեղափոխվում է հեռավոր նորվեգական գյուղ և ընկերանում հարևան Հալբերգների ընտանիքի հետ։ Երբ եկվորներին սկսում են կասկածել երեխաներին բռնության ենթարկելու մեջ, կյանքը վերածվում է քաոսի։
Ֆյորդը անտիթեզ-հանգավորում է Մունջուի Բլուրներից այն կողմ (2012) ֆիլմին: Այնտեղ էկզորսիզմի արարողություն էր կազմակերպում ռումինացի ուղղափառ քահանան: Այստեղ Նորվեգիայի արդարադատության համակարգն է ընկնում ավանդապաշտ քրիստոնյա ընտանիքի հետևից՝ երեխաներին խլելով ծնողներից: Մունջուն հիշեցնում էր, որ ցանկացած հասարակություն՝ մեծ թե փոքր, ավանդապաշտ թե առաջադեմ, ունի դիվահանելու միտում:
Ֆիլմի կենտրոնում ընտանիքի փաստաբան-հարևանն է, միաժամանակ նաև ռեժիսորի ալտեր էգոն: Ոչ թե որովհետև «համակրում է նրանց ապրելակերպին» կամ «պաշտպանում վիճահարույց դաստիարակչական մոտեցումները», այլ որովհետև հալածվող փոքրամասնության կողքին կանգնելը հումանիզմի տարրական հրամայական է: