Home / Հայաստան / Նախկին ԱԱԾ պետին վերաբերող կասկածները թարմացվում են

Նախկին ԱԱԾ պետին վերաբերող կասկածները թարմացվում են

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկել է Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին և ենթադրել, որ վերջինիս հարցը քրեական գործի համատեքստում չի լուծվում՝ հավաքագրող երկրի հետ հարաբերությունները չփչացնելու համար։

«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները։

Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց», – գրել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով, ի դեպ, վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է։

Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում, շարունակում է Հակոբյանը․ նրա կարծիքով, համաշխարհային պրակտիկան, ամեն դեպքում, ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել։ «Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ», – եզրափակում է պատգամավորը՝ առանց մանրամասնելու, թե որ երկրի մասին է խոսքը։

Ավելի վաղ Վանեցյանի «չարաշահումներին» անդրադարձել էր նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ապրիլի 29-ի գիշերը Գևորգյանը գրել էր, որ վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա, այժմ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և մի շարք այլ ընկերություններում։ Ավելի վաղ նա հայտնել էր նաև, որ ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, 2019 թվականի օգոստոսից կալանավորված Գագիկ Խաչատրյանի՝ «Յուքոմ» ընկերությունում դե յուրե ունեցած փայաբաժնի մի մասի իրական սեփականատերը ևս Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է [Մինասյանի և Յուքոմի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Ըստ Գրիգորյանի, տարբեր ընկերություններում ունեցած փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո Մինասյանը հապճեպ վաճառել է․ «ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող», – գրել էր վարչապետի խոսնակը։

Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ պետ նշանակված և սեպտեմբերին պաշտոնանկ արված Վանեցյանը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ, որ ոչ մի իրավական հիմք չկա, թե ինքը պնձամոլիբդենայինի հետ առնչություն ունի․ «Կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ», – պնդել էր նախկին աած-ականը։

Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրել են, որ վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած տեղեկություններն այժմ ստուգվում են տարբեր քրեական գործերով։ Այլ մանրամասներ Դատախազությունը դեռևս չի հայտնել։