Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որը նպատակ ունի ժամանակավոր աշխատատեղեր ստեղծել գյուղատնտեսական ոլորտում՝ միաժամանակ լուծելով մի շարք օրակարգային բնապահպանական խնդիրներ:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ, Հայաստանի բարձրադիր գոտիներում նախատեսվում է ուռենու տեղական տեսակներով հիմնել ափապաշտպան անտառաշերտեր և այդ աշխատանքներում լայնորեն ներգրավվել տեղական բնակչությանը՝ ստեղծելով լրացուցիչ (ժամանակավոր) աշխատատեղեր և մեղմելով բնակչության՝ եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։
Յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար կվճարվի 50 դրամ։ Մեկ հեկտարի հաշվով մոտ 10,000 կտրոն կտեղադրվի։ Բնակչությունը կներգրավվի նաեւ ցանկապատման աշխատանքներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, նախագծի շնորհիվ ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվեն շուրջ 1000 քաղաքացիների համար։
Աշխանանքների իրականացումը նախատեսվում է պատվիրակել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, «Էյ Թի Փի»-ին և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին։ Շահառու կհանդիսանան Հայաստանի այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք կներգրավվեն նշված աշխատանքներին:
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 200 մլն դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրեց նաև, որ Կառավարությունը նախորդ տարի սեզոնային աշխատանքը նպաստի հետ համատեղելու հնարավորություն է ընձեռել անապահով ընտանիքներին։ Նա կոչ արեց նպաստի համակարգում ներգրավվածներին դիմել այս ծրագրին՝ առանց մտավախության, որ սեզոնային աշխատանքներում ներգարվվելու պատճառով կարող են զրկվել նպաստից։
Բնապահպանության նախարարը նշեց նաև, որ ափամերձ տարածքների անտառապատումը՝ սոցիալական խնդիրները մեղմելուց բացի, կպաշտպանի էրոզիայից, գետերի հեղեղումներից, կբերի նաև ջերմաստիճանի կարգավորմանը և կնվազեցնի ջրային տարածքների աղտոտումները։