Մշակույթի և երիտասարդության նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն, 2006թ. զբաղեցնելով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում Հայաստանի դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ, դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Այնուհետև 201.000.000 դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը, որից հետո դարձրել են այն նշված ՍՊԸ-ի սեփականություն և նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում՝ ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը, 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի միջոցով, օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը` այդկերպ փորձելով բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը», – ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Նախկին մշնախարարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Վերոհիշյալ ՀԿ-ի նախագահ, Իսրայելում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 դրամի չափով: