հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Տրանսպորտի փոխհատուցում՝ զինծառայողներին, պարգևատրում՝ վետերաններին

Տրանսպորտի փոխհատուցում՝ զինծառայողներին, պարգևատրում՝ վետերաններին

Կառավարության այսօրվա որոշմամաբ նախատեսվում է ավելացնել 350 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային ծախսերի դիմաց զինծառայողներին տրվող փոխհատուցման չափը։ Որոշումը Զինված ուժերի զինծառայողներից բացի վերաբերում է նաև Ոստիկանության զորքերի և Ազգային անվտանգության ծառայողներին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նխատակով փետրվարի 25-ից անժամկետ սառեցվել են ԶՈՒ և ՊԲ շարքային զինծառայողների արձակուրդները, արձակումները և տեսակցությունները։ Պայմանագրային և սպայական կազմի վրա այս սահմանափակումները, սակայն, չեն տարածվում։

Գործող որոշմամբ սահմանված գումարը, ըստ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, չի բավարարում զինծառայողի՝ փաստացի կատարած տրասպորտային ծախսերը ամբողջությամբ փոխհատուցելու համար։

2018 թվականին սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար (175 կմ մեկնելը և 175 կմ վերադառնալը) զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են 10 000 դրամ չափով, նրա հետ մեկնող ընտանիքի անդամինը՝ գումարի 50%-ի չափով: Այս միջոցները բավարար չեն՝ փոխհատուցելու համար ծախսված գումարը, ուստի՝ հաճախ փոխհատուցվում է դրա մի մասը միայն, իսկ մնացածը մնում է զինծառայողի և նրա ընտանիքի ուսերին։

Տարվա ընթացքում Հայաստանի տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնող և վերադարձող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջին թվային ցուցանիշների և ներկայացված ավելացումների համադրության արդյունքում այդ ուղղությամբ տարեկան հաստատված ծախսի նկատմամբ լրացուցիչ ծախսերի չափը կազմում է մոտ 150 մլն դրամ։ Կառավարության որոշմամբ՝ այս գումարը իրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

300 հազար դրամ՝ վետերաններին

Կառավարությունն այսօրվա նիստին որոշվեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 86 մլն 100 հազար դրամ տրամադրել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300 000 դրամի չափով պարգևատրում տալու համար։

2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի  287 վետերան:

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականից կրկնապատկվել էր նաև վետերանների ամենամսյա պարգևավճարը՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։