Covid-19-ի ժամանակներում կարծիքներ են հնչում աշխատավարձների անպարկեշտ տարբերություններն արդարացնող շուկայական հարաբերությունների դեմ։ Իրավիճակն անհանգստություններ է հարուցում ու ստիպում մտածել ապագայի մասին, գրում է Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի դոցենտ, Սպորտային կառավարման դպրոցի դասախոս Պիեռ Ռոնդոն։ Անհավասարության կապիտալիստական բացատրությունների հետևից գնալով՝ Ռոնդոն ցույց է տալիս՝ ինչպես է առաջացել և զարգացել օգտակարության տարբեր ցուցիչներ ունեցող աշխատանքների վարձատրության առաջին հայացքից անհասկանալի բևեռվածությունը և եզրահանգում՝ «օգտակարությունը չպետք է լինի փոխարժեքի հիմքը, հակառակ դեպքում մարդկանց մեծամասնության համար կարգելափակվի հասանելիությունը ծառայություններին, որոնք իրապես օգտակար են»։
— … Այժմյան ճգնաժամը անհավասարության բացահայտման ուժեղ միջոց դարձավ․ ամբողջ աշխարհում բուժաշխատողները բողոքում են միջոցների անբավարարությունից, անհրաժեշտ դեղանյութերի պակասից և իրենց աշխատանքի նկատմամբ մինչև վերջերս ցուցաբերված անբավարար ուշադրությունից, մինչդեռ քիչ օգտակարությամբ այնպիսի մասնագիտությունների տեր անձինք, ինչպիսիք են օրինակ ֆուտբոլիստները, թրեյդերները և այլն, ստանում են բավականին մեծ, նույնիսկ անպարկեշտ վարձատրություն։
Նման իրավիճակն անհանգստություններ է հարուցում ու ստիպում ավելի շատ մտածել ապագայի մասին, տեսականորեն պատկերացնել նոր մոդել, որին կհաջողվի արդյունավետորեն պայքարել այսպիսի անհավասարության դեմ։ Նույնիսկ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերն է վերջերս «նոր կապիտալիզմի» և խորը ցնցումների կոչ արել։
․․․Կապիտալիզմի և ժամանակակից ազատականության հիմնարար աշխատությունները ևս մեկ անգամ աչքի անցկացնելով, գիտակցում ես, որ աշխատավարձերի տարբերությունը, ինչպես և դրանով պայմանավորված ընդհանուր անհավասարությունը միանգամայն օրինական են, արդար և նույնիսկ բարոյական, – գրում է հոդվածի հեղինակը։ – … Տնտեսագետ Դավիդ Ռիկարդոն իր «Քաղաքական տնտեսության և հարկերի բաշխման սկզբունքներ» գրքում, որը հրատարակվել է 1817 թվականին, փոխաբերություն է կիրառում, որը մինչ այդ 1776 թվականին օգտագործել էր Ադամ Սմիթն իր «Ժողովուրդների հարստության պատճառների ու բնույթի մասին» հետազոտական աշխատանքում։ Խոսքը ջրի ու ադամանդների համեմատության մասին է։ Ջուրն արժեք չունի, քանի որ այն օգտակար է և հասանելի մեծ քանակություններով, մինչդեռ ադամանդը բարձր արժեք ունի հասարակության շրջանում, քանի որ փաստացի անօգուտ է, ինչի պատճառով էլ քիչ կա։
… Ջուրը կյանքի համար անհրաժեշտ նյութ է, դրա համար էլ բնության մեջ հանդիպում է մեծ քանակություններով, իսկ արդյունահանումը ծախսատար չէ և չի պահանջում մեծ աշխատանքային ռեսուրսներ։ Այդ իսկ պատճառով արժեքը փոքր է։ Բարոյական տեսանկյունից սա լավ է, քանի որ յուրաքանչյուրի համար դրա անսահմանափակ հասանելիություն է ստեղծվում։ Մյուս կողմից, ադամանդը ցուցադրական, անօգուտ բան է ու քիչ է հանդիպում։ Ստացման համար ահռելի տեխնիկական միջոցներ, ջանքեր ու աշխատանք է հարկավոր, զուտ որովհետև այն օգտակար չէ, և հետևաբար տարածված էլ չէ։
… Մեր ժամանակներում նույնն է տեղի ունենում բուժաշխատողների և ֆուտբոլիստների համեմատության դեպքում։ Բուժաշխատողներն օգտակար են, անհրաժեշտ ու անփոխարինելի, նրանց ծառայությունները թանկ չեն, նրանք քիչ են վարձատրվում, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ բժշկական աջակցության հնարավորություն ունենան։
Ինչ վերաբերում է ֆուտբոլիսնտներին․․․ ուղիղ խոսենք․ նրանք միանգամայն անօգուտ են, պարզապես դատարկ միապաղաղ խաղ խաղացողներ։ Այդ իսկ պատճառով էլ նրանք քիչ են, նրանց «արտադրությունը» աշխատանքային ժամանակի մեծ քանակություն է պահանջում։ Նեյմարը, Մբապպեն, Մեսսին ու Ռոնալդուն չեն կարող մեկը մյուսի հետևից անթիվ քանակությամբ վերարտադրվել, անկախ ուսումից ու մարզումներից։ Նրանք յուրօրինակ են, ինչի շնորհիվ բարձր են գնահատվում, քիչ ակումբներ կարող են իրենց նման խաղացողներ թույլ տալ։
… Սա մինչև վերջ հասկանալու համար եկեք ենթադրենք, որ այդպիսի բարոյական եզրակացությունը վերանայվում է։ Պատկերացրեք Covid-19-ի ճգնաժամը խառնում է խաղաքարտերն ու ստիպում դուրս գալ շուկայական գաղափարախոսությունից, պարտադրելով աննախադեպ բարձր գնահատականի արժանացնել առողջապահության ոլորտի աշխատակիցների, նաև դասախոսների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և այլ օգտակար մասնագիտությունների աշխատանքը։ Աշխատանքի բարձր գնահատմանը զուգընթաց նրանց ծառայությունների գինը կբարձրանա։ Նման բարձր աշխատավարձերը տնտեսական հավասարակշռության հետ տրամաչափելու համար անհրաժեշտ կլինի բարձրացնել նրանց հասանելիության գինը, դրանով իսկ սահմանափակելով մատչումը, ինչը բարոյական տեսանկյունից ոչ արդյունավետ և անպարկեշտ կդիտվի։ Այդպիսի օգտակար ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան միայն ապահովված մարդիկ։ Մյուսներին ոչինչ չի մնա։
Հենց այդ գաղափարն է առաջ բրդում կապիտալիզմը․ օգտակարությունը չպետք է լինի փոխարժեքի հիմքը, հակառակ դեպքում մարդկանց մեծամասնության համար կարգելափակվի հասանելիությունը ծառայություններին, որոնք իրապես օգտակար են։ Համամիտ ենք թե ոչ՝ էական չէ։ Մեզ միայն մնում է ազատականության ոգով բարոյախոսությամբ զբաղվել։
աղբյուրը՝ Slate.fr