Վերջին շրջանում շատերը տարօրինակորեն ակտիվ երազներ են տեսնում, և դա բացատրություն ունի։ «Կորոնավիրուսային համավարակի երազներ» հասկացություն է արդեն հորինվել․ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ խոսում են մեկուսացման շրջանում հաճախակիացած խառը երազների մասին։
Քնի և երազների ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները նշում են, որ մեր սովորական միջավայրի ու օրվա կազմակերպման բնականոն ձևերի փոփոխությունը, առօրեական վառ փորձառությունների պակասը «ոգևորում է» մեր երևակայությունը, որն էլ սկսում է կենտրոնանալ անցյալի տարօրինակ դեպքերի ու դեմքերի վրա․ համավարակի հետ կապված մեկուսացման արդյունքում առաջացած սթրեսը երազների ձև է ստանում։
«Սովորական պայմաններում մենք արագ քնի ֆազա ենք ունենում, որի ընթացքում ձևավորված երազների միջոցով կարգավորում ենք խիտ էմոցիաները։ Համավարակի ժամանակներում մենք ակնհայտորեն մեծ սթրես ու անհանգստություններ ենք ունենում, ինչն անդրադառնում է նաև երազների վրա»,- բացատրում է Բոստոնի համալսարանի Բժշկագիտական դպրոցի պրոֆեսոր Պատիկ ՄքՆամարան։
Երազները հիշելու հետ կապված նույնպես փոփոխություններ կան։ Ավելի վատ որակի քնի պատճառով կարանտինի ընթացքում տեսած երազներն ավելի ընդհատ են հիշվում։ «Հաճախակի արթնանալու երևույթը, որը պարասոմնիա է կոչվում, պայմանավորված է երազնեի հաճախացած ետկանչով։ Նախորդ օրվա հիշողություններն ու լատենտ էմոցիաները պայմանավորում են երազի բովանդակությունն ու մարդու վերաբերմունքը երազին»։
Փորձագետները նշում են, որ օրվա ընթացքում արտասովոր էմոցիաների և ոգևորությունների աղբյուր գտնելը կթեթևացնի երազների արդյունքում առաջացող սթրեսը։ Նոր էմոցիաներն ու ոգևորությունը երազների նոր թեմաներ կձևավորեն՝ կանխելով անցյալի վատ հիշողությունների և չմշակված բացասական էմոցիաների հիման վրա կառուցված խառը երազների ձևավորումը։
Վատ երազներից ազատվելու և քնի որակը բարելավելու համար խորհուրդ է տրվում քնի և արթմնության հստակ ռեժիմ սահմանել, նվազեցնել էկրանների դիմաց անց կացրած ժամանակն ու ապահովել անհրաժեշտ ֆիզիկական ակտիվությունը։